Թուրքիան նախատեսում է Ղրիմ ոչպաշտոնական պատվիրակություն ուղարկել՝ տեղեկանալու Ղրիմի թաթարների վիճակի մասին: Պատվիրակության կազմում կլինեն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և գործարարներ՝ ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Քիշնևում Մոլդովայի նախագահի և արտգործնախարարի հետ հանդիպումից հետո:
«Ցավոք, Ղրիմի կառավարությունը հրաժարվել է երկարաձգել թաթարական հեռուստաալիքի հեռարձակման արտոնագիրը: Մենք մտահոգված ենք այդ իրավիճակով, և նախագահ Թայիփ Էրդողանն այդ հարցը քննարկել է ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ: Մենք պատվիրակություն ենք ձևավորել, որը կուսումնասիրի թերակղզում մարդու իրավունքների վիճակը»,- ասել է նա:
Թուրքիայի արտգործնախարարությունը վստահ է, որ արտոնագրի ժամկետը երկարաձգելուց հրաժարվելը Ղրիմի թաթարների դեմ քաղաքական ճնշում կիրառելու օրինակ է: