Tagesspiegel գերմանական օրաթերթն ապրիլի 1-ի իր համարում անդրադարձել է Հայոց ցեղասպանության տարելիցի վերաբերյալ Դաշնային կառավարության դիրքորոշմանը: Հիմնական հարցադրումն է. «Ինչո՞ւ է կոալիցիայի հայցադիմումից անհետացել «ցեղասպանություն» բառը, Ցեղասպանության տարելիցի վերաբերյալ երեք հայցադիմում կներկայացվի Բունդեսթագի քննարկմանը»: Հեղինակներ Քորդուլա Օյբելն ու Հանս Մոնաթը «Մեծ կոալիցիան չի ցանկանում ընդհարվել Էրդողանի հետ» հոդվածում փաստում են, որ իշխող քրիստոնեադեմոկրատներն ու սոցիալ-դեմոկրատները Բունդեստագում խուսափում են Ցեղասպանությունն իր անունով կոչել:
«Դաշինք 90-Կանաչներ» քաղաքական ուժի դաշնային համանախագահ Ջեմ Օզդեմիրն անընդունելի է համարում Թուրքիայի և նախագահ Էրդողանի հանդեպ Գերմանիայի կոալիցիայի վերաբերմունքը: «Հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցից անմիջապես առաջ Բունդեստագում անհամաձայնություն կա հիշատակի պատշաճ արարողություն անցկացնելու շուրջ: Մինչ կանաչներն ու ձախերը կողմ են, որ Ցեղասպանությունը որպես այդպիսին անվանվի, կառավարությունում և
կոալիցիոն խմբակցությունների ղեկավարությունում վերապահումներ կան:
Նրանք վախենում են Թուրքիայի հետ կոնֆլիկտից, որ մինչ օրս մերժում է այն ժամանակվա ջարդերը որակել ցեղասպանություն»,- նշում են հոդվածագիրները: Ապրիլի 24-ին թեմայի շուրջ մեկժամանոց քննարկում-նիստ է հրավիրված Բունդեստագում, որին իշխանական կոալիցիան և ընդդիմությունը երեք տարբեր զեկույցներ կներկայացնեն: Միության (ՔԴՄ-ՔՍՄ) և սոցիալ-դեմոկրատների համատեղ զեկույցում, որը նրանք ցանկանում են ներկայացնել քննարկմանը, «ցեղասպանություն» եզրույթը միայն հիմնավորման մեջ է տեղ գտել, ինչպես տասը տարի առաջ Բունդեսթագի ընդունած բանաձևում էր: Վիճահարույց հասկացությունն անհետացել է կոալիցիայի տեքստից, Գերմանիայի օրենսդիր մարմնում անցած ամիսներին բոլոր խմբակցություններից պատգամավորներ ընդգրկող ոչպաշտոնական աշխատանքային մի խումբ տարելիցի կազմակերպման շուրջ քննարկումներ է անցկացրել: Ջեմ Օզդեմիրի ու Բունդեստագի փոխնախագահ, ձախերից պատգամավոր Պետրա Պաուի համար պարզ է, որ իրենք իրենց խմբակցություններով ցանկանում են Ցեղասպանությունն իր անունով կոչել: ՔԴՄ-ՔՍՄ և Գերմանիայի ՍԴԿ խմբակցությունների զեկուցողներ Քրիստոֆ Բերգներն ու Դիթմար Նիթանը ցանկանում են ավելին անել, քան 10 տարի առաջ է արվել:
Անցած շաբաթվա ավարտին իշխող կոալիցիայի համատեղ զեկույցում «ցեղասպանություն» բառը տեղ էր գտել տեքստի վերտառությունում: Խմբակցությունների ղեկավարության և ԱԳՆ հետ տեքստի վերամշակումից հետո, «վիճահարույց» հասկացությունը անհետացել է: Կոալիցիայի պատգամավորներն իրենց հաջորդ նիստի ժամանակ՝ ապրիլի 21-ին, վերջնական քվեարկության կդնեն հայցադիմումը: Ըստ Tagesspiegel-ի հրապարակման՝ հավանական է, որ «ցեղասպանություն» եզրույթը կրկին միայն հիմնավորման մեջ հիշատակվի: Սոցիալ-դեմոկրատ Նիթանը ցավալի է համարում իրողությունը. «Անձամբ ես հիասթափված եմ, որ կարևոր պահին համարձակության պակաս կա՝ մի անգամ արտաբերելու այն, ինչն իրականում տեղի է ունեցել»: Նա հավատացած է, որ եթե Գերմանիայի խորհրդարանը Ցեղասպանությունը բաց տեքստով անվանի, կամրացնի Թուրքիայի այն քաղաքացիական հասարակության մեջքը, որ ջանք է գործադրում առերեսման ուղղությամբ: Գերմանիայի ԱԳՆ Եվրոպայի հարցերով պետնախարար Միխայել Ռոթը (սոցիալ-դեմոկրատ) կարծում է, որ հիշողության մշակույթը չի կարող դրսից կամ վերևից կարգադրվել՝ տարածություն և ժամանակ է պահանջում, որ աճի հասարակությունում: Նա ողջունում է, որ «հայերի մեծ ցավը, աքսորն ու սպանդը» մի քանի տարի է՝ տաբու չեն Թուրքիայում և բաց ու քննադատական քննարկում է տարվում: ԱԳՆ-ի պաշտոնյան մեկնաբանում է, որ Դաշնային կառավարությունը վճռական ջանքեր է գործադրում, որ 1915-1916 թթ. հայերի ջարդերն ու աքսորը համապարփակ գիտական բանավեճի շրջանակներում ուսումնասիրվեն և գնահատվեն: Ջ. Օզդեմիրը հիշեցնում է հայերի ցեղասպանության իրագործման հարցում Կայսերական Գերմանիայի մեղքը: Հոդվածի հեղինակները նշում են, որ կանաչների քաղաքական գործիչն իր կուսակից Էքին Դելիգյոզի հետ վերջերս եռօրյա այցով Հայաստան էր մեկնել: Օզդեմիրը համարում է, որ ապրիլի 24-ի առիթն արժանի չէ նրան, որ այդ օրը Հայաստանում ոչ թե կանցլեր Անգելա Մերկելն է լինելու, այլ պետնախարար Ռոթը: Նա հավատացած է, որ Գերմանիան իր դիրքորոշման փոփոխությամբ շատ դրական տեղաշարժ կապահովի տարածաշրջանում՝ ճնշում գործադրելով Անկարայի վրա Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու և հայ-թուրքական սահմանի բացման հարցում. «Փոխարենը Հայաստանին էլ ավելի նետելու Ռուսաստանի ձեռքը, Թուրքիայի հետ սահմանի բացումը Երևանի համար կարող է նաև դեպի Եվրոպա դարպաս լինել»։ Tagesspiegel-ի այս հրապարակումը արտատպել է Zeit օրաթերթը: