Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը պետական հեռուստաընկերությամբ հայտարարել է, որ Թեհրանը կարող է վերսկսել միջուկային ծրագիրն ամբողջությամբ, եթե Արևմուտքը հրաժարվի ապրիլի 2-ին ձեռք բերված համաձայնությունից։ Ըստ մեկնաբանների՝ նրա արձագանքը ուղղված է Լոզանի համաձայնությունը խստորեն քննադատող իրանցի պահպանողական քաղաքական գործիչներին։ Իրանի ռազմական ղեկավարը ողջունել է միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը։ Գեներալ Հասան Ֆիրուզաբադիի ողջույնի խոսքը տեղադրվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի կայքում։