Կիևը պատրաստ է հանրաքվե անցկացնել երկրի պետական կառուցվածքի հարցով՝ հայտարարել է ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Սահմանադրական հանձնաժողովի նիստի ժամանակ: «Նրանց համար, ովքեր շատ են ուզում առաջ մղել դաշնայնացման գաղափարը, մենք ունենք վերջնական փաստարկ՝ հանրաքվե: Ես պատրաստ եմ ՈՒկրաինայի պետական կառուցվածքի շուրջ հանրաքվեին, եթե դուք անհրաժեշտ համարեք», - ասել է ՈՒկրաինայի նախագահը: Մինսկի համաձայնությունները ենթադրում են ՈՒկրաինայի նոր Սահմանադրության ընդունում՝ մինչև 2015-ի վերջը: Բարեփոխման հիմնական պայմանը իշխանությունների ապակենտրոնացումն է: Պյոտր Պորոշենկոն ընդգծել է, որ ապակենտրոնացումն ընդհանրություն չունի դաշնայնացման հետ: «ՈՒկրաինան եղել է, կա ու, ես վստահ եմ, կմնա միատարր պետություն»,- ասել է նա՝ վստահություն հայտնելով, որ պետության միատարր մոդելին աջակցում է երկրի բնակչության 90 տոկոսը: