Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Էդվարդ Նալբանդյան. «Հայաստանը այսուհետ ևս շարունակելու է բանակցությունները ԵՄ-ի հետ»

Էդվարդ Նալբանդյան. «Հայաստանը այսուհետ ևս շարունակելու է բանակցությունները ԵՄ-ի հետ»
09.04.2015 | 00:55

Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, և այդ հարաբերությունները նոր մակարդակի են բարձրացել, Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո ասել է Սերգեյ Լավրովը:
Ոչ ոք չի ուզում, որ հակամարտությունը Ղարաբաղում անցնի տաք փուլի, այսօր հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ բանակցություններին հաջորդած ասուլիսում:
«Մտքներովս էլ չենք անցկացնի, թե հակամարտությունը կտեղափոխվի տաք փուլ: Համոզված եմ, որ չնայած հռետորությանը՝ շահագրգիռ կողմերից ոչ մեկը դա չի ուզում»՝ ասել է Լավրովը: «Բոլոր գործողությունները ուղղված են հնարավորինս շուտ փոխադարձաբար ընդունելի լուծում գտնելուն»,- նշել է նա, հավելելով, որ Ռուսաստանը կշարունակի ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ Հայաստանի և Ադրբեջանի համար փոխադարձաբար ընդունելի հիմքի վրա կարգավորման պայմաններ ստեղծելու ուղղությամբ:
«Մենք գնահատականներ փոխանակեցինք Անդրկովկասում իրավիճակի վերաբերյալ, ներառյալ՝ ղարաբաղյան կարգավորման պրոբլեմատիկան»,- հայաստանցի գործընկերոջ հետ հանդիպման մասին տեղեկացրել է Ռուսաստանի արտգործնախարարը: Նալբանդյանը նույնպես շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում բանակցություններին այլընտրանք չկա:
«Ադրբեջանը մինչ օրս մերժում է Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունները և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման էության, և վստահության միջոցների ամրապնդման առնչությամբ, բայց բանակցություններին այլընտրանք չկա»,- ասել է Հայաստանի արտգործնախարարը:
«Հայաստանը մեր դաշնակիցն է: Մենք գնահատում ենք հարաբերությունները, որ դարերի խորքն են գնում, ամրապնդված են մեր ժողովուրդների պատմական, մշակութային և հոգևոր մերձությամբ: Այդ հարաբերությունները որակական նոր մակարդակի են բարձրացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված»,- ընդգծել է Լավրովը: Նախարարները կարևորել են նաև երկու երկրների միջև համագործակցության իրավապայմանագրային բազայի կատարելագործումը, առևտրատնտեսական և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտներում գործադրվող ջանքերը: Լավրովը նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի ապրանքաշրջանառությունը «վատ չէ»՝ 2014-ի արդյունքներով կազմել է 1,4 միլիարդ դոլար և շարունակում է աճել: «Լավ է զարգանում փոխգործողությունը վառելիքաէներգետիկ ոլորտում, ներդրումների բնագավառում, բանկային ոլորտում»,- ասել է նա՝ հայտնելով նաև, որ ծրագրվում է համագործակցություն Հայկական ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում Ռուսաստանի ֆինանսական օժանդակության հատկացման բնագավառում: Նալբանդյանը ևս նշել է Ռուսաստանի հետ տնտեսական կապերի բարձր մակարդակը:
Ասուլիսի ժամանակ հայտարարվել է, որ առաջիկայում Հայաստան է ժամանելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Թեև կոնկրետ ժամկետ չի նշվել, սակայն ՀՀ արտգործնախարարը ասել է, որ այցը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում է: Նալբանդյանը նաև հույս է հայտնել, որ բացի այդ՝ ՀՀ և ՌԴ նախագահները կհանդիպեն մայիսին Մոսկվայում․ խոսքը մայիսի 8-9-ի մասին է, երբ Ռուսաստանի մայրաքաղաքում ծրագրված են Մեծ հայրենականում հաղթանակի 70-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ: Հայաստանցի լրագրողի հարցին՝ արդյոք պատրա՞ստ է Ռուսաստանը կատարել իր պարտավորությունները, եթե ԼՂՀ- ի շուրջ իրադարձությունները անցնեն լայնածավալ պատերազմական գործողությունների, քանի որ այսօր Ադրբեջանը սպառնալիքներ է հնչեցնում ոչ միայն Ղարաբաղի, այլև հենց Հայաստանի հասցեին, Լավրովը պատասխանել է, որ բոլոր պարտավորությունները արձանագրված են Հավաքական անվտանգության պայմանագրում, և այդ պայմանագրում նշված են բոլոր այն կետերը, որոնց դեպքում են կատարվելու այդ պարտավորությունները:
Ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալության լրագրողը Նալբանդյանին խնդրել է մեկնաբանել փաստը, որ Հայաստանը, լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ, շարունակում է բանակցությունները ԵՄ-ի հետ: Հայաստանի արտգործնախարարը ընդգծել է, թե սա պաշտոնական Երևանի դիրքորոշումն է և պարզ դիրքորոշում է, որ Հայաստանը այսուհետ ևս շարունակելու է բանակցությունները ԵՄ-ի հետ, խորացնելու է հարաբերությունները ԵՄ-ի հետ բոլոր ոլորտներում` պարզապես հաշվի առնելով պարտավորությունները, որ երկիրը ստանձնել է ԵԱՏՄ-ին անդամակցելիս:

Դիտվել է՝ 651

Մեկնաբանություններ