Արևելյան ՈՒկրաինայում «սառած» հակամարտության զարգացման մտավախությունների ֆոնին բրիտանական BBC հեռուստառադիոկորպորացիայի լրագրող Ռեյհան Դեմիտրին հետազոտել է կյանքը նախկին Խորհրդային Միության ամենաձգձգված հակամարտություններից մեկի գոտում՝ Լեռնային Ղարաբաղում:
Չնայած 20 տարվա հրադադարին՝ տարածքը խիստ ռազմականացված է: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հաճախակի կրակոցներ են հնչում, և վերջին ամիսներին կտրուկ աճել է զոհերի թիվը:
Այսօր Լեռնային Ղարաբաղով երթևեկելիս հնարավոր է տեսնել շատ լքված տներ, որոնց մի մասն ավերակների մեջ է, մի մասը մնացել է կողպված, բայց ժանգոտած դարպասների հետևում աճած այգիներով: «Ժամանակը, թվում է, սառել է այստեղ: Բայց հակամարտությունն ինքնին շատ կենդանի է»,- ասում է լրագրողը՝ նշելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ անցկացվող բանակցություններն աննշան առաջընթաց են գրանցել: «Լեռնային Ղարաբաղը միջազգային հանրության կողմից համարվում է Ադրբեջանի մաս, բայց հայ բնակիչներն իրենց Արցախի Հանրապետության բնակիչներ են անվանում»,- ասում է լրագրողը՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի ներկա կարգավիճակը: Հիասթափված դիվանագիտական լուծման բացակայությունից՝ Ադրբեջանի ղեկավարությունը սպառնացել է հետ վերցնել տարածքը ռազմական ճանապարհով: Նավթով հարուստ Ադրբեջանը միլիարդավոր դոլարներ է ծախսում ժամանակակից զենք ձեռք բերելու համար, նշում է BBC-ի լրագրողը՝ շեշտելով, որ զենքի մեծ մասը մատակարարում է Ռուսաստանը, ինչը բացասաբար է ընդունվում Հայաստանում:
Հայաստանը Ռուսաստանին ռազմավարական դաշնակից է համարում, և Հայաստանում է գտնվում տարածաշրջանում Ռուսաստանի միակ ռազմաբազան, նշում է լրագրողը՝ հիշեցնելով վերջերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու խնդրի շուրջ մտահոգությունների մասին: BBC-ին տված հարցազրույցում Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյանը ասել է՝ առանց Լեռնային Ղարաբաղը խաղաղության գործընթացում ներառելու՝ չի լինի հակամարտության լուծում: