Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել է, թե խորապես հիասթափված և վշտացած է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հռոմի Ֆրանցիսկոս պապի հայտարարություններից։ Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ, պապի հայտարարություններից անմիջապես հետո Անկարայում Վատիկանի դեսպանին հրավիրել են Թուրքիայի արտգործնախարարություն՝ դժգոհություն հայտնելու։ Հանդիպումից հետո տարածած հայտարարությունում Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը պնդել է, թե պապի ուղերձը հակասում է խաղաղության և երկխոսության իր իսկ կոչին, որով Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետը հանդես էր եկել նոյեմբերին այդ երկիր այցի ժամանակ։ Նախարարությունը հայտնել է, թե պատրաստվում է պատասխանել ապի հայտարարություններին։ Թուրքիայի արտգործնախարարությունը նաև խտրական է որակել ուղերձը, քանի որ, ըստ Անկարայի, հիշատակում է միայն քրիստոնյա հայերի և «ոչ մահմեդականների ու այլ կրոնական խմբերի» տառապանքները։