Մարդկությունը, թվում է, չի կարողանում դադարեցնել անմեղ արյուն թափելու սովորությունը։ Այս մասին հայտարարել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը՝ ապրիլի 12-ին, Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված սուրբ պատարագի ժամանակ, գրում է իտալական Repubblica թերթը։ «Ցեղասպանությունից տուժել է հայ ժողովուրդը, նրանց հետ նաև սիրիացի կաթոլիկները և ուղղափառները, ասորիները, խալդերն ու հույները։ Սպանել են եպիսկոպոսներին, հոգևորականներին, հավատացյալներին, կանանց, տղամարդկանց, ծերերին ու անգամ երեխաներին ու անօգնական հիվանդներին»,-հայտարարել է պոնտիֆիկը։
«Արդեն մեր ժամանակներում զանգվածային սպանություններ են տեղի ունենում Կամբոջայում, Ռուանդայում, Բուրունդիում։ Այդ ամենից հետո մարդկությունը, թվում է, ունակ չէ դադարեցնել անմեղ արյուն թափելու սովորությունը»,- հավելել է Ֆրանցիսկոս պապը։ Թեև նախորդ տարի Թուրքիայի վարչապետ, հիմա արդեն նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն առաջին անգամ ցավակցություն հայտնեց զոհերի սերունդներին, Թուրքիայի կառավարությունը հրաժարվում է ճանաչել Ցեղասպանությունը։ Դա էլ հենց ԵՄ-ի հետ Թուրքիայի անընդհատ տարաձայնությունների պատճառ է դառնում։ Հռոմի պապի շուրթերից «ցեղասպանություն» բառը ուժեղ քաղաքական ուղերձ է ցեղասպանության տարելիցի նախաշեմին, գրում է թերթը։ «Աստված տա, հայ և թուրք ժողովուրդները կրկին գնան հաշտության ճանապարհով, և Աստված տա, որ խաղաղություն հաստատվի Լեռնային Ղարաբաղում»,-հայտարարել է Հռոմի պապը՝ հայերին ուղղված ուղերձում։ Նախկինում հայ և թուրք ժողովուրդները, չնայած տարբերություններին ու տարաձայնություններին, ապրել են խաղաղությամբ։ Անգամ պատերազմի սարսափների տարիներին եղել են փոխօգնության դեպքեր։ «Միայն նոր սերնդի նման ոգին կարող է ճանապարհ բացել դեպի նոր ապագա»,- ամփոփել է Ֆրանցիոսկոս պապը։