ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Երևան ժամանած ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերին: Նախարարը կարևորել Եվրոպայի խորհրդի աշխատանքներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը։
Երկուստեք կարևորվել են Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման և մարդու իրավունքների պաշտպանության բնագավառներում իրականացվող քայլերը: Անդրադառնալով ԵԽ դերակատարությանը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում` Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության նախաձեռնած հայտարարությանը միացել են վեհաժողովի 150 անդամներ։ Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների քայլերը և անդրադարձել է ղարաբաղյան հիմնահարցի մասին զեկույց պատրաստելու ԵԽԽՎ որոշմանը ՝ շեշտելով, որ պետք է զերծ մնալ զուգահեռ կառույցներ, ձևաչափեր կամ աշխատանքային խմբեր ստեղծելուց, որոնց աշխատանքը կարող է վնասել եռանախագահների գործունեությանը: Նախարարի խոսքերով հարկավոր է զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են վնաս հասցնել ընդհանրապես բանակցային գործընթացին։ «Սա վերաբերում է հատկապես այն զեկուցողներին, ում նկատմամբ կողմերից մեկը, տվյալ պարագայում` Ադրբեջանը, ամենաբարձր մակարդակով անվերջ շնորհակալություն է հայտնում՝ Բաքվի դիրքորոշմանը շարունակական աջակցության համար»,- ասաց Հայաստանի արտգործնախարարը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան - Եվրոպայի խորհուրդ փոխգործակցության հարցերի շուրջ: