Լեռնային Ղարաբաղի հարցն իսկապես հուզում է Եվրոպային: Ապրիլի 13-ին, Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը: «Ղարաբաղն իսկապես պետք է հուզի մեզ բոլորիս, քանի որ վերաբերում է քաղաքացիների, որոնք ԵԽ անդամ եվրոպական 47 երկրների ընտանիքի անդամ են: Երկխոսությունը միակ ելքն է, որի օգնությամբ պետք է լուծում գտնվի: Բռնությունը երբեք պատասխան չպետք է լինի»,-հայտարարել է ԵԽԽՎ նախագահը: ԼՂ հակամարտության կարգավորման գործում իր համեստ ներդրումն ունենալու համար ԵԽԽՎ-ն զեկույց է պատրաստում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: Նրա խոսքով՝ այդ փաստաթուղթը միջամտություն չի լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին, ավելի շատ առաջարկ կլինի, քան ցուցում: Անն Բրասերն ընդգծել է, որ զեկույցը հավասարակշռված լինելու համար ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությանը խորհուրդ են տալիս մասնակցել այդ գործընթացին: