Անկարան պնդում է, որ Հռոմի պապի վերջին հայտարարությունների դրդապատճառները նրա արգենտինական ծագումն է և հայերի հետ վաղեմի կապերը: Թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում Եվրամիության հետ կապերի գծով նախարար Վոլքան Բոզկիրը ասել է. «Ֆրանցիսկոս պապը Արգենտինայի քաղաքացի է: Իսկ մենք գիտենք, թե ինչ խոր արմատներ ունի այդ երկրում գործող հայ համայնքը: Այնպես որ, կարծում եմ` հենց այս գործոնները դեր խաղացին Հռոմում կիրակի օրը հնչեցված հայտարարությունների դեպքում»,- նշել է թուրք նախարարը՝ հավելելով, թե տարօրինակ է, երբ արգենտինական ծագում ունեցող մարդն է խոսում ցեղասպանության մասին: «Մեկ անգամ ևս ուզում եմ հիշեցնել, որ Հռոմի պապը ներկայացնում է մի երկիր` Արգենտինան, որը ժամանակին ապաստան էր տրամադրում գերմանացի նացիստներին, գործիչների, ովքեր անասելի հանցագործություններ էին կատարել մարդկության դեմ»,- հայտարարել է Բոզկիրը:
Թուրքիայի խորհրդարանի` Ազգային մեծ ժողովի նախագահ Ջեմիլ Չիչեքը ևս բավական կոշտ հայտարարություններ է հնչեցրել կաթոլիկ եկեղեցու հովվապետի հասցեին: «Այդ ժամանակաշրջանում հայերը միակը չէին, ովքեր մեծ զրկանքներ կրեցին: Նույնը կարելի է ասել թուրքերի և քրդերի մասին: Օսմանյան կայսրությունում բնակվող բոլոր մահմեդականներն էլ ահավոր տառապանքների ու զրկանքների միջով են անցել»,- հայտարարել է թուրքական խորհրդարանի նախագահը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը երկուշաբթի երեկոյան Նյու Յորքում հայտարարել է. «ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը 1915 թվականի հայերի հալածանքները դաժան հանցագործություն է համարում, դրա հետ մեկտեղ չի շտապում տեղի ունեցածը որպես ցեղասպանություն որակել: Գլխավոր քարտուղարը համոզված է, որ ոգեկոչելով զոհերի հիշատակը, հիշելով 1915 թվականի իրադարձությունները, տեղի ունեցածի վրա լույս սփռելուն ուղղված համագործակցություն ծավալելով` մենք կամրապնդենք մեր ընդհանուր ձգտումը` երբեք այլևս թույլ չտալ նման ոճրագործության կրկնությունը»:
Գերմանիայի կառավարության խոսնակ Քրիստիան Վիրցը, անդրադառնալով Ֆրանցիսկոս պապի հայտարություններին, նշել է. «Գերմանիայի կառավարությունը չի ցանկանում միջամտել այս խնդրին: Սա հարց է, որով պետք է զբաղվեն փորձագետներն ու պատմաբանները»: Եվրամիության ներկայացուցիչ Մայա Կոցիյանչիչը մեկ անգամ ևս կոչ է արել Երևանին և Անկարային լրջորեն մտածել հարաբերությունները բարելավելու մասին: «Կողմերը պետք է հավելյալ, իմաստալից քայլեր ձեռնարկեն, որոնք լիակատար հաշտեցման հնարավորություն կարող են ստեղծել»,- ասել է նա: