Եվրոպական խորհրդարանն ապրիլի 15-ին հաստատելու և վերահաստատելու է 1987-ի որոշումը, որով դատապարտել է Հայոց ցեղասպանությունը՝ ասել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի հաղորդակցության պատասխանատու Պետրոս Դեմիրճյանը: Նա հայտնեց, որ սա հատուկ բանաձև է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, որով կոչ են անում Թուրքիային ճանաչել և ընդունել իր անցյալը, իսկ եվրոպական պետություններին՝ ընդունել Հայոց ցեղասպանության փաստը: «Այս բանաձևը խորհրդարան է մտել Հայ դատի և ֆրանսիացի ազատական պատգամավոր Ժան Մառի Քավադայի նախաձեռնությամբ: Մենք քննարկումներ ենք անցկացրել, մեր առաջարկները ներկայացրել, որից հետո բոլոր քաղաքական խմբակցություններն են իրենց առաջարկները ներկայացրել: Բանաձևի վերջնական տարբերակը պատրաստ կլինի այսօր երեկոյան: Իսկ վաղն արդեն Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստին կլինի քննարկումը, ապա քվեարկությունը»,- ասաց նա: Հայ դատի գրասենյակի ներկայացուցչի խոսքով՝ խորհրդարանն ամենայն հավանականությամբ ընդունելու է բանաձևը: