Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

ԵԽ պատգամավորները կոչ արեցին Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԵԽ պատգամավորները կոչ արեցին Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը
16.04.2015 | 12:26

Եվրոպայի խորհրդարանում մեկնարկած՝ Հայոց ցեղասպանության մասին բանաձևի նախագծի քննարկմանը ԵԽ պատգամավորները կոչ արեցին Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
«Մենք այստեղ ենք, որ կոչ անենք Թուրքիայի կառավարությանը` ճանաչել Ցեղասպանությունը: Սա դժվար քայլ է, ինչպես գերմանացիների համար դժվար էր ընդունել այն, ինչ տեղի էր ունեցել հրեաների հետ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում: Կարևոր է, որ ազգերն ընդունեն այն, ինչ արել իրենց նախնիները: Եվ ես կարծում եմ, որ պարոն Էրդողանը կհամաձայնի սրա հետ: Սա պաշտոնական և կոլեկտիվ հիշողության հարց է»,- ասել է ԵԽ ռումինացի պատգամավոր Քրիստիան Դան Պրեդան՝ հավելելով, որ Հայոց ցեղասպանությունը պետք է լինի ազգային առաջնորդների քննարկվելիք հարցը, ոչ թե գիտնականների:
Լատվիայից պատգամավոր Զանդա Կալինինա Լուկաշևիչան հիշեցրել է, որ Եվրոպական խորհրդարանի վերջերս ընդունած բանաձևը կոչ է արել ԵՄ անդամ բոլոր պետություններին որպես ցեղասպանություն ճանաչել Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածները և խրախուսել հետագայում էլ օժանդակել այս առաքելությանը: ««Եվրանեսթ»-ի այս տարի ընդունած բանաձևը, որը նույնպես անդրադառնում է այս թեմային, այն տեսլականն է ընդգրկում, որ ժողովուրդների ապագա հաշտեցման համար հող նախապատրաստելն առանցքային կարևորություն ունի: Հայաստանն այս իրադարձություններին վերաբերում է որպես ցեղասպանության: ԵՄ անդամ որոշ երկրներ նույնպես պաշտոնապես ճանաչել են և այդ մասին օրենքներ ընդգրկել իրենց ազգային օրենսդրությունում: Այնուամենայնիվ, դեռևս ընդհանուր համաձայնություն չկա 100 տարի առաջ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների սահմանման հարցում»,- նշել է Լուկաշևիչան՝ ընդգծելով, որ 1915-ի ողբերգական իրադարձությունները մեծ ազդեցություն ունեն հայ-թուրքական հարաբերությունների վրա, և երկու կողմերի հարաբերությունների կարգավորման համար պետք է կարգավորել այս խնդիրը: Հայոց ցեղասպանության վերաբերյալ այս բանաձևի ընդունման կարևորությունն ընդգծել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ ՈՒլրիկե Լունաչեկը: Թուրքական «Դողան» գործակալությանը տված հարցազրույցում ԵԽ փոխնախագահ Անտոնիո Տայանին, անդրադառնալով ապրիլի 15-ին կայանալիք քննարկմանը, նշել էր. «Ոչ ոք որևէ օգուտ չունի Հայոց ցեղասպանությունը ժխտելուց»: Նրա խոսքով` քննարկման դրված բանաձևն աշխարհին ուղղված ուղերձ է, որ «այլևս ցեղասպանություններ չլինեն»: Անկարայից Աստանա թռչող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը օդանավակայանում լրագրողներին ասել էր, որ անտարբեր է Եվրախորհրդարանի բանաձևի նկատմամբ՝ իր մի ականջից մտնելու է, մյուսից դուրս գա:

Դիտվել է՝ 750

Մեկնաբանություններ