ՈՒղիղ կապի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հարց ուղղվեց՝ մենք չվրիպեցի՞նք պահը, երբ ՈՒկրաինան սկսեց անջատվել Ռուսաստանից: Հարցը տրվեց այն նկատառումով, որ նույնը կարող է կրկնվել Ղրղզստանում ու Հայաստանում, հետխորհրդային տարածքում, որտեղ չափազանց ակտիվ է գործում Արևմուտքը: Ղրղզստանում, օրինակ, ամերիկացիները ֆինանսավորում են 1200 ՀԿ-ների, որ զբաղվում են քաղաքական գործունեությամբ: Որքա՞ն է Ռուսաստանը այդ նպատակով ծախսում, շատ ավելի քիչ: Պատասխանում Վլադիմիր Պուտինը հերքել է, որ Ռուսաստանը ՈՒկրաինայի անջատման պահը վրիպել է: Որևէ անջատում չի եղել: «ՈՒկրաինան անկախ պետություն է, և պետք է հարգանքով վերաբերվել այդ փաստին: Մենք ինքներս ենք անջատվել, երբ 90-ականի սկզբին ընդունեցինք Ռուսաստանի Դաշնության սուվերենության որոշումը: Մենք նրանց ազատեցինք մեզնից: Ինքներս, դա մեր որոշումն էր: ՈՒ եթե անջատվել ենք, պետք է հարգանքով վերաբերվենք նրանց անկախությանը: ՈՒկրաինայի ժողովրդի ընտրությունն է՝ ինչպես հարաբերություններ կառուցել: ՈՒկրաինայի նախորդ ճգմաժամի ժամանակ, որը ևս բավականին սուր էր, իշխանության եկան պարոն Յուշչենկոն ու Յուլյա Տիմոշենկոն: Ինչպե՞ս: Նախագահական ընտրությունների երրորդ փուլով, որը նախատեսված չէ Սահմանադրությամբ: Դա կվազիհեղաշրջում է: Այն ժամանակ գոնե արյուն չթափվեց: Մենք ընդունեցինք ու աշխատեցինք բոլորի հետ: Բայց հիմա հասան պետական հեղաշրջման: Մենք դա ընդունել չենք կարող: Այդ ծայրահեղ ազգայնականությունը անընդունելի է: Այդ պատճառով մենք պետք է հարգանքով վերաբերվենք մյուս երկրներին ու կառուցենք մեր փոխհարաբերությունները: Իսկ այնտեղ արդեն մեր վերահսկողությունից դուրս գոտի է, նկատի ունենալով, որ, այնուամենայնիվ, անկախ պետություններ են և միջամտել մենք չենք կարող, դա սխալ կլինի: Մենք հարաբերություններ ենք զարգացնում, ԵԱՏՄ-ի շրջանակներում, Ղազախստանի ու Բելառուսի հետ: Ո՞րն է այդ միավորումների իմաստը: Նրանց մեր կողմը քաշելո՞ւ մեջ, ոչ: Իմաստը՝ որ մեր երկրներում ապրող բոլոր մարդիկ սկսեն ավելի լավ ապրել, որ սահմանները բաց լինեն: Մեզ համար ի՞նչ տարբերություն, թե ռուս մարդը այս տարածքում է ապրում, կամ հարևան՝ սահմանից այն կողմ, եթե նա հնարավորություն ունի ազատ տեսակցել ազգակիցներին, եթե նրա կենսամակարդակը բարձրանում է, եթե իրեն լիարժեք մարդ է զգում, չեն ոտնահարվում նրա իրավունքները, չեն արգելում մայրենի լեզվով խոսել: Եթե այդ ամենը կա, մեզ համար ի՞նչ տարբերություն: Մենք այդպիսի հարաբերություններ ունենք և Ղազախստանի, և Բելառուսի հետ, հիմա նաև՝ Հայաստանի ու Ղրղզստանի հետ: Մենք շատ ենք ուզում, որ այդ գործընթացը զարգանա: Դա է ամենագլխավորը, հիմնականը, ոչ թե մեր ազեցության ոլորտում պահելը: Մենք չենք պատրաստվում կայսրությունը վերականգնել, թեև մեզ մշտապես մեղադրում են: Դա նորմալ, ինտեգրացիոն գործընթաց է: Ամբողջ աշխարհն է այդ ճանապարհով գնում՝ Լատինական Ամերիկան, Հյուսիսային Ամերիկան՝ Կանադան, ԱՄՆ-ը, Մեքսիկան, ամբողջ Եվրոպան, նույնը Ասիայում է կատարվում, իսկ մեզ անընդհատ մատնացույց են անում, թե կայսրություն ենք վերականգնում: Ինչո՞ւ: Ընդգծում եմ՝ կայսրությունը վերականգնելու ցանկություն մենք չունենք: Մենք չունենք կայսերական հավակնություններ: Բայց ապահովել արժանապատիվ կյանք, այդ թվում՝ ռուսների համար, որ ապրում են սահմանից դուրս, ԱՊՀ երկրներում, մենք կարող ենք՝ զարգացնելով փոխգործակցությունն ու համագործակցությունը»,-ասաց Վլադիմիր Պուտինը: