Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը եկող շաբաթ Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությունների ժամանակ կարող է 100 տարի առաջ կատարվածն իր անունով կոչել՝ գենոցիդ՝ գրում է գերմանական Tagesspiegel պարբերականը։ Եթե նախագահը ասի այդ բառը, ամոթալի հարված կլինի կառավարությանը, որը խուսափում է ցեղասպանություն բառից։ Կառավարական շրջանակներում ցեղասպանություն եզրից խուսափողների քննադատների թիվը մեծանում է: Կարտասանի՞ արդյոք Յոահիմ Գաուկը այդ բառը, որը իշխող կոալիցիան ՆԱՏՕ-ի գործընկեր Թուրքիայի հանդեպ ունեցած հարգանքից չի ցանկանում հիշատակել։ Արդեն շաբաթներ շարունակ խորհրդարանական ուժերը վիճում են 1915-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածը հստակ Ցեղասպանություն որակելու վերաբերյալ։ Գերմանիայի քրիստոնեական եկեղեցիների հրավերով նախագահ Գաուկը ապրիլի 23-ին Բեռլինի մայր տաճարում կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված էկումենիկ աղոթքին, որի ավարտին նախագահը ելույթ է ունենալու։ Միայն աղոթքին մասնակցելու փաստը իշխող կոալիցիայի համար պետք է հստակ ցուցում լինի, որ Գաուկը առանց դիվանագիտական այլևայլությունների Ցեղասպանությունն իր անունով է կոչելու, եզրափակում է Tagesspiegel-ը։