Ռուսաստանի Սոչի քաղաքի իշխանությունները խոչընդոտում են Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների անցկացմանն ու պաստառներ կախելուն:Սոչիի հայկական կազմակերպությունները քաղաքում 6 բաններ են տեղադրել Հայոց ցեղասպանության թեմայով, սակայն քաղաքային իշխանությունները պահանջել են հանել: Հայկական կազմակերպությունների անդամներին կանչել են քաղաքապետարան վերջնագիր ներկայացնելու, որ հայերն իբր Թուրքիայի համար անցանկալի արձագանք առաջ չբերեն: Համացանցում տարածվել է քաղաքի ոստիկանապետ Սերգեյ Օգուրցովի նախազգուշացումը «Ժողովրդական հիշողություն» կազմակերպությանը, որում նշված է, որ «Ռուսաստանի հայերի միության Սոչիի կազմակերպությունը «Ժողովրդական հիշողություն» ՀԿ-ի հետ պետք է հանի 1915-1923 թթ. Թուրքիայում հայ ժողովրդի (ցեղասպանության) խորհրդանիշերի հետ կապված բաններները, չեղյալ անի ապրիլի 18-ին նախատեսված միջոցառումը: Թույլատրվել է միջոցառումներ անցկացնել ապրիլի 19-ին, 23-ին և 24-ին: Չթույլատրված հրապարակային միջոցառումներ անցկացնելու դեպքում կազմակերպիչները պատասխանատվության են ենթարկվելու երթերի, հանրահավաքների, պիկետների, էքստրեմիստական գործունեության մասին և ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքներով:
Սոչիի ոստիկանապետը սպառնացել է հայերին «Էքստրեմիստական գործունեությանը հակազդման» և «Ահաբեկչության հակազդման» մասին Դաշնային օրենքներով։ Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գերման Անանյանցն արդարացել է, որ Ռուսաստանը բազմազգ, բազմաթիվ թուրքեր ու ադրբեջանցիներ են ապրում, և չպետք է առաջացնեն այլ ազգերի դժգոհությունը: Սոչիում ժամանակին հայերին ստիպել են հանել Զորավար Անդրանիկի արձանը: Սոչիի բնակչության գրեթե մեկ երրորդը հայ է: Սոչիից բացի, նույն վիճակն է Ռուսաստանի այլ քաղաքներում: Հայերը լավագույն դեպքում «էքստրեմիստներ» են, ինչպես ռուսները որակում էին 1988-ի շարժումը: Այդ վերաբերմունքը թուրքերի ու ադրբեջանցիների պահանջով է: ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Եվրոպայի այլ քաղաքներում, որտեղ պետական իշխանությունները չեն խոչընդոտում հայերի հիշատակի արարողություններին, նույնպես թուրքեր ու ադրբեջանցիներ են ապրում: