Թուրքական «Անադոլու» գործակալությունը տեղեկացնում է, որ Թուրքիայի նախագահն ապրիլի 17-ին հանդիպել է Քոջաելիի բնակիչների հետ: Հանրահավաքին ներկա են եղել հազարավոր մարդիկ, հեռարձակել են թուրքական հեռուստաալիքները: Էրդողանն իր ելույթի մի մասը տրամադրել է Հայաստանի հետ հարաբերությունների, Ցեղասպանության միջազգային ճանաչման, Թուրքիայում աշխատող հայաստանցի ներգաղթյալների թեմաներին: Նա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կրկին կապել է արցախյան հակամարտության, ցեղասպանության հարցում պաշտոնական Երևանի քաղաքականության հետ՝ շարունակելով Անկարայի նախապայմանների քաղաքականությունը: «Հայաստանի համար մեր դուռը դեռ բաց է: Եթե, այսպես կոչված, ցեղասպանության կամ Արցախի բռնազավթման հարցում դրական քայլեր լինեն, պատրաստ ենք ցանկացած համագործակցության: Եթե այս կամքն ու խիզախությունը ցուցաբերեն, պատրաստ ենք բանակցելու հայ քաղաքական գործիչների, Հայաստանի իշխանությունների հետ: Սակայն դրանից առաջ պետք է լուծվի Արցախի հարցը»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ նշելով, թե «այստեղից իր կոչն է հղում բոլոր հայերին»: Ցեղասպանության հարցին անդրադառնալով՝ Էրդողանը կոչ է արել հայերին հրաժարվել պայքարից, որը վնասում է հենց իրենց: «Այստեղից բոլոր հայերին, ամբողջ աշխարհին եմ կոչ անում: Այս հարցը ամբողջովին կտրվել է պատմական արմատներից և քաղաքականացվել է: Այս ամենից էլ ամենաշատը հայերն են տուժում: Գիտենք, որ նման որոշումներ կայացնողների հիմնական նպատակը հայերի իրավունքների պաշտպանությունը չէ»,- նշել է Էրդողանը, ապա կրկին խոսել Թուրքիայում աշխատող ՀՀ քաղաքացիների մասին. «Մեկ էլ Հայաստանից փախած և մեր երկրում հյուրընկալված հայեր կան: Մենք նրանց դեմ որևէ բան արե՞լ ենք: Մենք նրանց հյուրընկալել ենք, այնպես չէ՞…»,-հայտարարել է Էրդողանը:
Ղազախստան մեկնելիս, օդանավակայանում ասուլիսի ժամանակ Թուրքիայի նախագահը կրկին անդրադարձել էր Թուրքիայում բնակվող հայաստանցիների հարցին՝ նշելով, թե «իրենք ժամանակին կարող էին արտաքսել ապօրինի ներգաղթյալ հայերին, սակայն չեն արել»: «Իմ երկրում բնակվում է 170 հազար հայ, որոնցից 70 հազարը Թուրքիայի քաղաքացի է,- 2010-ին տված հարցազրույցում հայտարարել էր Էրդողանը:- Վաղը, եթե պահանջվի, կասեմ այդ 100 հազարին, որ լքեն մեր երկիրը: Ես կանեմ դա, որովհետև նրանք իմ քաղաքացիները չեն, և ես պարտավոր չեմ պահել նրանց իմ երկրում»: