Երկուշաբթի օրը Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի բացման խոսքում ԵԽԽՎ-ի նախագահ Անն Բրասերն ի շարս չլուծված հարցերի հիշատակեց Հայոց ցեղասպանությունը: «Դեռ կան մի շարք հարցեր, որոնք բաց են մնում: Եվ ես կարծում եմ՝ Եվրոպայի խորհուրդը պետք է շարունակի ակտիվ դերակատարություն ունենալ անդամ երկրներին աջակցելու համար: Ավելին, իմ այցը Թուրքիա և Հայաստան առիթ դարձավ՝ հետադարձ հայացք գցելու 100 տարի առաջ տեղի ունեցածին: Ապրիլի 24-ին Հայաստանը հիշատակելու է մեկ դար առաջ տեղի ունեցած կոտորածը, և ես հարգանքի տուրք եմ մատուցում զոհերին և նրանց ժառանգներին»,- հայտարարեց ԵԽԽՎ-ի նախագահը: «Բռնությունները երբեք չեն կարող լինել հարցի լուծման տարբերակ: Մենք պետք է խոսենք իրար հետ, լսենք իրար և փորձենք հասկանալ իրար` միասին հարցեր լուծելու համար: Եվրոպայի խորհրդի 47 երկրները կիսում են ընդհանուր պատմությունը և կոչված են կերտելու ընդհանուր ապագա, քանի որ, չնայած մեր տարբերություններին և անհամաձայնություններին, մենք նույն ընտանիքից ենք», - ասաց Բրասերը: Նա նաև մտահոգություն հայտնեց Միջերկրական ծովում նախորդ գիշերվա նավաբեկության կապակցությամբ, որի հետևանքով առնվազն 700 փախստական է ջրահեղձ եղել: «Մենք պետք է մեր պատասխանատվությունն ու աջակցությունն ունենանք այս հարցում», - հայտարարեց ԵԽԽՎ-ի նախագահը: Վեհաժողովի պատվիրակները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը: ԵԽԽՎ-ի նախագահն ուկրաինական ճգնաժամի կապակցությամբ հայտարարեց՝ Եվրոպան և միջազգային հանրությունը պետք է ամեն ինչ անեն խնդիրը լուծելու համար: «Որպես մարդու իրավունքներին սատարող կազմակերպություն՝ Եվրոպայի խորհուրդը պետք է առաջատար դեր ունենա ՈՒկրաինայում կայուն խաղաղության հաստատման համար», - ասաց Անն Բրասերը: Անդրադառնալով ուկրաինական հարցում Ռուսաստանի վարքագծին՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահն ընդգծեց. «Մենք պետք է լուրջ և նշանակալի քննարկումներ սկսենք խնդիրը միասին լուծելու համար: Ղրիմի բռնակցումը և ՈՒկրաինայի արևելքում բռնությունների շարունակությունը, ՈՒկրաինայի տարածքային ամբողջականության խախտումն անընդունելի են»: Անն Բրասերը ռուսաստանյան իշխանություններին կոչ արեց ազատել ուկրաինացի գործընկերոջը՝ ԵԽԽՎ-ում ՈՒկրաինայի պատվիրակության անդամ, օդաչու Նադյա Սավչենկոյին: Նա հայտարարեց, որ Ռուսաստանի պատվիրակության նկատմամբ սահմանված պատժամիջոցների վերահաստատման հարցին անդրադարձ կլինի վեհաժողովի նստաշրջանի ժամանակ: