Հայոց ցեղասպանության ամենամյա հիշատակի արարողությունները մշտապես դժվարին օրեր են դառնում ցեղասպանության համար մեղադրանքներին հակադարձել փորձող Թուրքիայի արտաքին գործերի նախարարության համար, ստիպում են նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին հաճախ խոսել՝ առանց լավ մտածելու: Այս տարի Հայոց ցեղասպանության հարյուրամյակն է, և Թուրքիան արդեն մի քանի ծանր հարված է ստացել, գրում է Haaretz-ը՝ հիշեցնելով Հռոմի Ֆրանցիսկոս պապի հայտարարության և Եվրախորհրդարանի ընդունած բանաձևի մասին:
Այս ուրբաթ Թուրքիան շունչը պահած սպասելու է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ելույթին: ԱՄՆ-ի նախագահը վերջապես կճանաչի՞ սպանությունները որպես ցեղասպանություն, թե՞ կրկին դիվանագիտական լեզու կօգտագործի՝ խուսափելով վտանգավոր բնորոշումից՝ Անկարայի հետ հարաբերություններում ճեղքվածք թույլ չտալու համար: Էրդողանը բոլոր կողմերին պատասխանում է իր հռետորաբանությամբ, գրում է թերթը՝ հիշեցնելով «ականջի» մասին հայտնի հայտարարությունը («ԵԽ-ն որքան էլ որոշում ընդունի-չընդունի, մեր մի ականջից կմտնի, մյուսից դուրս կգա»-Tert.am), Թուրքիայում ապրող տասնյակ հազարավոր հայերին արտաքսելու սպառնալիքը:
Մեկ տարի առաջ Էրդողանը ցավակցություն է հայտնել զոհերի թոռներին, որ եղել է Թուրքիայի առաջնորդի առաջին ժեստը, այնուամենայնիվ, մոտ չի եղել Ցեղասպանության ճանաչմանը կամ ներողություն խնդրելուն: Բայց այս տարի հունիսի խորհրդարանական ընտրությունների ֆոնին Էրդողանը փոխել է իր հռետորաբանությունը՝ ընդունելով ազգայնական երանգ, որը նա հուսով է՝ Թուրքիայի աջերին իր կողմը կգրավի: Թերթը հիշեցնում է, որ Հայոց ցեղասպանության հիշատակման օրից ուշադրությունը շեղելու համար Անկարան որոշել է Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումն ապրիլի 25-ից տեղափոխել ապրիլի 24, Ահմեդ Դավութօղլուի խորհրդական Էթիեն Մահչուփյանը հեռացվել է իր պաշտոնից՝ ենթադրաբար «ցեղասպանություն» բառն օգտագործելու համար: Հակառակ անցած տարվա՝ քիչ հավանական է, որ Թուրքիան կասի, որ «քննարկում» է զոհերի ժառանգներին քաղաքացիություն շնորհելու հարցը: Թերթը հայերին համեմատում է պաղեստինցիների հետ, ովքեր իրենց հայրենիք վերադարձն անօտարելի իրավունք են համարում. Թուրքիայում, ինչպես Իսրայելում, այս պահանջներն անիրականանալի են համարվում: Թերթը խոսում է նաև այս օրերին անհանգստության մասին, որ տիրում է Թուրքիայում ապրող հայերի շրջանում, ովքեր վախենում են, որ հայկական սփյուռքի ջանքերը կարող են իրենց հանդեպ բռնություն հրահրել:
«Իսկ Իսրայե՞լը: Այս տարի վարչապետը կմիանա՞ Հռոմի պապին և Եվրոպական խորհրդարանին, թե՞ կպահպանի «ցեղասպանություն» և «հոլոքոստ» եզրերի հրեական մենաշնորհը»,- եզրափակում է թերթը: