Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայերին ուղղված իր ուղերձում ասել է, որ Թուրքիան կիսում է այն հայերի ցավը, ովքեր սպանվել են Օսմանյան կայսրությունում՝ Առաջին աշխարհամարտի շրջանում: «Օսմանյան կայսրության հայերի հիշատակին և հայկական մշակութային ժառանգությանը տեր կանգնելը Թուրքիայի պատմական և մարդկային պարտականություն է: Այս իմաստով էլ այս տարի ապրիլի 24-ին Պոլսո հայոց պատրիարքարանի կողմից մատուցվելիք ծիսական արարողությամբ Օսմանյան կայսրության հայերի հիշատակը հարգվելու է նաև Թուրքիայում, ինչպես և անելու են ողջ աշխարհում: Ինչպես մեր նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն էր ասում 2014 թվականի ապրիլի 23-ին արված իր ուղերձում՝ «Թուրքիայի և Հայաստանի միասնական, իրար հարիր արարողությամբ» Օսմանյան կայսրության հայերի հիշատակը շատ ավելի իմաստալից կլիներ:
Հավատում ենք, որ այս հասուն և բարի դիրքորոշումը կարող է իրագործվել, երբ պատմությունը չդառնա քաղաքական գործիք:
Այսօր էլ, պատմական պատասխանատվության և մարդկային պարտականությունների անհրաժեշտությամբ, առանց ցավերի միջև տարբերություն դնելու, 100 տարի առաջվա դեպքերի ժամանակ կյանքից հեռացածների հիշատակը հարգում ենք: Մյուս կողմից, մեր ցավերը մեղմացնելու համար մահացածներին հիշելու պես հավատում ենք, որ անցյալի հետ արդար ձևով առերեսվելը կարևոր է:
Հնարավոր է պարզել Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցածի պատճառներն ու պատասխանատուներին: Ամեն ինչը մեկ բառի հավասարեցնելը, պատասխանատվությունն ընդհանրացնելու ճանապարհով միայն թուրք ազգի վրա դնելը, անգամ դրան ատելության խոսք կցելը խնդիրներ է հարուցում և իրավունքի, և խղճի տեսանկյունից։ Հարյուր տարի առաջ թուրք և մուսուլման օսմանցիների ապրած աքսորի ու կոտորածների խորին հետքերն այսօր էլ են նրանց մտքերում։ Այս իրականությունն անտեսելը, ցավերի մեջ տարբերություն դնելը, ինչպես պատմության, այնպես էլ խղճի տեսանկյունից անընդունելի է։ Անցյալ տարիները մեզ ցույց տվեցին, որ բախվող հիշողություններն իրար դեմ դուրս բերելը արդյունքի չեն հանգեցնում։
Այս ամենի շրջանակներում անհրաժեշտ է օսմանյան բոլոր քաղաքացիների հիշատակին և խղճին հարգանք ցուցաբերել, նրանց ձայնին ականջ դնել: Իսկությանը հասնելու համար արդար հիշողությունը, կարեկցանքը, հարգալից խոսքը, հասկանալի և օբյեկտիվ հայացքը բավարար են:
Թուրքիան բոլոր այս տեսակետներն ազատ քննարկելու, վիճարկելու, ամեն տիպի փաստաթուղթ և տվյալ ուսումնասիրելու ազատ միջավայր է ստեղծել, համատեղ ապագա ստեղծելու նպատակի ուղղությամբ դրական քայլեր է անում:
Բոլոր երրորդ կողմերին կոչ ենք անում պատմական վերքերը բացելու փոխարեն արդար հիշողության և համատեղ խաղաղ ապագային ուղղված մոտեցում ցուցաբերել», ասվում է ուղերձում: