Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Հայոց ցեղասպանության ճանաչման նոր բանաձևի նախագիծ ԱՄՆ-ի Սենատում

Հայոց ցեղասպանության ճանաչման նոր բանաձևի նախագիծ ԱՄՆ-ի Սենատում
22.04.2015 | 13:45

Հետևելով Հռոմի Ֆրանցիսկոս պապի՝ Հայոց ցեղասպանությունը վերահաստատող պատմական հայտարարությանը և Եվրախորհրդարանի կողմից այդ ոճրի դատապարտմանը, ամերիկացի սենատորներ Ռոբերտ Մենենդեսը, Մարկ Քըրքը, Բարբարա Բոքսերը և Քորի Գարդները նոր բանաձևի նախագիծ են ներկայացրել, որը կոչ է անում հայ - թուրքական կայուն և երկարատև հարաբերությունների՝ հիմնված Հայոց ցեղասպանության «լիակատար ճանաչման» վրա:
Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նախագահ Բարաք Օբամայի ապրիլի 24-ի ամենամյա հայտարարության նախաշեմին դեմոկրատական և հանրապետական կուսակցությունները ներկայացնող սենատորների մշակած նախագծում բարձր է գնահատված պապի կողմից Հայոց ցեղասպանության որակումը որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:
Բանաձևի նախագիծը, բացառությամբ պապի հայտարարությանն առնչվող մասի, գրեթե նույնական է անցած տարվա ապրիլին ներկայացվածին, որի վերանայված տարբերակը ձայների 12 կողմ և 5 դեմ հարաբերակցությամբ ընդունվել էր Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից: Հայ դատի գրասենյակը նշում է, որ զուգահեռ՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ներկայացվել է «Հայոց ցեղասպանություն․ ճշմարտություն գումարած արդարություն» թիվ 154 բանաձևի նախագիծը, որը ևս հովանավորում են երկու կուսակցությունները ներկայացնող կոնգրեսականներ՝ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի երկու համանախագահներ Ռոբերտ Դոլդը և Ֆրենք Փալոնը, Ադամ Շիֆը և Դեյվիդ Վալադաոն:

Դիտվել է՝ 711

Մեկնաբանություններ

: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am