«Ինձ համար իսկապես մեծ պատիվ է այստեղ գտնվելը»՝ «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորումի ընթացքում ասաց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը: «Նաև տխրում եմ, երբ մտածում եմ այն մարդկանց մասին, ովքեր կյանքը կորցրին այս ողբերգության ընթացքում»,- ասաց և նշեց, որ այդուհանդերձ հպարտ է նաև, որ այն կազմակերպության ներկայացուցիչն է, որն ընդունեց այն: «Որովհետև մարդիկ հասկացան, որ աշխարհը պետք է հեռացնեն ազգայնականությունից և մոտեցնեն դեպի միջազգայնականություն»,- ասաց նա և նշեց, որ այդ նպատակով հիմնվեց Եվրոպայի խորհուրդը, նոր դարաշրջան բացվեց, և բոլորն այդպես հեռացան պատերազմներից: «Հատկապես հուզված եմ, որ Նանսենի երկրից եմ»,- ասաց նա և խոսեց նանսենյան անձնագրերի մասին, որը շրջանառության մեջ է դրել Ազգերի լիգան՝ Ֆրիտյոֆ Նանսենի նախաձեռնությամբ Ժնևում հրավիրված կոնֆերանսի որոշմամբ 1922-ին։ Այն անձը հաստատող ժամանակավոր վկայական էր, որը տրվել է փախստականներին և քաղաքացիություն չունեցող անձանց Առաջին համաշխարհային պատերազմից հետո։ «Նանսենը տեսնում էր տառապանքը, ողբերգությունը՝ անկախ քաղաքականությունից, և փրկում էր հազարավոր մարդկանց։ Այսօր դա լավագույն պատգամն է, երբ տեսնում ենք մարդկանց տառապանքը, պարզապես պետք է գործենք»,- ասաց նա:
Նա նշեց, որ հարյուր հազարավոր հայեր դաժանաբար սպանվեցին: «Սա միայն հայերի կորուստը չէր, աշխարհի կորուստն էր»,- ասաց նա։
«Միջազգային հանրությունը դեռևս շատ է հապաղում, քաղաքականությունը խանգարում է կարեկցանքին: Հիմա 2015 թվականն է, և բոլոր պետությունները պատասխանատվություն ունեն մարդկանց իրավունքների խախտումների դեմ պայքարում»,- ասաց նա և հղում կատարեց ՄԱԿ-ի հայեցակարգին, համաձայն որի՝ առաջին հերթին կարևոր է, որ պետությունները կանխեն մարդկության դեմ ողբերգությունները, իսկ միջազգային հանրությունը պետք է սատարի, ու եթե պետությունները չեն ցանկանում կամ չեն կարողանում, ապա պետք է միջամտեն:
Նա նկատեց, որ պաշտպանելու քաղաքականությունը տարբեր երկրներում տարբեր է եղել. լավ կիրառվել է Քենիայում, անհաջող է կիրառվել Լիբիայում: Նա անդրադարձավ Սիրիայի դեպքերին և անհավատալի համարեց, որ այս ամենը կրկնվում է 21-րդ դարում: «Բոլորս ունենք պաշտպանելու պարտավորություն: Հայաստանը մեզ օգնում է: ԵԽ-ն շատ է կարևորում ձեր դերը, հատկապես՝ ռասիզմի դեմ պայքարում: Հայ ժողովուրդն ուզում է նույնը, ինչ մնացած մարդիկ են ուզում»,- ասաց նա և նշեց, որ ԵԽ-ն պատրաստակամ է սատարելու երկխոսությունը:
«Հայաստանը հույս ներշնչող պետություն է, ձեր տառապանքը կարողացել եք ուժի վերածել, ինչն այս շաբաթ ամբողջ աշխարհը կարող է տեսնել»,- ասաց նա ու ելույթը եզրափակեց` ասելով. «Պարոն նախագահ, Ձեզ հետ եմ»: