Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ցեղասպանության ճանաչում. Ավստրիայի խորհրդարանի հայտարարության ամբողջական տեքստը

Ցեղասպանության ճանաչում. Ավստրիայի խորհրդարանի հայտարարության ամբողջական տեքստը
22.04.2015 | 20:07

Ավստրիայի Հանրապետության խորհրդարանն այսօր՝ ապրիլի 22-ին գումարված 25-րդ նստաշրջանի 68-րդ լիագումար նիստի ընթացքում, ճանաչեց և դատապարտեց Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը: Ելույթով հանդես եկավ Ավստրիայի Ազգային խորհրդի նախագահ տիկին Դորիս Բուրեսը և նշեց, որ 1915 թվականի ապրիլի 24-ին Օսմանյան կայսրությունում հայ մտավորականության և առաջնորդների ձերբակալմամբ սկիզբ առած տեղահանությունների և հալածանքների քաղաքականությունը ավարտվեց հայերի ցեղասպանությամբ: 20-րդ դարի պատմության մշակումը նախընթաց տասնամյակներում մեծ առաջընթաց է արձանագրել: Պատմական մեղսակցության ընդունումը նախապայման է հետևողական հաշտեցման: Այս գիտակցությամբ և նպատակ ունենալով սատարել Հայաստանի և Թուրքիայի հաշտեցմանը Ավստրիայի խորհրդարանում ներկայացված բոլոր 6 խորհրդարանական խմբակցությունների նախագահները համատեղ հայտարարություն են ընդունել Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրագործված ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ:
Ավստրիայի խորհրդարանի նախագահի ելույթից հետո ընդունվեց հայտարարության տեքստը, որից հետո խորհրդարանը 1 րոպե լռությամբ հարգեց ցեղասպանությանը զոհ գնացած մեկուկես միլիոն հայերի հիշատակը:
Խորհրդարանի նիստին պաշտոնապես հրավիրված էին և ներկա էին Ավստրիայում ՀՀ դեսպան և Ավստրիայում Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող հանձնաժողովի նախագահ Արման Կիրակոսյանը, հանձնաժողովի անդամներ: Նիստից հետո դեսպան Կիրակոսյանը հանդիպեց խորհրդարանում ներկայացված քաղաքական բոլոր 6 ուժերի նախագահների հետ և Հայաստանի կառավարության անունից շնորհակալություն հայտնեց ավստրիացի խորհրդարանականներին Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման կարևոր քայլի համար:


ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ազգային խորհրդի խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներ
մագ. Անդրեաս Շիդերի (Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն),
դր. Ռայնհոլդ Լոպատկայի (Ժողովրդական կուսակցություն),
Հայնց-Քրիստիան Շտրախեի (Ազատական կուսակցություն),
դր. Էվա Գլավիշնիգ-Պիշչեկի (Կանաչների կուսակցություն),
ինժ. Վելտրաուդ Դիտրիխի (Շտրոնախի թիմ կուսակցություն),
և դր. Մատթիաս Շտրոլցի (Նոր Ավստրիա կուսակցություն)
Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրագործված ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի կապակցությամբ
Ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան կայսրության կողմից 1,5 միլիոն հայերի դեմ իրագործված ցեղասպանության 100-րդ տարելիցը: Այս կապակցությամբ մենք հարգում ենք բռնության, սպանդի և տեղահանության ենթարկվածների հիշատակը, Օսմանյան կայսրության հպատակ տասնյակ հազարավոր այլ քրիստոնեական ժողովուրդների խմբերին, այդ թվում՝ արամեացիներին, ասորիներին, քաղդեացիներին և Պոնտոսի հույներին:
Ելնելով պատմական պատասխանատվությունից (Ավստրո-Հունգարական միապետությունը Առաջին աշխարհամարտում դաշնակցում էր Օսմանյան կայսրության հետ) մեր պարտականությունն է այս սարսափելի իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչել և դատապարտել: Նույնպես և Թուրքիայի պարտականությունն է անկեղծորեն առերեսվել իր անցյալի մութ ու ցավալի դրվագի հետ և Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրագործված հանցագործությունը որպես ցեղասպանություն ճանաչել:
Այնպիսի ժամանակաշրջաններում, երբ միջազգային ճգնաժամային օջախները գնալով ավելի ու ավելի ուժգնացող սպառնալիք են ներկայացնում ազատ աշխարհին և նրա արժեքներին, հարկավոր է վճռականորեն հանդես գալ ընդդեմ ողջ աշխարհում մարդկության դեմ իրագործվող բռնարարքներին ու հալածանքներին: 100 տարի առաջ հայերի դեմ իրագործված հանցագործությունը, որը Ֆրանցիսկոս պապը որակեց որպես «20-րդ դարի առաջին ցեղասպանություն», հստակորեն ի ցույց է դնում հիշողության մշակույթի անհրաժեշտությունը: Քանի որ ազատության, խաղաղության և մարդու իրավունքների հանդեպ մեր անբեկանելի արժեքների գիտակցությունը անբաժանելիորեն շաղկապված է բռնության, հալածանքների, տեղահանությունների և զանգվածային սպանդի զոհերի հիշատակին ըստ արժանվույն հարգանքի տուրք մատուցելու հետ:
Ըստ այդմ՝ խորհրդարանական խմբակցությունների նախագահները պատրաստակամ են իրենց ընձեռված հնարավորությունների սահմաններում հետևողականորեն շարունակելու միջազգային հակամարտությունների կարգավորմանն առնչվող երկխոսությանն ու հաշտեցմանն ուղղված և ապացուցված ավստրիական ուղին: Դա վերաբերում է նաև պատմական իրադարձություններին, որոնք սեպ են խրում ազգերի և պետությունների միջև, ինչպես Թուրքիայի և Հայաստանի պարագայում: Թուրքիան պետք է թափանցիկ վերամշակման նպատակով լույս սփռի իր անցյալի մութ անցքերի վրա:
Հաշտեցման գործին նպաստելու նպատակով՝ մտադիր ենք ակտիվորեն սատարել Թուրքիայի և Հայաստանի կողմից պատմական իրադարձությունների առերեսմանն ու վերամշակմանը՝ որպես հաշտեցման առաջին քայլ ի նպաստ թուրք-հայկական հարաբերությունների և շատ ուշացած բարելավմանը ինչպես երկկողմ, այնպես էլ եվրոպական հարթակում:
2015 թվականի ապրիլի 15-ին Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված Թուրքիայի և Հայաստանի հաշտեցման վերաբերյալ բանաձևը (European Parliament resolution of 15 April 2015 on the centenary of the Armenian Genocide (2015/2590(RSP)) - չվնասելով միջազգային իրավունքի պաշտոնական գնահատականը - ողջունվում է Ազգային խորհրդում ներկայացված կուսակցությունների խորհրդարանական խմբակցությունների նախագահների կողմից:

Դիտվել է՝ 846

Մեկնաբանություններ