Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին շարունակում են ավելանալ այն երկրներն ու կազմակերպությունները, որոնք 1915 թ. կատարված դեպքերն իրենց անուններով են կոչում և դատապարտում են 1915 թ. Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանությունը։ Հռոմի պապի հայտարարությանն ու Եվրախորհրդարանի ընդունած բանաձևին հաջորդեց Ավստրիայի խորհրդարանում բոլոր 6 խմբակցությունների կողմից ներկայացրած փաստաթուղթը, որով պատգամավորները ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը։ Դրան անմիջապես հետևեց ավստրիական մամուլի արձագանքը, որը բացառապես դրական երանգներով էր։
«Հանցագործությունը ցեղասպանություն համարել» վերնագրով լույս տեսած հոդվածում կատարվածին անդրադարձել է ավստրիական Kurier.at պարբերականը։
«Ավստրիայի խորհրդարանը գտավ այն պարզ բառերը, որոնցով նկարագրեց 1915 թ. Օսմանյան կայսրությունում կատարվածը և ցեղասպանություն որակեց։
Այսօրվանից այս նուրբ հարցի շուրջ խուսափողական դիրքորոշմանը վերջ է դրվում։ Ավստրիայի խորհրդարանը համատեղ հայտարարություն է ընդունել, որով 1915 թ. Օսմանյան կայսրությունում կատարվածը որակել է ցեղասպանություն։ Դա Ավստրիայի պարտքն էր այդ սարսափելի իրադարձությունները ցեղասպանություն որակել ճիշտ այնպես, ինչպես Թուրքիայի պարտքն է, լինելով Օսմանյան կայսրության իրավահաջորդը, մութ անցյալի ցավոտ էջերին առերեսվել և հայոց ջարդերը ցեղասպանություն որակել»,- գրում է Kurier.at-ը։
Wiener Zeitung-ը նշել է 100 տարի առաջ տեղի ունեցածը հիշելու անհրաժեշտությունը։ «Միջազգային հանրության ուշադրությունը նորից կենտրոնացավ 1,5 մլն հայերի ջարդերին, երբ Հռոմի պապը անցյալ շաբաթ մատուցած պատարագի ժամանակ հայերի զանգվածային սպանությունները որակեց իբրև 20-րդ դարի առաջին ցեղասպանություն։ Հայերի նկատմամբ հանցագործությունները Ցեղասպանությունը հիշելու մշակույթն անհրաժեշտություն են դարձնում։ «Ազատության, խաղաղության մարդու իրավունքների մեր անօտարելի արժեքները անխզելի կապով կապված են բռնության, հալածանքների և զանգվածային սպանությունների զոհերին հարգանքի տուրք մատուցելու հետ»,- մեջբերում է թերթը բանաձևի տեքստը։
Die Presse պարբերականը «Ինչպե՞ս Վիեննան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը» վերնագրով հոդվածում նշել է Ավստրիայի դիրքորոշման փոփոխությունները։ «Ապրիլի 22-ին պատգամավորները խորհրդարանի խոսնակ Դորիս Բուրեսի խնդրանքով 1 րոպե լռությամբ հարգեցին զոհերի ցեղասպանության զոհերի հիշատակը»,- գրում է ավստրիական թերթը։ «Քանի որ Ավստրո-Հունգարիան Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրության դաշնակիցն է եղել, մենք կրում ենք ցեղասպանության պատասխանատվությունը և դատապարտում ենք այդ սարսափելի հանցանքը»,- մեջբերում է թերթը խորհրդարանի խոսնակի հայտարարությունը։ Պարբերականի հաղորդմամբ՝ սա խորհրդարանի հստակ դիրքորոշումն է և կոնկրետ հայտարարություն։ «Ինչպես նշեց փաստաթղթի համահեղինակ Ռայնհոլդ Լոպատկան, խորհրդարանի ուժերը Թուրքիային կոչ են անում լույս սփռել անցյալի մութ էջերին։ Այս հայտարարությունը Թուրքիայի դեմ չէ, այլ թուրք և հայ ազգերի հաշտեցման խթան է»,- գրում է Die Presse-ն։
Ավստրիայի դիրքորոշման փոփոխություններին է անդրադարձել նաև Der Standard-ը։ «Ավստրիայի դիրքորոշման մեջ փոփոխություններ են եղել։ Պաշտոնական Ավստրիան սպանությունները ցեղասպանություն չէր համարում՝ պատճառաբանելով, թե զանգվածային սպանությունները կատարվել էին 1948 թ. ՄԱԿ-ի Կոնվենցիայի ընդունումից առաջ։ Հիմա Վիեննայի դիրքորոշումը փոխվել է։ Խորհրդարանում ընդունված համատեղ հայտարարությունով Ավստրիայի խորհրդարանը դատապարտում է 1915 թ. Օսմանյան կայսրության տարածքում հայոց ջարդերը՝ ցեղասպանություն որակելով»,- գրում է թերթը։