Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը այսօր ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ հանդիպման ժամանակ սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարության կայքը, Հասանովը հայտարարել է, թե «Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացիան շարունակվում է, Երևանը խուսափում է խաղաղ բանակցություններից և սրում է իրավիճակը ռազմաճակատի գծում, հայերը ականանետներով ու խոշոր տրամաչափի զենքով գնդակոծում են բնակավայրեր, ոչ ռազմական օբյեկտներ և խաղաղ բնակիչների»: «Մեր զինված ուժերի ստորաբաժանումները ամեն անգամ արդյունավետ միջոցներ են ձեռնարկում թշնամու կրակակետերը ճնշելու համար: Շփման գծում անձնակազմին ցուցում է տրվել անհապաղ ոչնչացնել ցանկացած շարժվող ռազմական օբյեկտ, և այդ ցուցումը անխոս կատարվում է»,- ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարարը և մեջբերելով իր նախագահի խոսքերը՝ պնդել, թե «հակամարտության կարգավորման միակ ուղին օկուպանտների՝ մեր տարածքները լքելն է»: Ապա Հասանովը գովաբանել է Ադրբեջանի զինված ուժերը և դրանց սպառազինությունը, ադրբեջանական լրատվամիջոցները, բնականաբար, չեն շարադրել ԵԱՀԿ նախագահի մշտական ներկայացուցչի խոսքերը: