Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը 1915-ի դեպքերի վերաբերյալ ուղերձ է ուղարկել Պոլսո հայոց պատրիարքարան, որտեղ այսօր «Առաջին աշխարհամարտի զոհերի հիշատակին» նվիրված արարողություն է տեղի ունեցել, տեղեկացնում է թուրքական Posta թերթի կայքը: «Պոլսո պատրիարքի փոխանորդ պարոն Արամ Աթեշյան, մեր հայ քաղաքացիների համար կարևոր նշանակություն ունեցող այս օրը ևս մեկ անգամ հարգանքով հիշում եմ Առաջին համաշխարհային պատերազմի պայմաններում զոհված բոլոր օսմանցի հայերին և ցավակցություններս եմ հայտնում նրանց երեխաներին ու թոռներին»,-ասել է նա: Էրդողանն ուղերձում հիշատակել է նաև Օսմանյան կայսրության, Թուրքիայի Հանրապետության տարիներին տնտեսական, սոցիալական, մշակութային և քաղաքական կյանքում հայերի ակտիվությունը: Թուրքիայի նախագահը ընդգծել է խաղաղ պայմաններում և եղբայրաբար ապրելու անհրաժեշտության մասին ու նշել, թե իրենք պայքարում են դրա համար: «Եվս մեկ անգամ ընդգծում եմ, որ անկեղծորեն կիսում եմ հայ համայնքի ցավը և նշում, որ գիտենք նախկինում տեղի ունեցած տխուր միջադեպերի մասին»,-ասված է Էրդողանի ուղերձում: