Ապրիլի 30-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Փարիզում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ՝ ինչպես ինքն է հայտարարել է Բաքվում Բելգիայի փոխվարչապետ, արտգործնախարար Դիդիե Ռեյնդերսի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում։ «Մենք նախօրոք պայմանավորվել էինք համանախագահների հետ, որ ապրիլից հետո պետք է մտածենք՝ ինչպես տեղից շարժել հայ - ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցը։ Ապրիլը վերջանում է, և մենք ամսի 30-ին կհանդիպենք համանախագահների հետ՝ քննարկելու հետագա ծրագրերը»,- APA լրատվական գործակալության փոխանցմամբ, ասել է Մամեդյարովը՝ միաժամանակ հայտարարելով. «Առաջին հերթին, Հայաստանը պետք է դուրս բերի իր զորքերը օկուպացված տարածքներից, ինչից հետո մենք կսահմանենք հետագա քայլերը»:
Երեկ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտնեց, որ իր հանդիպումը Մինսկի խմբի համանախագահների հետ տեղի կունենա ապրիլի 29-ին։