Ինձ համար պատիվ է ելույթ ունենալ Վաշինգտոնի մայր տաճարում. տաճար, որի հիմքում Քրիստոսի ծննդավայր Բեթղեհեմից բերված քարն է՝ «Խոսքը մարմին էր և բնակվեց մեր մեջ» փորագրությամբ: Այս տաճարում իր վերջին քարոզը հնչեցրեց իրավահավասարության ականավոր պաշտպան Մարտին Լյութեր Քինգը, որ կյանքում մի երազանք ուներ միայն՝ «արդարության և խաղաղության հաստատումը»:
Այս տաճարում իր վերջին հանգրվանն է գտել ԱՄՆ-ի 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնը, որ բացառիկ դեր է ունեցել միջազգային հարաբերություններում ազատական, ավելին` իդեալիստական գաղափարախոսության ամրագրման գործում: Եվ որքան էլ նրան համարեն իդեալիստ, հենց այդ գաղափարախոսության ծնունդն էին միջազգային կազմակերպությունների համակարգի հիմնադրումը, մարդու և քաղաքացու իրավունքների միջազգային պաշտպանության առաջին դրսևորումները, ժողովուրդների ինքնորոշման և իրավահավասարության սկզբունքների ամրագրումը: Հայ ժողովրդի հիշողության մեջ նա ընդմիշտ կմնա որպես մեզ ձեռք մեկնած միջազգային առաջնորդ, որ ուներ Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման արդար տեսլական: Խորհրդանշական է, որ այսօր այս տաճարում տեղի է ունենում միջկրոնական աղոթք՝ նվիրված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, և կհնչեն Սաղմոսի խոսքերը առ այն, որ «բարությունն ու ճշմարտությունը հանդիպեն միմյանց, և արդարությունն ու խաղաղությունը տարածվեն»:
Մի՞թե բարության ու մարդասիրության պակասի պատճառով չէր, որ հարյուր տարի առաջ մեկուկես միլիոն հայ զոհ գնաց «սպանել, քանի որ տարբեր է» կարգախոսին: Մի՞թե արդարության և խաղաղության բացակայությունը չդարձավ 6 միլիոն հրեաների սպանության պատճառ, մի՞թե անհամերաշխության հետևանք չեն մարդկության պատմության մատյանում այսօր գրված Կամբոջայի, Ռուանդայի, Դարֆուրի ցեղասպանությունների էջերը: Համախմբվածության պակասի և ժամանակին համապատասխան քայլեր չձեռնարկելու պատճառով չէ՞, որ այսօր էլ Մերձավոր Արևելքում փոքրամասնություններն անցնում են նույն դժոխային ուղին, ինչ հայերն ու հրեաները, թութսիներն ու սուդանցիները: Ցավալիորեն՝ այո: Եվ, ցավոք, բոլորս ստիպված ենք խոստովանել, որ որպես միջազգային հանրություն՝ չունենք նման երևույթները կանխելու հուսալի մեխանիզմներ: Ավելին՝ մենք տեսնում ենք ահագնացող բռնություն գործելաոճի մեջ և ցինիզմ՝ մեկնաբանություններում:
ԱՄՆ-ում՝ բազմազանության և բազմակարծության, ժողովրդավարության և ազատության բնօրրանում, գոհունակության խոսք եմ հղում ձեզ առ այն, որ այս տարի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, աշխարհի տարբեր երկրներն ու ժողովուրդները նորովի համախմբվեցին ցեղասպանությունների դեմ միջազգային պայքարի շուրջ՝ հայտարարելով, որ միասնական են արդարության վերականգնման և ճշմարտության հաղթանակի հարցերում: Նման համախմբման վառ օրինակ է նաև այս պահը՝ համերաշխությանն ուղղված միջկրոնական աղոթքով:
Արդարության և ճշմարտության համար մղվող մեր հարյուրամյա պայքարի ընթացքում մենք մշտապես զգացել ենք նաև ԱՄՆ-ի աջակցությունը: Ցեղասպանության զոհերի թիվն անհամեմատ մեծ կլիներ, իսկ վերապրածների ճակատագիրը` շատ ավելի դաժան, եթե այդ ծանր շրջանում մեր ժողովրդի կողքին չկանգնեին մեր բարեկամ երկրները, այդ թվում նաև ԱՄՆ-ը: Ինչպես բնորոշել է մեծ ամերիկահայ Վիլյամ Սարոյանը՝ «այստեղ հանդիպեցին ցեղասպանությունից մազապուրծ հայերը, ծիծաղեցին ու աղոթեցին իրենց մայրենի լեզվով՝ ստեղծելով մի նոր Հայաստան»:
Ամերիկյան առաջադեմ հասարակական-քաղաքական գործիչները դեռևս 19-րդ դարի վերջին խստորեն դատապարտել են սուլթանական կառավարության հակահայկական քաղաքականությունը և օգնության ձեռք մեկնել տարագիր հայերին։ Հիշենք Ամերիկյան Կարմիր խաչի հիմնադիր Կլարա Բարտոնի հերոսական ու բացառիկ առաքելությունը՝ օվկիանոսից այն կողմ տառապյալ հայերին օգնություն ցուցաբերելու համար: Ամերիկյան հասարակությունը բողոքի ձայն բարձրացրեց նաև 1915-1923 թթ.՝ հայերի զանգվածային կոտորածների և տեղահանության դեմ, որը հետագայում պետք է որակվեր որպես ցեղասպանություն։ Ամերիկյան մամուլն ամեն օր տպագրել է այս ողբերգական իրադարձությունների ականատես դիվանագետների, միսիոներների, հրաշքով փրկված հայերի պատմածները, իսկ Օսմանյան կայսրությունում ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուի անունը ոսկե տառերով է հավերժացվել հայերի բարեկամների շարքում: Ժամանակին նա դարձավ առաջին ամերիկացին, որ աշխարհին պատմեց հայ ժողովրդի նկատմամբ երիտթուրքերի զանգվածային հանցագործությունների մասին՝ որպես «ազգի ոչնչացման արշավ» որակելով Հայոց ցեղասպանությունը: Հայ ժողովուրդը հավերժ կհիշի հարյուրավոր այն ամերիկացիներին, ովքեր Հայաստանի, Մերձավոր Արևելքի և Եվրոպայի տարածքում որբանոցներ հիմնեցին՝ մահից փրկելով և խնամելով ցեղասպանությունը վերապրած տասնյակ հազարավոր հայ որբերի:
Մեր օրերում էլ ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանությանը հստակ գնահատականներ տալու փորձեր են կատարվում: Միայն այն փաստը, որ արդեն 44 նահանգ ճանաչել և դատապարտել է մարդկության դեմ իրագործված այդ ոճիրը, արդեն իսկ ասածիս վառ ապացույցն է: Հուսով եմ, որ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման հարցը ոչ թե «եթե»-ի, այլ «երբ»-ի հարց է:
Ինչպես իր հուշերում գրում է Հենրի Մորգենթաուն, թուրքական յաթաղանի վտանգի ներքո հեռանալով օջախներից, որոնցում նրանց նախնիներն ապրել էին դեռևս 2500 տարի առաջ, հայերն ասում էին. «Աղոթեք մեզ համար»: Օրերս Հայ առաքելական եկեղեցին սրբադասեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին՝ մեկուկես միլիոն նահատակներն արդեն սրբեր են: ՈՒստի նրանց համար աղոթելու հետ մեկտեղ, եկեք աղոթենք, որ ճշմարտության և արդարության պահանջը լինի մշտարթուն ու ղողանջի հավերժ, ինչպես 100-րդ տարելիցի նախօրեին ամբողջ աշխարհով հնչող եկեղեցիների հարյուր զանգերը: Եկեք համատեղ ուժերով վիրակապենք մարդկության վերքերը՝ հասնելու համար արդարության և խաղաղության մեզանում և ամբողջ աշխարհում: