Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում մասնակցել է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին

Նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում մասնակցել է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին
09.05.2015 | 10:49

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը Կրեմլում մասնակցել է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին և ելույթ է ունեցել:
ՀՀ նախագահի ելույթը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում
Առաջին հերթին, շնորհակալ եմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ջերմ ընդունելության և ռուսաստանցի գործընկերների կողմից ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի լավ կազմակերպման համար: ԵԱՏՄ պայմանագիրն ուժի մտնելուց հետո սա մեր այս տարվա առաջին պաշտոնական նիստն է: Կարծում եմ՝ անչափ խորհրդանշական է, որ անցկացվում է Մեծ հաղթանակի 70-ամյակի հոբելյանի նախօրեին, մի տոնի, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ մեր ժողովուրդների՝ ֆաշիզմի ջախջախման գործում վճռորոշ ներդրում ունեցած եղբայրության խորհրդանիշ, մի տոնի, որը խորհրդանշում է միասնության ուժը, արդարության, խաղաղության, միջազգային անվտանգության համար տարվող պայքարի ուժը:
Մեծ հաղթանակի ժառանգությունն այսօր էլ ամուր հիմք է մեր ժողովուրդների եղբայրական կապերի խորացման և մեր երկրների փոխշահավետ համագործակցության համար: Շնորհավորում եմ մեզ բոլորիս այս հրաշալի հոբելյանի կապակցությամբ: Այս տարվա սկզբից մեր երկրների տնտեսությունները սկսեցին լայնածավալ փոխգործակցություն նոր իրողություններում և պայմաններում, ավելի քան 170 միլիոն սպառող ունեցող ընդհանուր շուկայով, որտեղ ապահովված են ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի համար համապատասխան իրավական հիմքեր: Աշխատանքը պետք է ուղղված լինի առևտրային և ներդրումային հոսքերի ավելացմանը, գործարար կապերի ամրապնդմանը, ԵԱՏՄ ինստիտուտների ուժեղացմանը և վերջնարդյունքում՝ մեր տնտեսությունների ինտեգրման ավելի բարձր մակարդակի հասնելուն: Վստահ եմ, որ այսօրվա նիստի օրակարգում ներառված հարցերը և համապատասխան որոշումները, որոնք մենք կընդունենք, թույլ կտան առաջ շարժվել այս ուղղությամբ:
Այսօր մենք կշարունակենք ԵԱՏՄ-ին Ղրղզստանի Հանրապետության միանալուն ուղղված աշխատանքը: Հայաստանում ավարտված է ներպետական համաձայնեցման գործընթացը, որ անհրաժեշտ է 2015-ի փետրվարի 6-ին Մոսկվայում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին համաձայնեցված արձանագրությունների նախագծերի ստորագրման համար: Հետևաբար, ելնում ենք նրանից, որ առանց փոփոխությունների այս արձանագրությունների ստորագրումը թույլ կտա անցնել վավերացման գործընթացին՝ ՀՀ օրենսդրությանը համաձայն:
ԵԱՏՄ-ն դառնում է առևտրատնտեսական լուրջ միավոր, որը գրավում է շատ երկրների հետաքրքրությունը՝ Լատինական Ամերիկայից մինչև Ասիա: Տարբեր երկրների հետ առևտրատնտեսական կապերի զարգացմանն ուղղված քայլերը և նրանց հետ համագործակցության համաձայնագրերի ստորագրումը նպաստում են մեր ընդհանուր շուկայի ընդլայնմանը: Այդ ուղղությամբ կարևոր քայլ է Վիետնամի հետ Ազատ առևտրի մասին համաձայնագրի նախապատրաստման գործընթացի ավարտումը: Անհրաժեշտ եմ համարում շարունակել ընդլայնել համագործակցության աշխարհագրական արեալը նաև հարավային ուղղությամբ, մասնավորապես՝ Իրանի հետ ավելի սերտ կապերի հաստատման միջոցով: Անհրաժեշտ է հատուկ ուշադրություն հատկացնել Հարավարևելյան Ասիան և Պարսից ծոցը ԵԱՏՄ երկրների հետ միացնող խոշոր տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերի ներդրմանը: Այս համատեքստում, անշուշտ, յուրահատուկ ներուժ կա ԲՐԻԿՍ երկրների հետ փոխշահավետ համագործակցության հաստատման մեջ, որտեղ Ռուսաստանն առանցքային դեր ունի: Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել ՌԴ նախագահին՝ ԲՐԻԿՍ անդամ երկրների առաջնորդների, ԵԱՏՄ-ի և Համագործակցության Շանհայի կազմակերպություն պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը մասնակցելու հրավերի համար:
Մեր պետությունների համար կարևոր նշանակություն և հսկայական ներուժ ունի Չինաստանի՝ աշխարհի խոշորագույն տնտեսություններից և մեր միության գլխավոր առևտրային գործընկերներից մեկի հետ համագործակցությունը: Նման համագործակցության խորացումը թույլ կտա ոչ միայն ընդլայնել մեր ընդհանուր շուկան, ներգրավել ներդրումներ, այլև միանալ խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը՝ դիվերսիֆիկացնելով մեր միության լոգիստիկ հնարավորությունները: Միջազգային և տարածաշրջանային մի շարք անբարենպաստ գործոնների ազդեցության ներքո մեր տնտեսական տարածքը բախվում է որոշակի դժվարությունների, որոնց հաղթահարումը կախված է ընդունվող որոշումների մշակվածությունից և արդյունավետ կյանքի կոչելուց: Մեր պետությունները հասել են ինտեգրացիայի որոշակի մակարդակի, և համաշխարհային տնտեսության զարգացման միտումները պահանջում են մեր գործողությունների համակարգվածության մակարդակի բարձրացում: Այս ուղղությամբ կարևոր քայլը 2015-2016 թթ. համար ԵԱՏՄ անդամ պետությունների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական ուղենիշների մասին նախագծի հաստատումն է, որի իրականացումը թույլ կտա ապահովել մեր պետությունների մակրոտնտեսական կայունությունը և կնպաստի տնտեսական աճի տեմպերի բարձրացմանը:
Մեր միության գործունեության առաջնային ուղղություններից մեկը միասնական էլեկտրաէներգետիկ շուկայի ստեղծումն է: Մեր պետությունները տիրապետում են էներգետիկ պաշարների հսկայական ծավալների և ունեն արտադրական ներուժ: Անհրաժեշտ է օգտագործել այս համեմատական առավելությունը՝ հիշյալ ոլորտում ԵԱՏՄ միջազգային մրցունակության բարձրացման համար: Եվրասիական տնտեսական միության էլեկտրաէներգետիկ ընդհանուր շուկայի ձևավորման հայեցակարգի հետևողական իրագործումը և այդ շուկայի արդյունավետ գործարկումը թույլ կտան ուժեղացնել ԵԱՏՄ-ի՝ որպես գլոբալ էներգետիկ շուկայի առանցքային խաղացողի դիրքերը: Մեր համատեղ գործունեության մեկ այլ կարևոր ուղղությունը ծառայությունների շուկայի փուլային ազատականացումն է: Հայաստանն ամբողջ ծավալով միանում է ծառայությունների միասնական շուկայի ցանկին, որը հաստատվել է ԵՏԲԽ 2014-ի դեկտեմբերի 23-ի որոշմամբ: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ տնտեսական ինտեգրման գործընթացում ապրանքների շուկայի ազատականացումը առանց ծառայությունների շուկայի ազատականացման, թույլ չի տալիս լիարժեք գործարկել ինտեգրացիոն միավորման տնտեսական ողջ ներուժը: Կարծում եմ՝ տվյալ ոլորտը պետք է լինի մեր ուշադրության կիզակետում:
ԵԱՏՄ գործունեության շրջանում կատարվել է մեծ աշխատանք: Համարում ենք, որ այսօր անհրաժեշտ է չթուլացնել հավաքած տեմպը, չի կարելի բավարարվել ձեռքբերածով, անհրաժեշտ է կառուցել հեռանկարային ծրագրեր: Պայմանագրի համաձայն՝ այս ուղղությամբ կարևոր գործառույթ է վերապահված Եվրասիական տնտեսական հանձնաժողովին, որը հաջորդ տարվա փետրվարի 1-ից պետք է ձևավորվի նոր կազմով, հնարավոր է նաև՝ նոր ձևաչափով:
Այդքան էլ շատ ժամանակ չի մնացել մինչև նշված ժամկետը: ՈՒստի, առաջարկում եմ առաջիկա երկու-երեք ամիսների ընթացքում լավ ծանոթանալ այս հարցին այն հաշվարկով, որ հաջորդ գագաթնաժողովին կարողանանք հաստատել հանձնաժողովի կազմը և նախագահին՝ ռոտացիոն սկզբունքի հիման վրա:

Դիտվել է՝ 664

Մեկնաբանություններ