ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գործնական բացատրություն է տվել ԵԱՏՄ-ին անդամակցելու որոշմանը։ «Հայկական կոնյակը իրականում չի վաճառվում Փարիզում, սակայն այն վաճառվում է Ռուսաստանում»,- հայտարարել է նախագահը The Washington Post-ի լրագրող Ֆրեդ Հայաթին տված հարցազրույցում՝ նշելով, որ ինքը «գործնական որոշում է կայացրել»։ Նա ընդգծել է, որ Հայաստանը լավ հարաբերություններ է պահպանում ԵՄ-ի հետ, սակայն Եվրոպայի հետ ազատ և համապարփակ առևտրի համաձայնագիրը շատ բան չէր տա, հատկապես, որ Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը փակ է մնում։ Հայաստանի տնտեսությունը պիտի 10-15 տարի զարգանար մինչև կկարողանար օգտվել Եվրոպայի հետ ազատ առևտրի առավելություններից։ «Սակայն միևնույն ժամանակ կա գոյության պայքար, և մարդիկ պատրաստ չեն այդքան երկար համբերել»,- հավելեց նա։ Սարգսյանի խոսքով՝ հայերը Ռուսաստանի և Արևմուտքի գժտությունից տուժում են 3 ուղղություններով. Հայաստանից Ռուսաստան ապրանք արտահանելու առումով, Հայաստանում կատարվող ներդրումների առումով և Ռուսաստանում աշխատող հայերի դրամական փոխանցումների նվազելու առումով։ Սակայն, նախագահի խոսքով, «եթե մենք չմիանայինք ԵԱՏՄ-ին, կբախվեինք առավել ցավոտ խնդիրների հետ»։