Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն կանչվել է երկրի ԱԳՆ՝ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի՝ մայիսի 17-19-ին Ֆրանսիա կատարած այցի առնչությամբ: ԱՊԱ գործակալությանը ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը ասել է, որ փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը Ֆրանսիայի դեսպանին բողոքի նոտա է հանձնել: Խալաֆովն ընդգծել է, որ նման փաստերը, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորների մասնակցությունն «անօրինական խորհրդարանական ընտրություններին» որպես դիտորդներ հակասում են Ադրբեջանի և Ֆրանսիայի գործընկերային հարաբերություններին ու ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի մանդատին՝ որպես համանախագահ երկիր: Պասկալ Մոնյեն խոստացել է նոտան և Ադրբեջանի անհանգստությունը փոխանցել Ֆրանսիայի իշխանություններին: