Ռիգայում նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Լատվիայի Հանրապետության նախագահ Անդրիս Բերզինշի հետ: Երկու երկրների նախագահները բարձր են գնահատել փոխըմբռնման ոգով զարգացող հայ-լատվիական քաղաքական երկխոսությունն ու միջպետական հարաբերությունների դինամիկան և ընդգծել այդ դինամիկան զարգացնելու կարևորությունը: Սերժ Սարգսյանը և Անդրիս Բերզինշը երկկողմ հարաբերությունների օրակարգից բացի, քննարկել են Եվրամիության հետ ՀՀ համագործակցության հետագա ընթացքին վերաբերող հարցեր: Լատվիայի նախագահը նշել է, որ ԵԱՏՄ-ին միանալու Հայաստանի որոշումը, իր գնահատմամբ, պրագմատիկ որոշում էր, իսկ ՀՀ բազմակողմ հավասարակշիռ մոտեցումը ողջունելի է: Ըստ նրա, այսօր ԵՄ-ում դրա արդյունավետությունն ու օգտակարությունն ավելի ու ավելի են ըմբռնում: Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը հետաքրքրված է բարեկամ Լատվիայի հետ զարգացնել հարաբերությունները նաև տնտեսական ոլորտում: Նա վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ ընդհանուր սկզբունքների հիման վրա բարեփոխումների իրականացման և երկրում ժողովրդավարության խորացման ուղղությամբ: Նախագահներն անդրադարձել են նաև Հարավային Կովկասի տարածաշրջանի խնդիրներին ու մարտահրավերներին: