Գերմանիան, Բելգիան, Դանիան և Նորվեգիան մինչև 2024 թվականի վերջ ՈՒկրաինային 1,4 միլիարդ եվրոյի ռազմական օգնության փաթեթ կտրամադրեն՝ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Հոկտեմբերի 11-ին Գերմանիա ժամանած ՈՒկրաինայի նախագահը ճեպազրույցում հայտարարել է, որ ցանկանում է Ռուսաստանի հետ հակամարտության ավարտը տեսնել ոչ ուշ, քան 2025 թվականը։               
 

Խե՛նթը

Խե՛նթը
02.06.2015 | 11:01

Կարդալով Սամսոն Տեր-Պողոսյանի կյանքի պատմությունը և լսելով նրա հարազատների վկայությունները` հասկանում ես, որ նրա խենթ քաջության մղիչ ուժը անսահման հայրենասիրությունն էր: Պատմում են, որ մի անգամ Թիֆլիսում մի դուքանում նստած տեսնում է, որ կողքի սեղանի շուրջը նստած երկու ռուս սպաներ կերակրում են իրենց շանը՝ ասելով. «На, армяшка, бери»: Սամսոնի զգուշացումից հետո նրանք շարունակում են վիրավորել հայերին: Խենթի բարեկամներն ասում են, որ նա ատրճանակով կրակում է նրանց վրա, ուրիշներն էլ պնդում են, որ նա ուղղակի ապտակում է նրանց: Ամեն դեպքում նրան պատիժ էր հասնում, բայց քանի որ նա Գեորգիևյան խաչի, այսինքն` ռուսական ամենաբարձր զինվորական պարգևի ասպետ էր, որը նրան ազատում էր պատժից, զինվորական տրիբունալը որոշում է նրան ուղարկել, այսպես կոչված, տուգանային գումարտակ՝ շրջակա գյուղերը թուրքական ավազակախմբերից մաքրելու: Այդ շրջանի նրա գործունեության մասին է նկարագրված ԹԱՎՐԵԻ «Խենթը» լեգենդում:

Ազգային հերոս Խենթի` Սամսոն Տեր-Պողոսյանի հորեղբոր աղջկանից` լուսահոգի Վերգուշ տատիցս մանուկ հասակում լսած մի պատմություն, որն արժե հիշատակության և խոնարհման։

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին, երբ ռուսական բանակը փորձում էր ավելի ամուր հաստատվել Անդրկովկասում, իր միակ հավատարիմ դաշնակցի` հայերի երկրում, ղաչաղների երկու տարբեր ավազակախմբեր, որոնց պարագլուխներն էին Սոլան ու Նաբին, արդեն մի քանի տարի անպատիժ ասպատակում էին Բայազետից մինչև Սուրմալու և Մասիսի չորս դին ընկած բնակավայրերը: Հայ աշխարհականը կրակն էր ընկել սրանց ձեռքը, որոնք նախամարդու դաժանությամբ, սուլթանի ու սատանայի հովանավորությամբ կողոպտում, սպանում էին և մարդու աչքը մտած փշի պես ցավ պատճառում:
Այլևս անկարելի էր հանդուրժել ղաչաղների վարքը, սակայն վարժված լինելով միայն կանոնավոր ու լայնամասշտաբ գործողությունների, ռուսական բանակը հարմարված չէր առանձին պատժիչ գործողություններ իրագործելու համար: Այնուամենայնիվ, հայ աշխարհականի բարյացակամությունից չզրկվելու և Խենթի համառության շնորհիվ` ռուսական հրամանատարությունը հարկ համարեց երկու տասնյակից բաղկացած հեծյալների մի խումբ տրամադրել Խենթին` Սամսոն Տեր-Պողոսյանին։

Լուսաբացը մոտ էր, բայց խավարը դեռ չէր ցրվել: Խենթի ձին առաջապահ Իվանի ձիուն գրեթե հավասար` առաջ էր ընթանում: Քսանչորս հեծյալներ արդեն երկու օր էր, ինչ հաղթահարում էին քարքարոտ ու դժվարանցանելի լեռնուտը։
Առանց գլուխը վեր բարձրացնելու, կիսախուփ աչքերի արանքից Խենթը զննեց իրեն քաջ ծանոթ տեղանքը: Համոզվելով, որ հետախույզի հայտնած վայրին դեռ չեն հասել` քթի տակ քրթմնջաց.
-Իվան, ոլորանի վրա ձայն կտաս ինձ:
-Անհոգ մնա, կարթնացնեմ,- արձագանքեց Իվանն ու իրենց հետևող հեծյալներին համր շարժումով հասկացրեց, որ զրույցները դադարեցնեն:
Հրահանգներ կատարելիս ակնհայտ էր ռուսների վարժվածությունը, և ապահով սրտով Խենթը կրկին փակեց աչքերը:
Դա մի վիճակ էր, երբ մարդ ոչ քնած է, ոչ էլ արթուն: Նրա ձին ասես զգում էր, որ իր հեծյալը ննջում է ու սրածայր քարերը ջոկ-ջոկ անելով էր առաջանում։ Քչերին է հաջողվում նիրհել թամբին ու վայր չընկնել ձիուց: Անվերջ դիմադրելով քնի դեմ, Խենթը նիրհում էր և հայտնվել էր վերհուշի գրկում: Թույլ չտալով, որ քաղցր նիրհը վերջնականապես խոր քնի վերածվի, և վերհուշն իրենից խլելով այն փոխի երազի, նա հաճախ մի աչքը բացում ու էլի տեղանքն էր զննում: Մի պահ երազի սահմանագծին հասնելով, նա տեղափոխվեց աշուն։ Ահա: Ինքը ուշաթափ ընկած էր Լալայենց ցանկապատի մոտ։ Ձախ ուսն ու թևը բզկտված էին։ Խեղդամահ գայլի դունչը կրծքին սեղմած` ինքն արնածորում էր։
Այդ օրը Լալայի հայրը ջերմություն ուներ։ Անձրևները սկսվելուց առաջ ինքը թաքուն կալսել էր նրանց արտի խոտն ու սիրած աղջկա տան կրակը թեժ պահելու համար չոր քոթուկ էր քարշ տվել նրանց ցանկապատի մոտ։ Առաջը գայլ էր կտրել։ Գզվռտոցից հետո, երբ Լալան գտել էր նրան, ասես բալասան` արտասվելով վերքերն էր համբուրում. «Դու խե՛նթ ես, խե՛նթ, սիրելիս»…
Ահա, կարծես մեկը կրկին ձայն էր տալիս ու իր անունը կրկնում.
-Խե՛նթ, Խե՛նթ…- ցածրաձայն կանչում էր Իվանն ու թեթևակի ցնցում ընկերոջ ուսը:-Արթնացի՛ր, արդեն ոլորանի վրա ենք:
Խենթը բացեց աչքերը: Փորձեց թոթափել հոգնությունը, պարզեց թևերն ու ձգվեց հորանջելով:
Ձիերից իջան: ՈՒր որ է լուսանալու էր: Հուշերն էլ, Լալային էլ մի կողմ թողած` Խենթը մի թմբի մոտեցավ: Կանչեց Իվանին ու սկսեց հրահանգներ տալ.
-Այն քարափը տեսնո՞ւմ ես, որի տակ քարայր է նշմարվում,- ցույց տալով դիմացի կնճռապատ լեռը, հարցրեց Խենթը:- Քարայրը, որի աջ ու ձախ կողմերում լիքը մասրենու թփեր կան: Տեսա՞ր:
Իվանը ցրվող աղջամուղջի մեջ նշմարեց քարայրն ու գլխով արեց:
-Կեցցե՛ս: Հենց այդ քարայրի մասին էր պատմում հետախույզը, դա է ղաչաղների որջը: Մարդկանց բաժանիր երեք խմբի։ Մի խումբը կգա ինձ հետ, մյուս երկու խմբերի նշանառուները, գնդակի հեռավորություն պահելով` թող դիրքավորվեն այդ քարայրի աջ ու ձախ թևերում։ Կկազմակերպես այնպես, որ փախուստի ճանապարհ չմնա ավազակներին: Պետք է անաղմուկ գործել: Թուր ու թվանքի հետ վարվելու մեջ հմուտ են ղաչաղները, էս ջահելներդ ափսոս են, հասկացա՞ր: Դե, քեզ տեսնեմ, Իվան ջան, գործի անցիր:
Մինչ Իվանը փութով անցավ ջոկատի անդամներին իրենց անելիքները բացատրելուն, Խենթը ջրի տափաշիշը մոտեցրեց բերանին: Նա Իվանին լավ գիտեր: Իրենց ծանոթության երկու տարիների ընթացքում Իվանը «մեծն» ռուս եղբորից հասցրել էր վերածվել հավատարիմ զինակցի, ընդունելով իր հայ բարեկամի գերազանցությունը մարտավարական խնդիրներում: Ինչ վերաբերում էր շիկահեր ու պեպենոտ նորաթուխ տղաներին, նրանցից շատերին առաջին անգամ էր տեսնում:
Ավարտելով զինվորների հետ քննարկումը, Իվանը շրջվեց Խենթի կողմն ու իրեն հատուկ հումորով կատակեց.
-Սամսո՛ն, հրամանդ անիրագործելի է:
-Ինչո՞ւ: Ի՞նչ կա։
-Ինձ ու քեզ էլ միասին հաշված` քսանհինգ հոգի ենք: Ի՜նչ անում եմ, ասածիդ պես ջոկատը երեք հավասար խմբի չի բաժանվում։
Ընդունելով կատակը, Խենթը բարեհոգաբար ժպտաց: Այնուհանդերձ` հարկ համարեց խստորեն հիշեցնել.
-Լույսը բացվեց, կատակելու ժամանակը չէ: Շտապի՛ր, այլապես կձախողվենք:
-Կատարե՛լ, -զինվորների կողմը շրջվելով, հակիրճ նետեց Իվանը:
Ձիերին թաքցնելու համար հարմար տեղ գտան ու կապկպեցին քարերից: Այնուհետև ջոկատը երեք խմբի բաժանվեց: Զգուշորեն, բայց սրընթաց, յուրաքանչյուր խումբ իր ուղղությամբ առաջ նետվեց:
Իրեն բաժին հասած յոթ զինվորների գլուխն անցած` Խենթն առաջնորդեց կենտրոնով: Այդ ընթացքում նա գոհունակորեն նկատեց, որ մյուս երկու խմբերը հաջող թևանցումներ արեցին ու հարմար տեղեր ընտրեցին քարայրի ելքը թիրախում պահելու համար:
Բավականին մոտենալուց հետո քարայրի խորքում թրթռացող ճրագի լույս նշմարվեց: Խենթն իր կողքին գտնվող զինվորի դեմքին խորացող երկյուղ հայտնաբերելով, մտածեց. «Եթե ղաչաղների դեմ սասանվեց, կորած է։ Այս անփորձների երկյուղը կարող է իրենց կործանման պատճառը դառնալ: Սրանց մարմինները լավ են կոփել, բայց սրտերն անտեսել են»: Երկյուղած զինվորին ափով իր մոտ պահած Խենթն անաղմուկ մուտք գործեց քարայր: Մնացածները հետևեցին նրան: Երբ այնքան էին խորացել, որ պարզորոշ լսվում էին ներսի խոսակցությունները, Խենթի հովանու տակ գտնվող զինվորը սայթաքեց ու մատնեց իրենց ներկայությունը: Նա մեղավոր հայացքով կարմրատակեց ու քար կտրեց: «Գրողը տանի, հապաղելը կործանարար է», կայծակի արագությամբ անցավ Խենթի գլխով, ու նա որոտաձայն հայհոյելով ներխուժեց քարայրի խորքը:
Քաջալերված զինակիցներն ու Իվանը նրա հետևից հասան այն պահին, երբ Խենթը թիկունքից դեն նետեց յափնջին ու մերկացնելով ուսադիրները, վայրագ ղաչաղների առջև հայտնվեց որպես ռուսական բանակի սպա:
Ղաչաղներից երկուսը ռազմատենչ գոչյունով վեր թռան ու նախքան իրենց արձակած գոռոցի ձայնը կմարեր, Խենթի սրից խոցված փլվեցին գետնին: Իրարանցումից քարայրում ճրագները մարեցին:
Ներկա գտնվող երկու տասնյակից ավելի ղաչաղների պարագլուխը` Սոլան, դրանցից յոթի հայրն էր նաև: Անակնկալից ուշքի գալով, նա ճանկեց թուրն ու ցասումով ոտքի կանգնեց: Հայացքն անընդհատ սպանված յուրայինների մարմիններին գցելով, նա կատաղի ֆշշաց.
-Դու ո՞վ ես։
-Սամսոնն եմ, Խե՛նթը։ Լսած կլինես:
Չնայած այն հանգամանքին, որ Սոլան իր հարցը տվեց քրդերեն, իսկ Խենթը պատասխանեց հայերեն, թե ռուսները, թե ղաչաղները հասկացան այդ կարճ երկխոսության իմաստը: Ակնհայտ էր, որ նախաձեռնությունը խլված է ղաչաղներից, և Իվանը, գոտկատեղից հանելով մի ջահ, վառեց:
Մազակալած դեմքերով ղաչաղները ձեռքները երկարած դեպի իրենց թվանքները` այդպես էլ սառել մնացել էին` նայելով իրենց վրա ռուսների ուղղած հրացանների սվիններին:
Հանկարծ ավազակապետը` Սոլան, կտրուկ շարժումով թրախողխող արեց Խենթի դաստակը, սակայն վերջինիս պատասխանը սառեցրեց Սոլայի կիրքը, երբ իր սուրը մի մատ հեռավորությամբ սպառնալից կախեց նրա պարանոցին: Խենթը չշտապեց թռցնել սրա գլուխը, և ինչպես կատուն է դադար տալիս, երբ թաթը մկան պոչին է դնում, այնպես էլ Խենթը հաղթողի վայելքը երկարաձգեց իր քիմքում:
Սոլան շփոթմունքի մեջ էր: Նա իր հուսահատական քայլն արել էր յուրայինների ու յոթ զավակների աչքին մի վերջին անգամ տղամարդ երևալու մղումով։
-Իվան, հապա ջահդ մոտեցրու,- գյուտ արածի պես զարմանքով ասաց Խենթը:
Իվանը մոտեցրեց ջահը, որն իր առատ լույսի ներքո պատվազուրկ դրության մեջ բացահայտեց Սոլային: Սա չնայած թուրը ձեռքին կատաղի մարտիկ էր հիշեցնում, սակայն անզոր էր դադարեցնելու այն խայտառակությունը, որն առատորեն ծորում էր թրջված ծնկների արանքով։
-Ցած նետիր թուրդ,- նողկանքով պահանջեց Խենթը:
-Երբե՛ք, գյավուր,- ծղրտաց Սոլան:
-Բոլորին կապել,- հրամայեց Խենթը:- Իսկ այս մեկին ոչ մի իրեն հարգող ձի չի հանդուրժի իր գավակին:
Հաջորդ ակնթարթին Խենթն ու Սոլան միաժամանակ սրերն օդ բարձրացրին։ Ղաչաղներից նրանք, որոնք ավազակապետի յոթ զավակներն էին, գլուխները մի կողմ թեքելով հայացքներն իջեցրին այն պահին, երբ հայի պատժող սուրն իջավ իրենց ավազակ հոր պարանոցին:

Կայազոր վերադառնալիս զինվորները զրույցներով, իսկ Իվանն ու Խենթը` իրենց մտքերով էին տարված։ Զինվորներից նրանք, որոնք քարայր մտնելիս գտնվել էին Խենթի կողքին, քչփչոցով մյուսներին պատմում էին, թե ինչպես մի անզգույշ շարժումով մատնվեցին ու գրեթե տապալված գործն ինչպես գլուխ եկավ շնորհիվ Խենթի վճռականության: Փառք տալով Աստծուն, որ գործողության ընթացքում մարդկային կորուստներ չունեցան, նրանք նաև պնդում էին, թե հակառակ դեպքում քարայր մտած իրենց փոքրիկ խմբի անդամները գլխովին կկոտորվեին։
Իվանը թիկունքով որսում էր ռուս հայրենակիցների շշուկներն ու իր հերթին մտաբերում այն պահերը, երբ շատ անգամ ինքն ականատես էր եղել ժողովրդի ընդունելությանն ու սիրուն հանդեպ Խենթի: Նա հասկացել էր, որ ինքը ճակատագրի բերումով հերոսի զինակից ընկերն է, ու թանկ էր գնահատում իրենց բարեկամությունը:
Տարօրինակ էր, բայց փաստ. ընկերոջ մասին ինքը շատ բան չգիտեր։ Խարույկների շուրջն իրենց գինովցած զրույցներից տեղյակ էր միայն, որ Խենթի հայրը եկեղեցու բարեպաշտ ծառա` տերտեր է եղել։ Բազմիցս տեսել էր նաև, թե ինչպես էր նա ախ քաշում, երբ սիրած աղջկա` Լալայի անունն էր արտաբերում։
Հանկարծ Իվանն իր համար պարզեց, թե ինչպես են ծնվում լեգենդնեը։ Հենց հիմա այդպիսի մի լեգենդ ծնվում էր իր թիկունքում, իր զինակիցների բերանում, նրանց իսկ շուրթերով։
Նկատելով, որ հայտնվել է գերիներով բեռնված երամակի թիկունքում, Խենթն ալարկոտ ճլոթեց իր ձիուն: Նա կրկին սուզվել էր խոհերի հորձանուտը:
Կրոնավոր հայրը իրեն սովորեցրել էր աշխարհին հոգու աչքերով նայել, ներշնչել էր համոզմունք, որ ամենուրեք Արարչի կամքն է տիրում: Սակայն, ապավինելով Աստծուն, տարակուսանքը միաժամանակ խեղդում էր պատանի Սամսոնին, երբ ականատես էր լինում անարդարության, ջարդ ու սպանդի: Իրո՞ք Արարիչն ամենատես էր… Եվ արդյո՞ք Արարիչն ամենակարող էր, եթե չէր միջամտում ու հանդուրժում էր այդ ամենը։
ՈՒ մի օր, մարմնով վերացած, հոգում տառապանք, նա ծնկեց աղոթքի ու պատասխան մուրաց երկնքից:
Սակայն երկինքը լուռ էր:
Տանջալի սպասումը մուրալուց վերաճեց ըմբոստ պահանջի: Անպատասխան մնալուց հոգնած, աղոթքի համար նրա վեր պարզված ափերը բռունցքների վերածվեցին, ու նա սկսեց հարվածներ տեղալ ծունկ դրած հողին։
Գուցե հենց դա էր եղել երկնքի պատասխանը, որն իր համր լռությամբ նրան ստիպել էր հիշել իր բռունցքների գոյության մասին։ ՈՒ սարեցու ազատամիտ ոգին, որ հենց նույն Արարիչն էր դրել Սամսոնի սրտում, ստիպել էր բարեպաշտ հորից ներշնչված հեզության դեմ ըմբոստանալ, շեղվել կրոնավոր դառնալու արահետից և իր խենթ ոգու թելադրանքով ձեռքը սուր վերցնել:

Ռուսական կայազորի հրամանատարը, լինելով բանիմաց ու խստապահանջ սպա, ստորադասների համար միաժամանակ նաև սրտացավ ու կարեկից ընկեր էր: Անհանգստացած և արդեն թերահավատորեն տրամադրված, նա հասցրել էր բազմիցս զղջալ Խենթին տաք գլխով տված իր համաձայնության համար: Տագնապը, թե երկու տասնյակից ավելի զինվորների կորստյան է դատապարտել, սկսել էր խուճապի մատնել նրան։
Հենց այդ ժամանակ, փոշու ամպ բարձրացնելով, քրտինքի մեջ կորած հեծյալների ջոկատը բերդի դարպասներից սրընթաց ներս խուժեց: Տեսնելով կապկպված ղաչաղներին, որոնք գետին գլորվեցին ձիերի վրայից, ու համոզվելով, որ անձնակազմը կորուստ չի կրել, հրամանատարը թեթևացած շունչ քաշեց: Եթե մինչև ջոկատի ժամանելը նա հասցրած լիներ որևէ մեկի հետ կիսել իր տագնապները, ապա թերևս ուրախությունից չբացականչեր այն, ինչ պարզապես դուրս թռավ նրա բերանից.
-Կեցցե՛ք: Слава Богу! Ողջ ու առողջ եք բոլորդ: Մնաց կաչակ Նաբին։
-Կաչա՜կ, կաչա՜կ… - Խենթը մի կուշտ ծիծաղեց հրամանատարի անվարժ արտասանության վրա:- Ոչ թե կաչակ, այլ ղաչաղ:
Նա ջրով լի դույլը դրեց ձիու առջև ու փաղաքշեց կենդանու մեջքը: Ձին գոհունակորեն փռնչաց: Խորամանկ փայլն աչքերում` Խենթը տևականորեն ջուր խմեց սափորից:
«Պետք է օգտվել հրամանատարի բարձր տրամադրությունից,- մտմտաց նա,- չէ՞ որ ինքը հիշեցրեց ղաչաղ Նաբու անունը»:
Թավ բեղերը թևքով սրբելուց հետո նա լայն բացեց ափն ու մոտեցավ հրամանատարին:
-Ասացիր` մնաց ղաչաղ Նաբի՞ն: Դե ուրեմն, թխի ձեռքիս:
Միաժամանակ երկուսն էլ իրենց ձեռքի ափերը բարձրից բերելով` ուժգին շխկացրին:
Երեկոյան, երբ հրամանատարը գերագույն շտաբին զեկուցագիր էր գրում ղաչաղ Սոլայի ավազակախմբի չեզոքացման մասին, ժպտալով նկատում է, որ իր աջ ձեռքի ափը դեռ շարունակում է ցավից մզզալ։

Հերթը ղաչաղ Նաբունն էր:
Հետախույզները լուրեր էին հասցնում, որ սա սկսել է առավել զգուշավոր գործել: Էությամբ առավել դաժան Նաբին Սոլային վիճակված դատաստանի մասին շշուկներն առնելուց հետո դասեր էր քաղել: Գազանի հոտառությունը նրան թելադրում էր, որ անընդհատ տեղաշարժվի ու նույն տեղում երկար չմնա։
Այդ կերպ նրան առայժմ հաջողվում էր անպատիժ մնալով այստեղ-այնտեղ կտցահարել, խփել-տանել ու խուսափել ուխտ արած հայ վրիժառուների կամ ֆիդայիների ձեռքն ընկնելուց։
Զգուշավոր սրիկան ծածուկ գործելիս սկսել էր առավել դաժան վարվել աշխարհականների հետ:
Շտապել էր պետք, ու Խենթը կրկնապատկել էր ծպտյալ հետախույզների քանակը:

Մի քանի ամիս անց, երբ Նաբու գտնվելու տեղի մասին Խենթը հավաստի լուրեր ստացավ, որոշեց, որ պահը հասունացել է հրամանատարին իր տված խոստման մասին հիշեցնելու: Որպեսզի նա ոչ մի պատրվակով հանկարծ չդրժեր նախկինում իր տված խոստումը, Խենթը մոտակա գյուղից նախապես երկու պուլիկ ընտիր գինի հայթայթեց:
Նույն երեկոյան ախորժելի գինարբուք կազմակերպեց, որի ավարտին հարմար առիթը բաց չթողեց վերստին հրամանատարի համաձայնությունը կորզելու համար։ Կերուխումի ավարտին հրահանգներ տվեց Իվանին ու գնաց մի քանի ժամ քնելու։
Լույսը բացվելուն պես, Իվանի և մեկ տասնյակից ավելի հեծյալների գլուխն անցած, Խենթը լքեց կայազորի տարածքը: Առանց ձիերն ուժասպառ անելու, մեկ օրվա ճանապարհ ունեին անցնելու:
Հաջորդ օրը, դեռևս խնդալով Իվանի գլխացավի վրա, որը տրտնջում էր անվերջ, թե հարբածության զգացումն իրեն չի լքում, դաշտում մի թուրք գառնարածի հանդիպեցին: Սրա լեզուն արագ բացվեց, հենց իմացավ, թե ում են փնտրում հեծյալները. խեղճը քիչ առաջ ինքն էլ էր տուժել ղաչաղի ձեռքից: Գառնարածը բողոքեց, որ մի քանի ժամ առաջ Նաբու զինակիցը զոռբայությամբ իրենից երկու գառ է խլել ու դեռ մի այրող ապտակ էլ վրայից հասցրել իր կամքին հակառակվելու համար:
Կորցրած գառների մրմուռը սրտում, խեղճը ձեռքը պարզեց իրենց գյուղի կողմն ու մղկտաց.
-Հրեն, մեր գյուղի տանուտերի տան բակից ծուխը ելնում է։ Անիծյալները հիմի կրակը վառել, գառներս են խորովում։ Հարամ ըլնի նրանց էդ միսը:
Գառնարածից անհրաժեշտ հարցերի պատասխանները ստանալով` Խենթը գործի անցավ: Գյուղի մոտերքում զինվորներից մեկին ձիերի վրա պահակ կարգեց, մնացածին երեք-երեք տեղակայեց տանուտերի տան բոլորքն ու կարգադրեց մատները ձգաններին պահել: Այդ ամենից հետո Իվանի ուղեկցությամբ մոտեցավ տանուտերի տանը:
Փայտե դարպասը թակելուց հետո մարդաբոյ պարսպի հետևից գամփռի կուշտ ու ալարկոտ մարդահաչ լսվեց։ Դուռը բացվեց ու հայտնվեց կլորավուն մարմնով տանուտերը: Նրա դեմքին առկա բարձր ինքնագնահատանքի արտահայտությունը փոխվեց, երբ իր առջև տեսավ համազգեստով շիկահեր ռուսի և յափնջին ուսերին գցած խոժոռադեմ, թավ բեղերով անբռնազբոս հայի: Խենթն ինչպես վայել է ողջունեց, սակայն տանուտերը զարմանքով նկատեց, որ այդ հայն ի վերջո ներս մտնելու հրավերի չի սպասում: Շեմը բաց չթողնելով, հարցրեց.
-Ո՞վ եք, ի՞նչ կա։
-Քեզ հետ խնդիր չունենք,- ասաց Խենթը,- մեզ ղաչաղ Նաբին է պետք: Ո՞Ւր է նա:
Թուրքի դեմքով տագնապի ստվեր անցավ: Նա փորձեց խոսքը կտուրը գցել.
-Նաբի՞ն… Ասում են` Նաբին մի տեղում չի սթրվում, ես ի՜նչ իմանամ: Համ էլ,- տանուտերը բարձրացրեց ձայնը, կարծես լսելի դարձնելու համար անկոչ հյուրերի այցելության նպատակը,-պարոնն ինչո՞ւ է Նաբուն իմ տանը փնտրում: -Տանուտերը հետևեց հայի դեմքի խոժոռվելուն և հակադրվելու կամքից զուրկ` ստիպված ասաց.
-Լավ, ներս անցեք։ Հյուրն ալլահինն է։
Խենթը ներքուստ զվարճություն զգաց հաստամարմին թուրքի կեղծավորությունից և առանց զգոնությունը թուլացնելու, սկսեց խաղալ նրա առաջադրած խաղի կանոններով: Իվանի հետ հայացքներ փոխանակելով, նրանք մոտեցան ծածկի տակ գտնվող սեղանին, որի վրա մրգեղեն, գինու թասեր և ուտելիքի մնացորդներ կային: Տեղավորվելով հարդաթախտերից մեկին, որոնք առատորեն ծածկված էին գույնզգույն բարձ ու մութաքաներով, Խենթը հարցրեց.
-Էս տեսակ սեղանի պատվին արժանացած հյուրերդ ո՞ւր են:
-Նաֆարիս հետ էի սեղան նստել, դուք էլ համեցեք,- կմկմաց թուրքը` չիմանալով` արդյո՞ք իր խոսքը համոզիչ հնչեց:
Նա բացահայտ շփոթմունքի մեջ էր, սակայն փորձեց այն հաղթահարել, երբ տեսավ, թե ինչպես Իվանը խորոված մսի մի պատառ վերցրեց ու սկսեց վայելել։ Հյուրասեր տանտիրոջ դերի մեջ մտնելով` թուրքը սկսեց թասերի մեջ առատորեն գինի լցնել։ Ընդարձակ բակը, որ մինչ այդ կարծես թե ամայի էր, լցվեց ներս ու դուրս անող չադրայավոր կանանցով։ Թուրքին մի պահ թվաց, թե խրոխտ արտաքինով հայն արդեն մոռացել է իր այցելության նպատակն ու գեղեցիկ այգիով է զմայլվում: Դրանից թեթևացած` թուրքն ավելի աշխուժացավ. մոտենալով կանանց` սկսեց կարգադրություններ անել, որ սեղանն առատ պահեն ու խաշլամայով լի ղազանի տակ կրակը նորից թեժացնեն:
Խենթը մի սերկևիլ սկսեց մաքրել: Խաղը շարունակվում էր։ Իվանը կարծես գտել էր խումարից ու գլխացավից դուրս գալու միջոցը: Նա արդեն գինու երկրորդ թասը բերանից հեռացնելով` որոշեց կատակել.
-Սամսոն, հապա խոսքս թարգմանիր տանտիրոջ համար. հարցրո՛ւ, այս բոլոր կանայք նրա՞նն են: Երանություն է, այնպես չէ՞, մեկից ավելի կին ունենալը։- Առանց նկատելու իրեն ուղղված Խենթի սաստող հայացքը, Իվանը հիմա էլ սկսեց հարեմի կանանց համրել,- մեկ, երկու, երեք… Ա՜յ քեզ բախտավորություն:- Թուրքը դեռ չէր հասցրել իր դեմքին մտահոգություն հաղորդել Իվանի լկտի վարքագծի կապակցությամբ, երբ Խենթը ոտքի կանգնեց ու արագաքայլ գնաց այգու խորքը: Թիկունքից զննելով հեռացող կանանցից մեկին և համոզվելով, որ նրա տրեխները չափազանց մեծ են կնոջ համար, գոչեց.
-Հապա կա՛նգ առ: Կա՛ց:
Մոտ վազող թուրքը, որն անկոչ հյուրերի հայտնվելուց ի վեր ստիպված էր անվերջ փոխել իր դիմակները, Խենթի թևը բռնելով հիմա էլ փորձեց խանդոտ ու պատվասեր այր ձևանալ.
-Հարգելի՜ս,- բողոքեց նա,- դու արդեն չափդ անցնում ես: Կնանիքի՞ցս ինչ ես ուզում…
Լավ իմանալով վարվեցողության կանոններն ու թուրքերի ադաթները, Խենթն այլ պարագաներում իրեն թույլ չէր տա խախտել այդ նորմերը: Սակայն հիմա, անտեսելով թուրքի խանդոտ հանդիմանանքը, չադրայավոր կնոջը հրամայեց.
-Բա՛ց դեմքդ:
Կինը հապաղեց: Նա գլուխը թուրքի կողմն ուղղեց ու կարծես մի վերջին պաշտպանություն հայցեց:
Այլևս հարկ չհամարելով սպասել, Խենթը դուրս քաշեց սուրն ու դիմացինի չադրան մի կողմ տարավ… Ղաչաղ Նաբու մորուքը հայտնվեց Խենթի բռում: Նաբին ցավից ոռնաց, երբ ծնոտն ազատելու համար ցնցեց գլուխն ու մի մազափունջ թողնելով նրա բռում, թուրը վեր քաշեց։
Խենթի սուրն ավելի արագ կիսաշրջան գործեց օդում և նախքան Իվանն իր զորակցությունը կհասցներ, գլխատված ղաչաղի դին տապալվեց խոտերին:
-Գնա՛,- գործի դնելով Իվանին, հուշեց Խենթը,- սրա զինակցին մյուս չադրայավորների մեջ փնտրիր:
Թզենու տերևներով սրի շեղբը մաքրելուց հետո նա շրջվեց թուրքի կողմը: Ահից անշարժացած թուրք տանուտերի դեմքին սառել, մնացել էր խանդոտ այրի դիմակը, որից ազատվելուն օգնեց Խենթի ծանր բռունցքը: Թուրքի բերանում ինչ-որ բան շրխկաց:
-Ատամներդ կոտրեցի այն պատճառով,- բացատրեց Խենթը,- որ սրանից հետո գողացած գառան միս չկարենաս ծամել, մեկ էլ` հարեմիդ մեջ չադրա կրող ավազակ չթաքցնես: Իսկ անունս չե՞ս ուզում իմանալ, չի՞ հետաքրքրում:
-Կռահել եմ:
-Հապա՞:
-Խե՛նթ, Խե՛նթ է անունդ:

Ռուսական կայազորի հրամանատարը երկու օրվա մեջ կրկին հասցրել էր զղջալ Խենթին տված իր համաձայնության համար: Նա հալումաշ էր լինում, անհանգստանալով անձնակազմի անվտանգության համար:
Կեսօրին, տեսնելով, թե ինչպես Խենթի գլխավորած հեծելախումբը փոշու ամպ բարձրացնելով խուժեց բերդատարածք, անորոշ սպասումից հոգնած, նա դուրս նետվեց ու շտապեց տեղեկանալ, թե ինչը ոնց է անցել: Համբերությամբ, մինչև վերջ լսեց Իվանի զեկույցը:
Վերջում թեթևացած շունչ քաշեց, թփթփացրեց Իվանի ուսին և քայլեց դեպի Խենթը: Չնայած նա կանխավ գիտեր, որ իր հայ բարեկամի հարվածի ուժգնությունից ողջ օրվա ընթացքում կրկին ցավից մզզալու է իր ափը, միևնույն է, աջը լայն բացեց ու պարզեց Խենթին:
-Կեցցե՜ս, – ասաց նա,- թխի՛ գա…
Ձեռքերի բարեկամական շխկոցից Իվանի ձին, որ մինչ այդ հանգիստ կանգնած էր, խրտնեց ու իր գավակից ցած նետեց կնոջ չադրայով բարուրված Նաբու զինակցին: Հարվածի պատճառած ցավից հրամանատարի աչքերում արցունքի երկու կաթիլ հայտնվեց:
Դրանք միայն Իվանը նկատեց, որովհետև Խենթն արդեն շրջվել ու հեռանում էր:
Նա սիրում էր առանձնության մեջ վերհուշի գիրկն ընկնել ու քայլելով դեպի իր վրանը, քթի տակ արդեն ինքն իրեն հարցնում էր. «Տեսնես հիմա ո՞նց է, ի՞նչ է անում Լալաս»:

Դիտվել է՝ 162323

Մեկնաբանություններ