Պաշտոնական այցով Չեխիայում գտնվող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Պրահայում հանդիպում է ունեցել Չեխիայի Հանրապետության վարչապետ Բոհուսլավ Սոբոտկայի հետ: Հայաստանի վարչապետը հեռանկարային է համարել երկու երկրների համագործակցության հետագա ընդլայնումն էներգետիկայի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, առողջապահության, տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակույթի, կրթության և գիտության ոլորտներում: Երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից Հովիկ Աբրահամյանը կարևորել է Երևան-Պրահա-Երևան կանոնավոր չվերթերի վերաբացման հարցը։ Չեխիայի վարչապետը նույնպես կարևորել է տնտեսական հարաբերությունների հետագա ակտիվացումը՝ նշելով, որ համագործակցությունն ընդլայնելու լայն հնարավորություններ կան: Նա ընդգծել է հայ-չեխական գործարար համաժողովի կարևորությունը տնտեսական փոխգործակցությունն ակտիվացնելու համատեքստում: ԵՄ-ՀՀ համագործակցությունը զարգացնելու առումով Չեխիայի վարչապետը կարևորել է Հայաստանի համար վիզային ռեժիմի դյուրացումը ԵՄ երկրների հետ: Զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս, անդրադարձել ՀՀ-ԵՄ, ՀՀ-ԵԱՏՄ փոխգործակցությանը: Հանդիպման ավարտին վարչապետ Աբրահամյանը Չեխիայի վարչապետին փոխադարձ պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան։
Հանդիպումից հետո տեղի է ունեցել երկկողմ համագործակցության փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ՀՀ Տավուշի մարզպետարանի և Չեխիայի Հանրապետության Հրադեց Կրալովե երկրամասի նահանգապետարանի միջև առևտրատնտեսական, հումանիտար և մշակութային համագործակցության մասին։ Փաստաթղթերի ստորագրումից հետո կայացել է Հայաստանի ու Չեխիայի վարչապետների համատեղ մամուլի ասուլիսը: