Եվրամիությունը չի կարող ՈՒկրաինային տրամադրել բավարար քանակությամբ զենք ու զինամթերք, ուստի մտադիր է ներդրումներ կատարել ՈՒկրաինայի պաշտպանական արդյունաբերության մեջ՝ գրում է The Washington Post-ը։ «Այն գիտակցումը, որ Եվրոպան ի վիճակի չէ արտադրել այն զենքը, որն անհրաժեշտ է ՈՒկրաինային, սկսում է ակնհայտ դառնալ, և ուկրաինացիների համար ամենահեշտ ճանապարհը դա ինքնուրույն անելն է»,- պարբերականին ասել է եվրոպացի դիվանագետը, ով ցանկացել է անանուն մնալ:               
 

«Ստվերը»

«Ստվերը»
12.06.2015 | 14:04

ԹԱՎՐԵ

Քսաներկու տարի շարունակ Վաղոն այնպես էր մեկուսացրել ինքն իրեն շրջապատից, որ անգամ սեփական ձայնն էր հազվադեպ լսում: Նա վաղուց խոսելը մոռացած կլիներ, եթե, իր ստվերի հետ առանձնության մեջ զրույցի բռնվելուց բացի, երբեմն ստիպված չլիներ քթի տակ ողջունել ու հրաժեշտ տալ դեղորայք դուրս գրող բժշկին, երթուղայինի վարորդին, մթերավաճառին… Վերջերս, կոմունալ մուծումները կատարելիս, նա նույնիսկ դադարեց անպիտան հեռախոսի համար վճարել ու դրանից ոչինչ չփոխվեց նրա կյանքում: Գիշերն առատ ձյուն տեղաց, ու Վաղոյի ցրտահարված ոտնաթաթի մզզոցն անտանելի դարձավ։ Դա էր պատճառը, որ ուշ փակվող մի կրպակից երշիկ ու հաց գնելու համար տնից դժկամությամբ դուրս եկավ: Վերջում, երկմտելով, շռայլություն թույլ տվեց իրեն ու վաճառողին ասաց.

«Էն օղու շիշն էլ տվեք»։

Վերադառնալիս հենվեց ձնածածկ մի նստարանի ու լիաթոք շունչ քաշեց: Եթե ոտնաթաթի մեջ ասեղի ծակոցները չլինեին, կուզենար երկար զբոսնել: Ի վերջո, հրաժարվելով այդ մտքից` թթված նայեց իր ստվերին, որը լապտերի լույսի տակ չափսերով հավասարվել էր իր հասակին ու հարցրեց.

«Հը՞, ի՞նչ կասես, վերադառնա՞նք տուն»,

«Ի՛նքդ վճռիր»,- պատասխանեց ստվերն ու հաջորդ վայրկյանին հայտնվեց կաղացող տիրոջ թիկունքում: Հասնելով շենքի բակ, Վաղոն պտույտ գործեց տեղում:

«Ո՞Ւր կորար, գրողի տարած… Ի՞նչ է, չե՞ս ուզում հետս վերև բարձրանալ»:

«Չէ՛: Այսօր քեզ այստեղ կսպասեմ»,- պատասխանեց ստվերն ու շքամուտքի շեմին չքվեց:

Լիֆտից ելնելով` Վաղոն ցած դրեց տոպրակն ու երկու ձեռքով բանալին ուղղորդեց կողպեքի մեջ: «Կուրացել եմ, ոչ մի բանի պիտանի չեմ»,- տրտնջաց նա: Ջեռուցումից զուրկ բնակարանում ցուրտ էր: Հագավ հողաթափերը: Հեռուստացույց միացրեց: Գնումները շարեց սեղանին: Մի-մի պատառ կսմթեց հացից ու երշիկից: Բերնեբերան օղի լցրեց: Վաղուց չէր խմել: Առաջին իսկ բաժակից նրա ներսը տաքացավ: Թեթևություն զգաց: Կարծես մեղավոր փնտրելով, որն իրեն մշտապես զրկել էր ոգելից խմիչք օգտագործելու բավականությունից, շեղակի նայեց կոմոդի վրա կիտված դեղորայքի տուփերին: Լցրեց ու նորից խմեց: Քիչ անց, երբ հակառակ իր կամքի, հուշերը կպչուն ութոտնուկի պես պարուրել էին նրա միտքը, արդեն հասցրել էր անզգուշաբար բաժակ շրջել սեղանին ու տանը եղած դեղորայքի ողջ պաշարը աղբաման նետել։ Վաղոն կամավորների ջոկատի հետ պատերազմին մասնակցել էր հենց սկզբից և այն ավարտել 1993-ի մի չարաբաստիկ օր, հոսպիտալի մահճակալի վրա: Տարիներ շարունակ նրա հուշերը պտտվում էին բացառապես այդ օրվա շուրջ։ Այդ օրը բժիշկները դեռ չէին կողմնորոշվել՝ կտրե՞լ, թե՞ ոչ նրա ցրտահարված ոտնաթաթը, երբ հրամանատարն այցելության էր եկել: Վաղոն զեկուցել էր հետախուզության ընթացքում ձեռք բերված տեղեկությունների մասին ու դեմքը ցավից ծամածռել: Հրամանատարը սպասել էր մինչև նրա դեմքը հարթվի ու հարցրել էր.

«Բա մեր ախպե՞րը… Ի՞նչ եղավ Աբոն…»։

«Դեմներս երկու ազերիներ հայտնվեցին… Փոխհրաձգության ժամանակ Աբոն զոհվեց… Նա մնաց ձների մեջ… Օմարի լեռներում»,- կմկմացել էր Վաղոն:

Օղու այն քանակությունը, որ մնացել էր շշի հատակին` այս անգամ Վաղոն պարպեց առանց բաժակի մեջ լցնելու: Գլուխն առավ ափերի մեջ ու ողբաց.

«Գիտե՜մ, Աբո՛… Գիտե՜մ: Ինձ ներում չկա՛»:

Զղջման այս խոսքերը տարիներ շարունակ նա մտքում էր որոճացել, հիմա դրանք առաջին անգամ դուրս հորդեցին: Վաղոն հանկարծ ցնցվեց, ասես գրողի տարած Օմարի լեռան բուքը ոսկրերի մեջ սողոսկեց: Ծանոթ ժապավենի պես` այդ չարաբաստիկ օրվա մանրամասները հաջորդեցին իրար… Ազերիներն ասես գետնի տակից հայտնվեցին։ Անակնկալից ուշքի գալով` Վաղոն փռեց նրանցից մեկին, հետո պառկեց մեջքի վրա ու ինքնաձիգի պահունակը փոխեց։ Այդ պահին Աբոն լռեցրեց երկրորդ ազերուն ու ինքն էլ ընկավ… Նրա պարանոցից արյան շիթ հորդեց Վաղոյի շրթունքին։ Վաղոն բութը դրեց Աբոյի վերքին ու մի կերպ վիրակապեց։ Մութն ընկնելու հետ բուքը սաստկացավ։ Աբոյին տեղաշարժելու Վաղոյի ջանքերը գրեթե զրոյի էին հավասար։ Բուքն արդեն ձյուն էր դիզել ազերիների դիերի վրա, ու թվում էր, թե ողջ աշխարհը ձյան տակ է թաղվելու։ Վաղոն վերջին անգամ նայեց ընկերոջ կողմն ու, ցրտահարված ոտքը քարշ տալով, հեռացավ… Ասես պոկվելով ութոտնուկի շոշափուկներից, Վաղոն կրկին ցնցվեց ու գլուխն ազատեց ափերից: Աբոյի աչքերը, որոնք այն ժամանակ շուռ էին եկել իրենց բներում, բայց դեռ թրթռում էին կոպերի տակ, արդեն քսաներկու տարի հետապնդում էին Վաղոյին…

Վաղոն մշուշոտ հայացքը օղու դատարկ շշից տեղափոխեց դեպի իր սառնաշունչ անկողինը, սակայն կանգնեց ու քայլեց դեպի լուսամուտը: Բացեց փեղկն ու աթոռի օգնությամբ հայտնվեց լուսամուտագոգին: Նայեց ցած, շքամուտքի ուղղությամբ ու գոռաց.

«Ո՞Ւր ես, գրողի տարած: Այդտե՞ղ ես»:

«Այստեղ եմ»,- արձագանքեց ստվերն ու ժամադրված սիրեկանի պես լայնորեն բացեց գիրկը:

Դիտվել է՝ 160864

Մեկնաբանություններ