Հուլիսի 12-ին, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարության պատվիրակությանը՝ նախարար Միխեիլ Գիորգաձեի գլխավորությամբ:
Հասմիկ Պողոսյանը շնորհակալություն է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի 70-ամյակին նվիրված միջազգային խորհրդաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար, ինչպես նաև համոզմունք հայտնել, որ վրացական կողմի մասնակցությունը կարևոր և զգալի ներդրում կլինի խորհրդաժողովի աշխատանքներին:
Միխեիլ Գիորգաձեն իր հերթին շնորհակալություն է հայտնել հրավերի, ջերմ ընդունելության և հետաքրքիր ծրագրի համար:
Ընդգծելով, որ Հայաստանի և Վրաստանի միջև մշակութային հարաբերություններն ունեն դինամիկ զարգացման միտում և ընդգրկում են գրեթե բոլոր ոլորտները՝ կինո, թատրոն, գրականություն, մշակութային ժառանգություն (հուշարձանների պահպանություն և վերականգնում, թանգարաններ), որոնք վերջին տարիներին ստացել են նոր որակական դրսևորում, Հասմիկ Պողոսյանը կարևորել է երկու երկրների միջև համագործակցության համար իրավական հիմքերի ապահովումը, ինչի համար լավագույն միջոցը միջնաժամկետ համագործակցության ծրագրերի մշակումն է:
ՀՀ մշակույթի նախարարը տեղեկացրել է վրացի գործընկերոջը, որ 2015 թ. լրանում է «ՀՀ մշակույթի նախարարության և Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարության միջև 2013-2015 թթ. համագործակցության մասին» ծրագրի գործողության ժամկետը և առաջարկել է սկսել նոր ծրագրի ստորագրման գործընթաց: Կողմեը պայմանավորվել են երկարաձգել փաստաթղթի գողծողության ժամկետը և այն դարձնել առավել գործնական:
Բարձր գնահատելով երկկողմ համագործակցությունը մշակութային ժառանգության պահպանության ոլորտում, Հասմիկ Պողոսյանը հույս է հայտնել, որ կողմերը կշարունակեն իրենց կառուցողական համագործակցությունը Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի շրջանակներում: ՀՀ մշակույթի նախարարը կարևորել է համատեղ աշխատանքային խմբի գործունեությունը, որը երկու երկրների միջև ձևավորված կառուցողական գործունեության դրսևորումներից է:
Հասմիկ Պողոսյանը նաև շնորհակալություն է հայտնել վրացի գործընկերոջը՝ Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի վերնորոգման և ամրակայման հարցում հետևողականության համար:
Անդրադառնալով «Համագործակցություն» նախագծին՝ Հասմիկ Պողոսյանն ասել է, որ նախագծի շրջանակում ընթացքի մեջ է հայ-վրացական կոմպոզիտորական փառատոն-համերգը, որն իրականացվում է Հայաստանի և Վրաստանի կոմպոզիտորների միությունների կողմից։
ՀՀ մշակույթի նախարարը Միխեիլ Գիորգաձեին առաջարկել է հեռուստատեսային, ջազային կամ համերգային համատեղ նախագիծ իրականացնել:
Միխեիլ Գիորգաձեն ՀՀ մշակույթի նախարարին տեղեկացրել է, որ Վրաստանը «Ստեղծագործ Եվրապա» ծրագրի պաշտոնական անդամ է՝ առաջարկելով Հայաստանի հետ որպես գործընկերներ՝ մշակութային համատեղ ծրագիր մշակել և ներկայացնել:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերականգնող-ճարտարապետների (ռեստավրատոր) մասնագիտությունը «ծերացող» է, առաջարկվել է երկու երկրների երիտասարդ մասնագետներին վերապատրաստել՝ ներգրավելով իտալացի մասնագետներին և փորձը:
Համատեղ ծրագրերի շարքում է նաև «Կինոէքսպրես» ծրագիրը, որը Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Միխեիլ Գիորգաձեի կողմից հավանության է արժանացել։ ՀՀ մշակույթի նախարարն առաջարկել է առաջիկայում այն իրականացնել Ջավախքում:
Հասմիկ Պողոսյանը նշել է, որ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կայուն համագործակցություն է ծավալում վրաց կինեմատոգրաֆիստների հետ. այս տարի փառատոնի շրջանակում կներկայացվի 3 ֆիլմ:
Անդրադառնալով «Երևան-Թբիլիսի տրանզիտ» երաժշտական նախագծին՝ Հասմիկ Պողոսյանը նշել է, որ հայկական կողմը հարցը բարձրացրել է դեռևս նախորդ տարի, համատեղ իրականացնելու համար: ՀՀ մշակույթի նախարարն առաջարկել է այն իրականացնել երկու երկրների նախարարությունների աջակցությամբ:
Հանդիպման ավարտին Միխեիլ Գիորգաձեն Հասմիկ Պողոսյանին նվիրել է 2014 թվականին Թբիլիսիում հրատարակված «Հին վրացերեն-հին հայերեն» փաստագրական բառարանը, որի հեղինակը Իլյա Աբուլաձեն է: