Ֆրանսիայի ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա առթիվ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն և շնորհավորել է դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Ֆրանսիայի ամբողջ ժողովրդին:
Սերժ Սարգսյանը տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին. «Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ՝ մաղթելով Ձեր երկրին հետագա առաջընթաց, բարգավաճում և միջազգային դիրքերի շարունակական ամրապնդում։ Վերահաստատում եմ իմ անձնական նվիրվածությունը հայ - ֆրանսիական դարավոր բարեկամությանը և մեր երկրների միջև հաստատված առանձնաշնորհյալ հարաբերություններին: Գոհունակություն եմ հայտնում Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության կապակցությամբ, որի վառ դրսևորումն են նաև վերջին շրջանի մեր պարբերական հանդիպումները»,- իր ուղերձում գրել է Սերժ Սարգսյանը՝ շարունակելով.- Մեծապես գնահատելի է Ձեր մասնակցությունը ապրիլի 24-ին Երևանում անցկացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի արարողությանը, ինչը մեկ անգամ ևս ընդգծեց Ձեր երկրի և անձամբ Ձեր հավատարմությունը համամարդկային արժեքներին, մասնավորապես՝ մարդկության դեմ իրականացված ծանրագույն ոճրի կանխարգելմանն ուղղված միջազգային պայքարին»։ Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Ֆրանսիայի ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում և բարձր է գնահատում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետևողական ջանքերը` ի նպաստ տարածաշրջանում խաղաղության և կայունության: «Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք ամրապնդել և խորացնել Հայաստանը և Ֆրանսիան միավորող կապերն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով` ի շահ մեր ժողովուրդների»,- Ֆրանսուա Օլանդին գրել է Սերժ Սարգսյանը: