Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Հանդիպմանն անդրադարձ է եղել աշնանը Դուշանբեում նախատեսված ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերի օրակարգին և ՀԱՊԿ-ում Հայաստանի առաջիկա նախագահության հարցերին։ Զրուցակիցները քննարկել են Հավաքական անվտանգության խորհրդի նախորդ նստաշրջանում ընդունված որոշումների իրագործման ընթացքը: Նիկոլայ Բորդյուժան ՀՀ նախագահին զեկուցել է կազմակերպության ընթացիկ գործունեության, համագործակցության շրջանակներում արձանագրված արդյունքների մասին:
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ևս հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ և հաստատել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ հանդիսացող ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցությանը և շարունակելու է հետևողական ջանքերը կազմակերպության շրջանակում դաշնակցային գործակցության ամրապնդման ուղղությամբ: