Հայ ժողովրդի բազմադարյան պատմության մեջ առանձնահատուկ տեղ ունի մեր պատմության և մշակույթի ժառանգությունը: Եվ այդ ժառանգության հուշարձանները, հազարամյակների արհավիրքներին դիմադիր, վեհությամբ, կանգուն կամ ավեր վիճակով՝ որպես քարե վավերագրեր, յուրովի բարեբանում են հայ մարդու մտքի թռիչքն ու կառուցողական արվեստը, հիացմունք պատճառում դիտողին: Հայոց քարե տարեգրության բյուրավոր և տարատեսակ հուշարձանները սերմնացանի սերմերի նման սփռվել են Հայկական լեռնաշխարհով մեկ և նրա սահմաններից դուրս, ուր ժամանակ առ ժամանակ, ճակատագրի բերումով, հանգրվանել-բնակվել է հայ մարդը:
Սակայն այստեղ փաստենք, որ աշխարհի հին ու շինարար ժողովրդի հետնորդ ու ժառանգորդ լինելն այնքան էլ հեշտ գործ չէ: Քանզի, դրանով պարծենալու զգացումից զատ, այն նախ և առաջ ունի պարտականության և պատմամշակութային արժեհամակարգի գիտակցում, պահպանում և արժանավայել ժառանգում: Մեր ժողովրդի ստեղծած դարավոր մշակույթով, անշուշտ, կարող ենք պարծենալ: Սակայն այս անհրաժեշտ զգացումը չպետք է վերածվի սնապարծության: Մանավանդ որ այսօր ամեն քայլափոխի ոտնահարում ենք մեր մշակույթի ազգային պատկանելության դիմագիծը: Ասածս վերաբերում է հայոց լեզվի աղավաղումներին, օտար ու գռեհիկ երաժշտությանը տեղ տալուն, եվրոպական և արևմտյան զանազան այլասերված բարքերի ընդօրինակումներին և այլն, և այլն… Մեր օտարամոլությունը հաճախ այն աստիճանի է հասնում, որ պարզապես անտեսում և արհամարհում ենք ազգային շատ ու շատ արժեքներ:
Կարո՞ղ ենք վստահաբար պնդել, թե ըստ արժանվույն, հոգատարությամբ պահպանում-նորոգում ենք, արժևորում ու հանրահռչակում մեզ ժառանգված արժեքները։
Ցավոք, պիտի արձանագրել` դեռևս այնքան էլ հասու չենք մեր ունեցած արժեքներին, դրանք պահպանելու գաղափարին: Մանավանդ որ, ինչպես ժամանակին իրավամբ նշել է Իլյա Էրենբուրգը, Հայաստանի հողի վրա պետք է ակնածանքով ու ոտաբոբիկ քայլել՝ չվնասելու համար ամեն քայլափոխի հանդիպող մշակութային ժառանգության բեկորները:
Այսօր մեր մշակույթի պատմության, նյութական ժառանգության պահպանության բնագավառում առկա խնդիրներից վկայակոչեմ մի քանիսը, որոնք կարոտ են թե՛ ակադեմիական հիմնարար և թե՛ գիտահանրամատչելի ուսումնասիրությունների: Օրինակ, առայսօր հայագիտությունը չունի հայկական որմնանկարչության վերաբերյալ ամփոփ որևէ հետազոտություն, որն ընդգրկի մինչև մեր օրերը հասած հայոց որմնանկարչության արժեքները: Հատկապես այն պարագայում, որ եղածներն էլ տարեցտարի քայքայվում ու վերանում են: Այդ ուղղությամբ ընդամենը ունենք մի քանի հուշարձանների (Էրեբունի բերդաքաղաք, Քոբայր, Ախթալա, Կիրանց վանք) որմնանկարչությանը նվիրված աշխատանքներ: Մեր տեսադաշտից առհասարակ դուրս է մնացել Արևմտյան Հայաստանի հուշարձանների որմնանկարչությունը, ինչը, թերևս պայմանավորված է օբյեկտիվ հանգամանքներով:
Գոհացուցիչ չէ նաև հայոց գրչօջախների ու նրանց պատմության ուսումնասիրման, Հայաստանից դուրս գտնվող հայոց վիմագրական ժառանգության հավաքման ու հրատարակման գործի կազմակերպումը: Անելիքները շատ են նաև հայկական կիրառական արվեստի զանազան ճյուղերի ուսումնասիրության բնագավառում: Մի փաստ ևս նշեմ. առայսօր հայագիտության մեջ բաց է մնում հայ ժողովրդի հոգեբանության ուսումնասիրումը: Այս ուղղությամբ, մի քանի հրապարակումներից զատ, չունենք համապարփակ գիտական ուսումնասիրություններ: Դեռևս հայագիտության տարբեր ճյուղերի, օրինակ, հնագիտության, լեզվաբանության, ազգագրության, ճարտարապետության և այլ բնագավառների վերջին տասնամյակներում ձեռք բերած նորագույն հայտնագործությունները ուշացումներով են տեղ գտնում Հայաստանի պատմությանը վերաբերող հիմնարար աշխատություններում:
Ավելի մտահոգիչ է նաև աշխարհասփյուռ հայոց հուշարձանների թե՛ ուսումնասիրման և թե՛ մասնավորապես նրանց պահպանության վիճակը: Ընդգծենք, որ վերջին տասնամյակներում թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում մեր հուշարձանների վերաբերյալ հայ և օտարազգի մասնագետների ջանքերով իրականացվել են մի շարք կարևոր հրատարակություններ: Այնուամենայնիվ, այդ բնագավառում անելիքները դեռևս շատ են:
Ինչ վերաբերում է հայկական հուշարձանների պահպանության հարցին, ապա այստեղ պետք է պարզապես փաստել, որ վիճակը ողբալի է: Եթե դիմենք փաստերին, ապա, ուզենք, թե չուզենք, պետք է արձանագրենք, որ անցած 100-120 տարում Արևմտյան Հայաստանի տարածքում թուրքական իշխանությունների թողտվությամբ ու նրանց ձեռքերով հիմնահատակ ավերվել է մոտավոր հաշվարկներով 170-180 000 մեծ ու փոքր հուշարձանների գրեթե 97-98 %-ը, որոնք այդպես էլ անհայտ մնացին թե՛ հայ ժողովրդին, թե՛ աշխարհի առաջադեմ մարդկությանը: Սա մեր ժողովրդի նյութական ժառանգության ահռելի և անվերականգնելի կորուստն է: 1988-2006 թթ., Ադրբեջանի և Նախիջևանի իշխանությունների կազմակերպած մշակութային եղեռնագործության զոհ դարձան հայ ժողովրդի ստեղծած շուրջ 27000 մեծ ու փոքր հուշարձանները։ Ջարդը կանխելու և Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու նպատակով Հայաստանը, և առհասարակ համայն հայությունը, առայսօր գրեթե ոչինչ չձեռնարկեցին: Չի կարելի անտեսել և այն փաստը, որ հայոց հուշարձանների սեփականացմամբ է զբաղվում մեր հարևան Վրաստանը: Ասել է` տարեցտարի ստիպված ենք մեր հուշարձանների կորստյան փաստերը հաշվետար-հաշվապահների նման արձանագրել և ընդամենը ցավ ու ափսոսանք հայտնել:
Արձանագրեմ նաև այն փաստը, որ թե՛ մեզնից յուրաքանչյուրը, թե՛ ցանկացած չինովնիկ պատեհ առիթով հպարտանում են մեր ապուպապերի ստեղծածով: Սակայն, երբ անհրաժեշտ է հոգածություն ցուցաբերել այդ ժառանգությունը հավուր պատշաճի պահպանելու համար, վերաբերմունքը գրեթե զրոյականի է հասնում, նույնիսկ թշնամանքի ու վանդալիզմի: Որպես օրինակ հիշենք հենց Երևան քաղաքի պատմական միջուկի 19-րդ դարի ժողովրդական տների վերացումը մեր օրերում, քաղաքի այս կամ այն մասերում, գերեզմանատներում առկա մետաղական քանդակների ու կիսանդրիների գողություններն ու պղծումները, հանրապետության տարբեր վայրերում գտնվող հնագիտական հուշարձաններում գանձախուզության տարածված դեպքերը, մեր վանքերի ու եկեղեցիների և այլ հուշարձանների պահպանական գոտիներում զանազան մեծ ու փոքր շինություններ տեղադրելու փորձերը: Միով բանիվ, ես երբեմն մտածում եմ այն մասին, որ մենք երևի թե մեր նախնիների արժանավոր սերունդներն ու ժառանգները չենք: ՈՒզես թե չուզես, հիշում ես մինչ օրս իր այժմեականությունը չկորցրած, եթե չեմ սխալվում, Գարեգին Նժդեհի իմաստուն այն խոսքը, որ «մեր դժբախտությունն այն չէ, որ աշխարհում կան թուրքեր, այլ այն, որ կան թուրքանման հայեր»:
Ինձ ցավ է պատճառում հիշյալ խոսքերի ցիտումը։ Սակայն իրողությունը դա է և կատարվում է թե՛ գիտակցված, թե՛ չգիտակցված հանգամանքների, մեր պետական ու ազգային շահերին անհաղորդ պատասխանատուների անմիտ ու հակաազգային որոշումներով: Իսկ և իսկը, բակլան իմն է՝ կուզեմ խաշած, կուզեմ՝ անխաշ կցանեմ: Փաստեմ մեկ այլ իրողություն. առայսօր հայկական իրականության մեջ գոյություն չունի պարզ մի ցուցակագրություն, թե ի վերջո հայը իր հայրենիքում և աշխարհասփյուռ այլ վայրերում, ուր ճակատագրի բերումով հանգրվանել-հարատևել է, ի՞նչ և ի՞նչ թվաքանակով հուշարձաններ է ստեղծել, որոնք զանազան պահպանվածություններով մեր օրերն են հասել, կամ էլ արձանագրվել-հիշատակվել են գրավոր աղբյուրներում: Թե համազգային այս թմբիրից երբ պետք է դուրս գանք, դժվար է ասել: Նշեմ միայն հետևյալը. այդ խիստ կարևոր աշխատանքի կազմակերպումը հանրապետությունում սկիզբ էր առել դեռևս 1983 թ.՝ այն ժամանակվա մինիստրների խորհրդին առընթեր հուշարձանների պահպանության և օգտագործման գլխավոր վարչության համակարգում, վարչության պետ Ալեքսան Կիրակոսյանի և տողերիս հեղինակի ջանքերով: Ես եղել եմ այդ աշխատանքները կատարող նորաստեղծ բաժնի հիմնադիր բաժնի վարիչը և մանրամասնորեն մշակել-ծրագրավորել ու ղեկավարել բաժնի բոլոր աշխատանքները: Այստեղ խոսքս համառոտելով միայն ընդգծեմ` մեր մշակույթի նախարարության ու նրա ենթակա ՊՈԱԿ-ի «գերխելոք» առաջին դեմքերի ջանքերով և, թող ամենևին էլ վիրավորական չդիտվի, առանց աչք թարթելու՝ Գ. Նժդեհի վերոնշյալ խոսքերի տրամաբանությամբ, լուծարվեց-վերացվեց այդ աշխատանքները իրականացնող բաժինը, որի կատարած հսկայածավալ աշխատանքի արդյունքները վերջին տարիներին արդեն վերածվել էին հայկական աշխարհասփյուռ հուշարձանների համահավաք ցուցակների: Այնպես որ, թուրքերը ծրագրված կարգով վերացնում են հայկական հետքերը, իսկ մեր պատասխանատուներն էլ՝ իրենց անմիտ գործողություններով ու որոշումներով, կարծես ձեռք ձեռքի տված, կասեցնում են դրանք ընդամենը մի քանի բառով հիշեցնելու-փաստելու անհրաժեշտությունը:
ՈՒ սա այն դեպքում, երբ ներկայիս Ադրբեջանի և Նախիջևանի տարածքում մի քանի հայկական հուշարձաններից բացի, մնացածը հիմնահատակ կործանված են: Կարծում եմ` 30-40 տարի հետո Արևմտյան Հայաստանի տարածքում այսօր դեռևս առկա հայկական հուշարձանների զգալի մասն էլ հիմնահատակ կավերվի, և կմնան սահմանափակ քանակի այն հայոց վանքերն ու եկեղեցիները, որոնք գործող կլինեն կամ էլ Թուրքիայի կողմից ցուցադրաբար կնորոգվեն, ինչը և արվում է վերջին 8-10 տարիներին: Վրաստանի որդեգրած քաղաքականությունն էլ, ինչպես արդեն նշեցի, հայկական ծագում ունեցող արժեքների վրացականացումն է: Մեր հարևան միակ երկիրը, ուր հայկական հուշարձանները սրտացավությամբ պահպանվում ու նորոգվում են, Իրանի Իսլամական Հանրապետությունն է: Ընդգծեմ, որ Իրանի հայոց վանքերի և եկեղեցիների նորոգումների աշխատանքները պետական միջոցներով իրականացվում են դեռևս 1960-ական թվականներից: Նշեմ նաև, որ 2014 թ. դեկտեմբերին ավարտվեցին իրանյան ափում գտնվող Հին Ջուղայի Հովվի եկեղեցու հիմնանորոգման ու շրջապատի բարեկարգման աշխատանքները, որի վերաօծման արարողությունը կատարվեց 2015 թ. ապրիլի 9-ին: Հիշենք նաև այն, որ վերջին տարիներին Իրանի ներկայացմամբ՝ նրա տարածքում գտնվող հայկական հուշարձաններից երեքը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում:
(շարունակելի)
Արգամ ԱՅՎԱԶՅԱՆ
Հայագետ-նախիջևանագետ,
ՀՀ մշակույթի
վաստակավոր գործիչ