Մեծ Բրիտանիայի միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության հարցերով պետքարտուղար Ֆիլիպ Համոնդն ընդունել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին։ Նրանք քննարկել են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման ուղիները, անդրադարձել են ՀՀ - ԵՄ հարաբերություններին, համագործակցության իրավական նոր հենքի ստեղծման քայլերին: Նախարարները հանգամանալից մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի, սիրիական ճգնաժամի և դրա կարգավորման ուղիների, ահաբեկչության դեմ ուղղված միջազգային հանրության պայքարի, Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության և դրա հետ կապված զարգացումների վերաբերյալ։
Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային ճաշ է ունեցել Եվրոպայի հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգթոնի հետ, որի ընթացքում քննարկվել են հայ - բրիտանական հարաբերությունները, ՀՀ-ԵՄ համագործակցությունը, ուկրաինական ճգնաժամը և կարգավորման ուղիները, միջազգային մի շարք խնդիրներ։
Զրուցակիցները նաև քննարկել են տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման ուղիները: Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների կողմից ձեռնարկվող համատեղ ջանքերը։ Միացյալ Թագավորության եվրոպական հարցերով նախարարը իր երկրի աջակցությունն է հայտնել այդ ուղղությամբ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը։
Էդվարդ Նալբանդյանը հարցազրույց է տվել BBC հեռուստաընկերությանը։