ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է սեպտեմբերի 13-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական արդյունքները։
Նախնական արդյունքներով Ստեփանակերտի քաղաքապետ է ընտրվել գործող քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, Ասկերանի քաղաքապետ՝ Սամվել Աղաջանյանը, Մարտակերտում հաղթել է գործող քաղաքապետ Միշա Գյուրջյանը, Մարտունում՝ միակ թեկնածու, գործող քաղաքապետ Մհեր Խաչատրյանը, Բերձորում էլ հաղթել է Արտյոմ Սարիբեկյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին հանրապետության 207 համայնքներում անց են կացվել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որին մասնակցելու իրավունք ունեին 94 377 ընտրող:
Ընտրություններին մասնակցել են 235 համայնքի ղեկավարի և 1228 համայնքի ավագանու անդամի թեկնածուներ: Համայնքի ղեկավարի թեկնածուների մեծ մասը` 135 հոգի կամ գրեթե 58 տոկոսը, անկուսակցական են, 125-ը (53,2%) գործող համայնքի ղեկավարներ են, 11 թեկնածուներ (4,7%) կանայք են: