Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Պեկինում հանդիպել է Չինաստանի արտահանման-ներկրման բանկի խորհրդի նախագահի տեղակալ Լյու Լյանգի հետ:
Զրուցակիցները քննարկել են Չինաստանի արտահանման-ներկրման բանկի մասնակցությամբ Հայաստանում ներդրումային ծրագրերի ֆինանսավորման հնարավորությունները, համագործակցության նախատեսվող ուղղությունները: Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է տնտեսության մեջ չինական ընկերությունների ներգրավվածությունը: Նրա խոսքով՝ վերջին տարիներին չինական կողմի հետ քննարկվել են Հայաստանում ներդրումային ծրագրերի, այդ թվում՝ Հայաստանի հարավային երկաթգծի կառուցման հնարավորությունները: Լյու Լյանգն ընդգծել է, որ շահագրգիռ են խորացնել Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները, և վստահություն հայտնել, որ առաջիկայում փոխգործակցությունն էլ ավելի կընդլայնվի և կզարգանա: Նա կարևոր է համարել Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունը, որը կարևոր նշանակություն կարող է ունենալ տարածաշրջանի զարգացման գործում: