Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Իտալիայի և Շվեդիայի վարչապետների հետ:
Սերժ Սարգսյանը և Մատեո Ռենցին քննարկել են հայ - իտալական քաղաքական երկխոսության և առևտրատնտեսական գործակցության հարցեր, անդրադարձել միջազգային կազմակերպություններում երկու երկրների համագործակցությանը:
Զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստանի և Իտալիայի միջպետական կապերը մշտապես զարգացել են փոխըմբռնման ոգով, սակայն երկու երկրների ներուժը թույլ է տալիս առավել սերտացնել հարաբերությունները: Նրանք կարևորել են երկու երկրների կայուն քաղաքական երկխոսության ակտիվացումը, որին, զրուցակիցների համոզմամբ, կարող են զգալիորեն նպաստել հաճախակի փոխայցերը: Այդ համատեքստում Սերժ Սարգսյանը ջերմությամբ է հիշել այս տարվա ապրիլին Իտալիա կատարած իր պաշտոնական այցը և նախագահ Սերջիո Մատարելայի հետ հանդիպումը: Հայաստանի նախագահն ընդգծել է, որ համատեղ ջանքերով երկու երկրները կարող են նոր մակարդակի բարձրացնել հայ - իտալական միջպետական հարաբերությունները, համագործակցությունը Եվրոպական միության շրջանակներում։ Սերժ Սարգսյանի խոսքով՝ Իտալիան Հայաստանի համար կարևոր է նաև որպես Եվրամիության առաջատար երկիր, որի հետ համընդգրկուն համագործակցության զարգացումը շարունակում է ծանրակշիռ տեղ զբաղեցնել Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում։ Նա հույս է հայտնել, որ Իտալիան կշարունակի աջակցել Հայաստան-ԵՄ ընթացիկ օրակարգի իրականացմանը: Սարգսյանը կարևորել է 2012 թվականից հայ - իտալական երկկողմ հարաբերությունների օրակարգում իր ուրույն տեղն զբաղեցնող ռազմական գործակցությունը` ընդգծելով, որ այն չի սահմանափակվում երկկողմ ձևաչափով․ անցյալ նոյեմբերից 32 հայ խաղաղապահ ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի իտալական հրամանատարության ներքո ծառայություն է իրականացնում Լիբանանում, ինչը կարելի է համարել հայ - իտալական համագործակցության հաջողված օրինակ։
Հայաստանի նախագահը և Իտալիայի վարչապետը կարևորել են նաև խորհրդարանական դիվանագիտության նշանակությունը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում, արձանագրել են, որ վերջին 4 տարում, չնայած գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամին, երկու երկրների միջև առևտրաշրջանառությունն զգալիորեն մեծացել է: Նախորդ տարվա ցուցանիշով, Իտալիան ԵՄ-ի երկրների շարքում Հայաստանի երկրորդ առևտրային գործընկերն է՝ Գերմանիայից հետո:
Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին և մարտահրավերներին, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին և առկա խնդիրներին: Սարգսյանն ընդգծել է, որ որպես բարեկամ երկիր՝ Հայաստանի համար կարևոր է Իտալիայի շարունակական հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցում։
Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի նախագահը բարձր է գնահատել երկու երկրների համագործակցությունը, որ վերջին տարիներին նկատելի զարգացում է արձանագրել՝ նշանավորվելով արտաքին գերատեսչությունների ղեկավարների ակտիվ երկխոսությամբ, դեսպանությունների բացմամբ, փոխայցերով: Հանդիպման մասնակիցները հայ - շվեդական համագործակցության օրակարգում կարևոր տեղ են վերապահել Հայաստան-ԵՄ հարաբերություններին և գործակցությանը: Նախագահն ընդգծել է Շվեդիայի՝ որպես Արևելյան գործընկերության համահեղինակ երկրի դերակատարումը Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդման գործում: Զրուցակիցները նշել են երկկողմ առևտրատնտեսական կապերի զարգացման անհրաժեշտությունը, ընդգծելով, որ այդ ոլորտում արձանագրված ցուցանիշներն այսօր դեռևս չեն համապատասխանում Հայաստանի և Շվեդիայի տնտեսական գործակցության ներուժին, որի ամբողջական բացահայտման համար անհրաժեշտ է պետական մակարդակով խթանել փոխադարձ շփումները, տեղեկատվության փոխանակումը, ձևավորել իրավական լիարժեք բազա, կազմակերպել գործարար համաժողովներ։
Սերժ Սարգսյանը կարևորել է Շվեդիայի հավասարակշռված մոտեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: Կողմերն անդրադարձել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հարցերին: Սերժ Սարգսյանը և Ստեֆան Լյովենը կարևորել են բարեկամ երկու երկրների միջև խորհրդարանական համագործակցության ակտիվացումը: