Նախագահ Սերժ Սարգսյանը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ, այսօր այցելել է ՀՀ- ում ՉԺՀ դեսպանատուն: Նա ՉԺՀ կազմավորման 66-րդ տարեդարձի կապակցությամբ հայ ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորել է դեսպան Թիեն Ըրլոնգին, դեսպանատան անձնակազմին և ի դեմս նրանց՝ Չինաստանի բարեկամ ժողովրդին: Սերժ Սարգսյանը տոնի առթիվ նաև շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահ Սի Ձինպինին.
«Ձերդ գերազանցություն,
Ջերմորեն շնորհավորում և լավագույն բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Չինաստանի բարեկամ ժողովրդին ՉԺՀ կազմավորման 66-րդ տարեդարձի կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր հմուտ կառավարման ներքո Չինաստանը կշարունակի ամենատարբեր ոլորտներում արձանագրել նորանոր հաջողություններ՝ պահպանելով հաստատուն առաջընթացի և վերելքի ուղին: Գոհունակությամբ ուզում եմ նշել, որ Հայաստանի և Չինաստանի միջև ձևավորված ավանդական բարեկամական հարաբերությունները դինամիկ զարգանում են, ակտիվանում են բարձր մակարդակի երկխոսությունը և բազմոլորտ համագործակցությունը: Վստահ եմ, որ այս տարվա մարտին Ձեր հրավերով Չինաստան կատարած իմ պետական այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների և նախանշված ծրագրերի կյանքի կոչումը, այցին հաջորդած մի շարք բարձրաստիճան փոխայցելությունները նոր որակ և բովանդակություն կհաղորդեն մեր հարաբերություններին:
Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության բոլոր ոլորտներում վերջին տարիներին արձանագրված հաստատուն աճը պահպանելու և խթանելու նպատակով պատրաստ եմ Ձեզ հետ միասին, մեծարգո պարոն նախագահ, ակտիվ ջանքեր գործադրել՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների և երկրների:
Մաղթում եմ Ձեզ, Ձերդ գերազանցություն, քաջառողջություն և հաջողություններ, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ երջանկություն և բարօրություն»: