ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի զեկուցող Ռոբերտ ՈՒոլտերի զեկույցի վերնագիրը՝ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում», արտացոլում է հակամարտության միայն մեկ կողմի՝ Ադրբեջանի դիրքորոշումը, ինչը կանխորոշում է զեկույցի բովանդակությունը և եզրակացությունները՝ «Ազատության» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է ԼՂՀ ԱԳ փոխնախարար Արմինե Ալեքսանյանը: Հարցին, թե ինչպիսին է եղել ԼՂՀ իշխանությունների պատասխանը ՈՒոլտերին, երբ նա դիմել է պաշտոնական Ստեփանակերտին՝ խնդրելով աջակցել «Բռնության աճը ԼեռնայինՂարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» զեկույցի պատրաստման նպատակով Լեռնային Ղարաբաղ այցելելու հարցում, ԱԳ փոխնախարարը պատասխանել է. «Իրոք, սեպտեմբերի 22-ին գրավոր դիմում է հղել ԼՂՀ իշխանություններին՝ խնդրելով աջակցել Արցախ այցելելու հարցում։ Ի պատասխան ՈՒոլտերին ենք փոխանցել մեր դիրքորոշումն այդ հարցի շուրջ։ Մեր կարծիքով, նման մոտեցումը խախտում է Եվրոպայի խորհրդի զեկույցների պատրաստման հիմնական սկզբունքները, որոնք են անկողմնակալությունն ու չեզոքությունը, ինչը խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ համագործակցությանը»: Ակնհայտ է, որ իր զեկույցում Ռոբերտ ՈՒոլտերը մտադիր է նաև անդրադառնալ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ռազմաքաղաքական ասպեկտներին։ «Այս կապակցությամբ, մենք նշել ենք, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերը դիտարկվում են համաձայնեցված ձևաչափով, որն ունի միջնորդական գործունեություն իրականացնելու մանդատ՝ ճանաչված միջազգային հանրության կողմից։ Հակամարտության բոլոր երեք կողմերի հետ համաձայնեցված ձևաչափն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, որն անհրաժեշտ փորձ է կուտակել, ինչը թույլ է տալիս միջնորդներին մասնագիտորեն, հետևողականորեն և ինստիտուցիոնալ հիմքերի վրա իրականացնել իրենց գործունեությունը»,- ասել է նա: