ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
20-րդ դարի վերջին Արցախի հետ վերամիավորման պայքարը դարձավ հայության նոր զարթոնքի գլխավոր խթանը: Պայքարի բովում համախմբված հայ ժողովուրդը, առավելագույնս ներդնելով իր բոլոր կարողությունները, ժամանակի մարտահրավերները դիմավորեց ինքնիշխանության վերականգնման խոր գիտակցությամբ տոգորված ամենակազմակերպված ժողովրդի կեցվածքով: Անկախ պետականության վերականգնման սկիզբն ազդարարող Հայաստանի անկախության հռչակագիրը խոր վերլուծության ու լուրջ ներազգային համաձայնության արդյունքում արձանագրեց հայ ժողովրդի պատմության ու նրա հետագա զարգացման բոլոր նրբերանգներն արտացոլող խնդիրներն ու նպատակները: Այդ հռչակագրով, որի ընդունմանը լիիրավ մասնակցեցին նաև ազատագրված Արցախի տարածքներից ընտրված պատգամավորները, վերահաստատվեց Արցախի՝ Հայաստանի հետ վերամիավորման իրողությունն ու ի լուր աշխարհի հռչակվեց Արցախի բնակիչներին Հայաստանի քաղաքացիություն շնորհելու մասին:
Աշխարհն առանց լուրջ վերապահումների ճանաչեց վերամիավորված Հայաստանի անկախությունը և պատրաստակամություն հայտնեց շարունակելու արդեն իսկ սկսված ու քայլ առ քայլ իրավական հիմքերի վրա դրվող համագործակցությունը հայկական պետության հետ:
Այդ մթնոլորտում առաջին նախագահը և իր վարչակազմը սկսեցին վերամիավորված Արցախը քայլ առ քայլ Հայաստանից տարանջատելու գործընթացը: Կազմակերպվեց Արցախի անկախության հանրաքվեն: Վերամիավորման հաղթական ընթացքը վայելած արցախցին ակնհայտորեն կողմ կքվեարկեր և Հայաստանին վերամիավորմանը, եթե նրան այդպիսի հնարավորություն տրվեր:
Հաջորդ քայլը Հայաստանի անկախության հանրաքվեն էր՝ կրկին առանց Արցախի բնակչության, որի արդյունքում ազատագրված Արցախն իր բնակչությամբ վերջնականապես հայտնվեց չճանաչված ինքնահռչակ հանրապետությունների շարքում ու ներկայումս ավելի շատ դիտարկվում է որպես «խաղի կանոնների», քան միջազգային իրավունքի սուբյեկտ:
Անցած տասնամյակների ընթացքում շեղումները վերամիավորման սկզբունքներից բացասաբար են անդրադարձել սոցիալական, տնտեսական ու քաղաքական համակարգերի վրա ու պատճառ են դարձել անվստահության ու բազմաթիվ քայքայիչ գործընթացների:
Հատկանշական է, որ ՀՀ բոլոր նախագահները Ադրբեջանի ագրեսիան կանգնեցնելու վճռական պահերին հայտարարել են, որ Արցախը Հայաստանի անբաժան մաս է:
Նման հայտարարությամբ հանդես եկավ նաև նախագահ Սերժ Սարգսյանը ս. թ. սեպտեմբերին 26-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հանձնաժողովի նիստում:
Ելնելով վերոգրյալից` մենք` ներքոստորագրյալներս,
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ
-Արցախյան հարցը եղել և մնում է հայ ժողովրդի անվտանգության, ապահովության ու ինքնիշխանության հիմնական գործոններից մեկը և կարող է հերթական անգամ դառնալ հայ ժողովրդի բոլոր կարողությունների համախմբման առանցք: Նախագահի հայտարարությունը Արցախը Հայաստանի անբաժան մաս լինելու մասին պետք է լցվի իրական բովանդակությամբ, այն է՝ նախատեսվող սահմանադրական հանրաքվեն դարձվի Արցախի վերջնական վերամիավորման գործիք:
-Արտաքին ու ներքին մարտահրավերները, նոր պատերազմի իրական վտանգը պահանջում են հայ ժողովրդի բոլոր կարողությունների արագ համախմբում, տնտեսության կառավարման հատուկ դրություն, ընդհուպ մինչև ռազմական դրություն հայտարարելը:
-Անհրաժեշտ է անհապաղ նախաձեռնել ժողովրդի համախմբմանն ուղղված ու յուրաքանչյուր հայի խղճին ու մտքին հասանելի գործընթացներ՝ կատարելով կառավարման համակարգի փոփոխություններ՝ ուղղված խոր վերլուծության ու բանավեճի մթնոլորտի ձևավորմանը:
-ԼՂՀ ներկայիս սահմանները ոչ միայն պայմանավորված են պաշտպանական գծով, այլև հանդիսանում են Հայաստանի պատմական տարածքները։
-Այս պայմաններում հասարակության ուշադրությունը իրական խնդիրներից շեղող նախաձեռնությունները, ինչպիսին է ՀՀ ներկայիս վարչական սահմաններում անցկացվելիք հանրաքվեն, կհանգեցնեն նոր քայքայիչ հետևանքների ու անխուսափելի կորուստների: Իսկ դրա ծառայեցնելը երկրի վերամիավորված կարգավիճակի վերականգնմանը կհանդիսանա գործընթացի միակ արդարացումը:
ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ
-Հիմնվելով Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի վրա՝ վերամիավորված Հայաստանի տարածքում (ներառյալ ԼՂՀ ներկայիս սահմանները) անցկացնել սահմանադրական հանրաքվե ԼՂՀ քաղաքացիների մասնակցությամբ:
Հրանտ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կարեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Վահագն ՊՈՂՈՍՅԱՆ
Գագիկ ԳԻՆՈՍՅԱՆ
Կարեն ԱԴՈՆՑ
Արման ՌԵՎԱԶՅԱՆ
Նամակը հրապարակումից հետո բաց է ստորագրման համար։