Նախագահ Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանում Իրանի դեսպանության 20 տարիների գործունեությունը և հույս հայտնել, որ նոր դեսպանը կշարունակի մեծ ուշադրությամբ վերաբերվել հայ - իրանական հարաբերություններին, ինչպես արել են Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտած ու արդեն հայ ժողովրդի բարեկամների շարքերը համալրած Իրանի նախորդ դեսպանները:
Նախագահը նշել է, որ Սաջադին պաշտոնավարումն սկսել է կարևոր մի ժամանակահատվածում, երբ սպասվում է բարեկամ երկրից բարձրաստիճան այցելություն՝ Իրանի առաջին փոխնախագահ Էսհաք Ջահանգիրիի այցը:
Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են երկկողմ բարձր մակարդակի պայմանավորվածությունների արդյունքում հաստատված՝ տարբեր ոլորտներ ներառող հայ-իրանական խոշոր նախագծերի իրագործմանը, որոնք որակական նոր մակարդակի կբարձրացնեն երկկողմ հարաբերությունները: Նրանք համակարծիք են եղել, որ ինտեգրացիոն նոր գործընթացները լայն հնարավորություններ են ստեղծում Հայաստանի և Իրանի երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով գործակցությունը զարգացնելու համար: Դեսպանը մեծագույն դրվատանքով է խոսել իրանահայ համայնքի մասին՝ ընդգծելով համայնքի մեծ դերակատարությունը երկկողմ միջպետական հարաբերություների ամրապնդման գործում: Սաջադին վստահեցրել է, որ նույնպիսի նվիրվածությամբ և եռանդով կշարունակի նախորդ դեսպանների աշխատանքը և կանի հնարավորը՝ զարգացնելու հայ-իրանական կապերը: