Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Կարող է Իրան-Հայաստան հարաբերությունների նոր փուլի սկիզբ դրվել

Կարող է Իրան-Հայաստան հարաբերությունների նոր փուլի սկիզբ դրվել
15.10.2015 | 20:05

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջհանգիրիի գլխավորած պատվիրակությանը: Նա ողջունել է հյուրերին և ընդգծել, որ Հայաստանում երբևէ առիթը բաց չեն թողնում խոսելու բարեկամ Իրանի հետ դարերի ընթացքում ձևավորված ջերմ հարաբերությունների մասին, որոնք Հայաստանի համար կենսական նշանակություն ունեն և պայմանավորված են պատմամշակութային ընդհանրություններով, փոխադարձ տնտեսական շահերով, աշխարհաքաղաքական դիրքի առանձնահատկություններով, տարածաշրջանային խնդիրներին ընդհանուր մոտեցումներով: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Իրանի հետ ավելի խորացնել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ու համագործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներում: Նա համոզված է, որ եկել է ժամանակը՝ երկկողմ օրակարգն ընդլայնելու և հայ - իրանական հարաբերությունների մակարդակը ևս մեկ աստիճանով բարձրացնելու: Սերժ Սարգսյանը այդ համատեքստում մեծապես կարևորել է Ջհանգիրիի այցը Հայաստան, որը կարող է երկկողմ հարաբերությունների նոր փուլի սկիզբ դնել: Իրանի նախագահի առաջին տեղակալը շնորհակալություն է հայտնել Հայաստան այցի հրավերի ու ջերմ ընդունելության համար և հանդիպման սկզբում նախագահին փոխանցել իր երկրի նախագահ Հասան Ռոհանիի ջերմ ողջույնները: Ջհանգիրին գոհունակությամբ է խոսել Հայաստանի կառավարությունում ունեցած բանակցությունների արդյունքների մասին, նշել, որ այցի օրակարգը բավականին հագեցած է՝ Երևանում նախատեսվում են մի շարք այլ հանդիպումներ ևս, որոնք առավել կամրապնդեն բարիդրացիական հարաբերություններ ունեցող Իրանի և Հայաստանի միջև կապերը:
Էսհաղ Ջհանգիրին ընդգծել է, որ Հայաստանը, որպես բարեկամ և հարևան երկիր, իր ուրույն տեղն ունի Իրանի արտաքին հարաբերություններում:
«Հայաստանը մեր դժվարին ժամանակների բարեկամն է եղել և շարունակում է մնալ բարեկամ, որի հետ Իրանը պատրաստակամ է զարգացնելու ոչ մի սահմանափակում չունեցող հարաբերությունները»,- ասել է Իրանի նախագահի առաջին տեղակալը՝ կարևորելով հատկապես առևտրատնտեսական հարաբերությունների աշխուժացումը: Սերժ Սարգսյանը և Էսհաղ Ջհանգիրին քննարկել են հայ-իրանական փոխգործակցության զարգացման գործում զգալի կարևորություն ունեցող էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում նախատեսված խոշոր ծրագրերի իրականացման ընթացքն ու փոխշահավետ այլ ոլորտներում նոր նախաձեռնությունների իրագործման հեռանկարը՝ նկատի առնելով ԵԱՏՄ անդամ Հայաստանի հետ տնտեսական փոխգործակցության ավելի լայն հնարավորությունները:
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանի խնդիրներին և մարտահրավերներին, Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային գործընթացին՝ կարևորելով հիմնախնդրի խաղաղ կարգավորումը միջազգային իրավունքի չափանիշներին համապատասխան: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ Սիրիայի զարգացումների շուրջ: Երկուստեք կարևորվել է սիրիական ճգնաժամի կարգավորումը երկխոսության, խաղաղ բանակցությունների միջոցով: Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է ծայրահեղականության՝ որպես մարդկությանն ուղղված մեծագույն չարիքի դեմ պայքարում ջանքերի համախմբման անհրաժեշտություն, նշելով, որ Հայաստանը պատրաստ է իր համեստ ներդրումն ունենալ այդ գործում՝ խորապես շահագրգռված լինելով տարածաշրջանի կայունությամբ և անվտանգությամբ:

Դիտվել է՝ 517

Մեկնաբանություններ