Գերմանիան, Բելգիան, Դանիան և Նորվեգիան մինչև 2024 թվականի վերջ ՈՒկրաինային 1,4 միլիարդ եվրոյի ռազմական օգնության փաթեթ կտրամադրեն՝ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Հոկտեմբերի 11-ին Գերմանիա ժամանած ՈՒկրաինայի նախագահը ճեպազրույցում հայտարարել է, որ ցանկանում է Ռուսաստանի հետ հակամարտության ավարտը տեսնել ոչ ուշ, քան 2025 թվականը։               
 

Մա, ներիր ինձ…

Մա, ներիր ինձ…
22.10.2015 | 12:49

Մելանյա

ՊԵՏՐՈՍՅԱՆՑ


Մտավ տուն, դուռը հետևից ամուր փակեց, մեջքով հենվեց դռանն ու մի երկար հոգոց հանեց։
-Արուսիկ, դո՞ւ ես,- խոհանոցից ձայնեց մայրը։
-Հա, մամ, ես եմ։- Պատասխանեց ու արագ քայլերով անցավ լոգարան։
Միայն այստեղ բացեց պայուսակը, հանեց ոսկե մի գեղեցիկ, ադամանդակուռ ապարանջան, երկար նայեց, շուռումուռ տվեց, նորից դրեց պայուսակը։ Ձեռքերը դողում էին դեռ, ավելի ճիշտ՝ ողջ մարմնով էր դողում։ Նորից աչքի առաջ եկավ ապարանջանը վերցնելու, ավելի ճիշտ՝ գողանալու պահը։ Ինքը շրջում էր ոսկու շուկայում։ Մոտեցավ վաճառող կանանցից մեկին, խնդրեց ցույց տալ ինչ-որ մատանի, մատանին չհավանեց, վաճառողուհին բաց ցուցափեղկից տվեց մի ուրիշը, ինքը փորձեց այն մատին, հենց այդ պահին հետևի կողմից ինչ-որ մեկը ձայն տվեց վաճառող կնոջը, կինը հետ դարձավ, մի ակնթարթում ինքը հասցրեց բաց ցուցափեղկից վերցնել շլացնող ապարանջանը, պահել ափի մեջ, հետո սահեցնել գրպանը, մատանին վերադարձրեց կնոջը, սկսեց նայել մյուս մատանիները, բայց զգաց, որ ողջ մարմինը դողում է, հարկավոր է շտապ հեռանալ, շուկայից դուրս եկավ, իրեն գցեց առաջին պատահած տաքսին, մեկ անգամ էլ նայեց ապարանջանն ու տեղավորեց պայուսակի թաքստոցում;
Այս ի՞նչ արեց, ինչո՞ւ գնաց այս քայլին, հիմա ինչպե՞ս է ապրելու, ինչպե՞ս է նայելու մարդկանց աչքերին։ Ինքը միշտ արհամարհել, չի հասկացել գողություն անողներին, առավել ևս աղջիկներին ու հիմա, խնդրեմ, ինքը գնաց այդ քայլին։ Բա ի՞նչ աներ, աշխատավարձը կոմունալ ծախսերին անգամ չի բավականացնում, թեև աշխատանք ճարելն էլ հեշտ չէ, արդեն տասն օրից ավելի է, փնտրում է ու արդյունք չկա, իսկ օրեցօր հյուծվող հիվանդ մայրն ու վաղամեռիկ քրոջ դուստրը իր երեսին են նայում։ Մայրը։ Ինքը չի կարողանում նայել, չի դիմանում մոր տանջանքներին, ինքը ամեն ինչի ընդունակ է, միայն թե գոնե մի քիչ թեթևացնի մոր ցավերը։ Վերջին մտքից կարծես որոշ թեթևացում զգաց ու լոգարանից դուրս եկավ։
Մայրն ու հինգամյա Գոհարիկը խոհանոցում թեյում էին։ Ինքը հրաժարվեց թեյից։ Անհանգիստ էր, տեղը չէր գտնում։ Վեր կացավ։
-Մամ, ես գնացի, մի քիչ քայլեմ, գամ,- ու դուրս եկավ;
Հասավ օպերայի հրապարակ։ Ինչպես միշտ, այստեղ բազմամարդ էր։ Մարդկանց մի խումբ նստացույց էր անում։ Իրեն բոլորովին չեն հետաքրքրում այդ նստացույց կամ հանրահավաք անողները, մանավանդ երբ մի քանի օր առաջ դրանց լավ իմացող տղաներից մեկը որոշ մանրամասներ պատմեց գրանտակերների մասին։ Էհ, թող ինչքան ուզում են նստացույց անեն, իրենց հասանելիք գումարը ստանան, նրանք էլ այդպես են վաստակում ու ապրում, չէ, դա իրենը չի, ինքն էդպիսի բաներ չի սիրում; Բայց չէ, հիմա կարծես սա միայն գրանտակերների բան չէ, այստեղ հսկայական ժողովուրդ է հավաքվել, արդեն լուրջ է։ Հանկարծ զգաց, որ մեկը ներքևից բռնեց ոտքը։ Ոտքը արագ քաշեց ու պատրաստվեց հրելու բռնողի ձեռքը։
-Գեղեցկուհի, ա՜յ, այն տղայի մոտից մի շիշ ջուր բեր, անվճար է։- Նստացույցի մասնակից մի երիտասարդ էր։
-Ինքդ գնա, վերցրու,- նետեց ատամների արանքից, բայց չգիտես ինչու ականջը շոյեց «գեղեցկուհի» բառը։
-Նա սահմանի վրա վիրավորված տղաներից է, ոտքի մեջ երկաթ կա, ջուր տար իրեն,- ականջի տակ ասաց կողքից արագ անցնողներից մեկը։
Մի պահ տատանվեց, հետո անվճար ջուր բաժանող տղայից վերցրեց ջուրն ու տարավ, պարզեց նստած տղային։ Տղան վերցրեց ջուրն ու մի կողմ քաշվեց՝ տեղ բացելով աղջկա համար։
-Արի, գեղեցկուհի, նստիր։
«Գեղեցկուհի» բառը նորից շոյեց ականջը։ Իրեն դեռ ոչ ոք այդպես չէր դիմել։ Մի տեսակ անծանոթ, հաճելի զգացում ապրեց։ Լուռ նստեց։ Սկզբում չէր հասկանում, թե ինչի մասին են խոսում, այդ ինչ են այդպես բուռն քննարկում։
-Չէ, հուսահատվել պետք չէ, պայքարը պետք է շարունակել, հաստատ արդյունք կունենանք,- նստածներին վստահեցնում էր ոտքից վիրավոր տղան։
Ինքը կողքից ուշադիր նայեց նրան, աչքն ընկավ տղայի ձեռքերին։ Պինդ, ամուր ձեռքեր էին, մատների վրա տեղ-տեղ ճաքեր կային, խնամքով լվացված էին, բայց սև բծերը վկայում էին, որ աշխատավոր ձեռքեր են։ Հանկարծ բարձրախոսով հնչեց ոստիկանության զգուշացումը։
-Նորից ենք զգուշացնում, ազատեք հրապարակը, վաղն այստեղ միջոցառում կա, ասֆալտը պետք է լվացվի, հրապարակը կարգի բերվի։
Նստածները որևէ վերաբերմունք ցույց չտվեցին հայտարարությանը, շարունակում էին իրենց քննարկումը։ Ուշադիր, հերթով նայեց դիմացի նստածներին։ Աշխատեց հասկանալ, թե ինչ են ուզում, ինչ են խոսում։ Քիչ անց նորից հնչեց ոստիկանության հայտարարությունը։
-Ձեզ տրված ժամանակը լրանում է, ազատեք հրապարակը՝ վաղվա միջոցառմանը նախապատրաստվելու համար, հակառակ դեպքում ուժ կգործադրվի։
Նայեք, ջրցան մեքենան եկավ,- խոսակցությունն ընդհատեց մի աղջիկ։
-Հա, պատրաստվում են, մենք էլ պատրաստվենք,- ասաց նստածներից մեկը։
-Գեղեցկուհի, դու գնա,- իրեն դարձավ ոտքից վիրավոր տղան- հա, հա, դու գնա։ Առաջին անգամ ես այստեղ, հնարավոր է խուճապի մատնվես։
Զարմացած նայեց տղային, բայց տեղից չշարժվեց;
-Իսկ դու՞ք։
-Մենք սովոր ենք,- ժպտաց տղան։
Չէ, տեղից չշարժվեց։ Զգաց, որ շուրջը աղմուկը շատացավ, ինչ-որ շարժում սկսվեց, մարդիկ սկսեցին վազել այս ու այն կողմ, նստածների թիվն ավելացավ։ Տղան ինչ-որ բան էր բղավելով ասում մյուսներին։ Աղմուկն ավելի մեծացավ, ինչ-որ մեքենաներ ազդանշաններ էին միացրել, իսկ նստածների շուրջը կարծես փակ օղակ էր առաջանում;
-Գեղեցկուհի, դու դեռ այստե՞ղ ես,- ժխորի մեջ նորից լսեց ոտքից վիրավոր տղայի ձայնը, ու նույն պահին էլ հանկարծ մի հուժկու հարված զգաց գլխին, տապալվեց գետնին։ Երբ աչքերը բացեց, զգաց, որ ջրի մեջ է, իսկ գլխի մեջ բղավոցներ, ժխոր էր։ Ցանկացավ ոտքի կանգնել, բայց դիմացից եկող ջրի հուժկու շիթը նորից գետին տապալեց։ Հասկացավ, որ կանգնել չի կարելի, չորեքթաթ գնաց դեպի նստարանները։ Երկու տղա վազեցին, օգնեցին, հասավ նստարաններին, նստեց։
Մեկը ծածկոց գցեց վրան։
-Դուք լա՞վ եք, շատ չե՞ք վնասվել։
Ծածկոցով սրբեց թաց դեմքն ու նայեց շուրջը։ Ի՞նչ եղավ սահմանում վիրավորված տղան, նա չէր կարող փախչել այդ ոտքով;
-Դուք դողացնում եք, լավ կլինի, տուն գնաք,- կողքից ասաց մեկը։
Հա, լավ կլինի, ինքը տուն գնա։
...Այդպես էլ չզգաց, չհասկացավ, թե ինչպես հասավ տուն։ Երևի բարի մարդիկ օգնեցին, տաքսի նստեցրին, նույնիսկ վճարել էին։ Տանը մոր ոչ մի հարցին չպատասխանեց, շորերը լուռ փոխեց ու պառկեց, բայց երկար ժամանակ դեռ դողացնում էր;
Առավոտյան արթնացավ դեմքը խուտուտ տվող արևի շողից։ Մի պահ ցանկացավ ձգվել, գրկախառնվել արևի հետ, ջերմ համբուրել նրա այրող թուշը, բայց բավարարվեց միայն ձեռքով ողջույն հղելով։ Այնպես մի տեսակ թեթև ու հանգիստ էր զգում՝ մոռացած հոգսերն ու խնդիրները, նույնիսկ ադամանդակուռ ապարանջանը։ Մտավ խոհանոց, մայրը թեյ էր լցնում, նստեց, մի կում արեց։ ՈՒշադիր նայեց մոր դեմքին, փորձեց գուշակել, արդյո՞ք էլի ցավերի մեջ է։ Մոր դեմքը հանգիստ էր, խաղաղ։ Ինքն էլ խաղաղվեց։ Մայրը ձայն տվեց սենյակում խաղացող փոքրիկին.
-Գեղեցկուհի, արի, թեյդ լցրել եմ։
«Գեղեցկուհի» բառը կարծես շանթահարեց մարմինը։ Գեղեցկուհի։ Աչքի առաջ եկավ նստացույցի մասնակից տղան։ Արագ վեր կացավ։ Եկել, իր համար անջատված քնել է։ Ի՞նչ եղան այդ մարդիկ, ինչ եղավ վիրավոր տղան, նրա ոտքի մեջ երկաթ կար, նա ի՞նչ արեց, ինչպե՞ս դուրս եկավ ջրի այդ սոսկալի շթի տակից։ Հասավ օպերայի հրապարակ։ Այս ու այն կողմ, խմբերով մարդիկ էին կանգնած, խաղաղ զրուցում էին։ Հերթով մոտեցավ բոլոր խմբերին. չէ, նա չկար։ Փորձեց երեկվա նստացույցից ծանոթ դեմք փնտրել։ Ըհը, կարծես այս տղայի դեմքը երեկ տեսել է այստեղ։ Մոտեցավ։
-Ներեցեք, երեկվա նստացույցի ժամանակ ձեզ հետ մի տղա կար նաև, նա ոտքից վիրավոր էր;
-Երևի Արտակի հե՞տ եք։
-Անունը չգիտեմ, նա ա՜յ այնտեղ, խմբի հետ նստած էր;
-Հա, Արտակն էր, ձեզ հիշեցի, եկաք, նստեցիք նրա կողքին։
-Այո, ճիշտ եք։ ՈՒզում եմ իմանալ՝ նա ո՞ւր է, ի՞նչ եղավ։
-Մի րոպե,- տղան նայեց շուրջն ու ձայն տվեց քիչ հեռու կանգնած մի ուրիշ տղայի։
-Համի՛կ, Համիկ,- հետո դարձավ աղջկան,- գնացեք, նա ձեզ կասի։
Մոտեցավ Համիկին։
-Ես ուզում եմ իմանալ, թե որտե՞ղ է Արտակը։
Տղան խոժոռ նայեց։
-Իսկ դուք ո՞վ եք, ինչո՞ւ եք հարցնում Արտակին։
-Ես երեկ Արտակի հետ էի նստած այստեղ, ուզում եմ իմանալ՝ նա ինչպե՞ս է։
Տղան նայեց շուրջը։
-Իսկ ձեր ինչի՞ն է պետք։
-Նա վիրավոր էր, ուզում եմ իմանալ՝ ինչ եղավ, ինչպե՞ս է իրեն զգում։
Տղան կարծես չէր վստահում, հետո ասաց.
-Լավ չի, ջրի շիթը դեմքին է հարվածել, աչքերի խնդիր է առաջացել։ Իսկ քաշքշուկի ժամանակ ոտքի մեջ եղած երկաթը շարժվել է երևի, լավ չի, տանը պառկած է։
Արուսիկը մի պահ տատանվեց, բայց հետո որոշեց։
-ՈՒզում եմ իրեն տեսնել, որտե՞ղ է ապրում։
Տղան սկզբում ուզում էր հրաժարվել ասելուց, բայց հանկարծ դարձավ աղջկան։
-Գնանք, ցույց կտամ։
Ոտքով բավական գնալուց հետո, տղան ցույց տվեց հինգհարկանի շենքի երկրորդ մուտքը։
-Այստեղ է, առաջին հարկի աջից սպիտակ դուռը,- ու հեռացավ։
Դուռը բաց արեց արդեն կռացած մի ծեր կին, հավանաբար Արտակի տատիկը։
-Բարև ձեզ, ես Արտակին եմ ուզում։
-Ներս արի։ Հիմա Արտակի մոտ բժիշկն է, կարող ես սենյակում սպասել, մինչև բժիշկը, տեսնենք, ինչ կասի,- ասաց ծեր կինն ու Արուսիկին ուղեկցեց սենյակ։
Սենյակում աչքի զարնող մաքրություն էր, կարգ ու կանոն։ Բավական հնաոճ կահույքը փայլում էր, զգացվում էր, որ տարիներ շարունակ այն տեղը տեղին խնամվել է, բազմոցի արդեն մաշված ծածկոցն էլ թարմ էր, ձիգ։ Բայց Արուսիկին գրավեցին պատերից կախված կտավները։ Աղջկան միշտ էլ ձգել, հետաքրքրել են նկարները, որոնց նայելիս, դեռ փոքրուց, նա ոչ միայն նայում էր, այլև խորանում նկարի մեջ, իրեն պատկերացնում այնտեղ, հատկապես երբ բնություն էր՝ անտառ, ծով, դաշտ։ Ինքը գնում էր նկարի անտառի արահետով, զգում ստվերների խոնավությունը, լսում անծանոթ, հեքիաթի թռչունների ծլվլոցն ու կռինչները։ Ծեր կինը պատմեց, որ ամուսինը՝ Արտակի պապիկը, նկարիչ է եղել, նրա բազմաթիվ նկարներից սրանք են մնացել։ Արտակի ծնողների ողբերգական մահից հետո ամուսինը մեծ մասը վաճառել է, բայց երբ Արտակը մեծացավ, արգելեց այլևս նկարներին ձեռք տալ, որքան էլ նեղության մեջ են եղել, մանավանդ որ հիմա պապիկն էլ չկա։
-Գեղեցկուհի՞,- Արտակի ձայնը սթափեցրեց աղջկան։
Շրջվեց ու մի պահ շփոթմունքից չիմացավ ինչ ասել, հազիվ շշնջաց.
-Բարև ձեզ, ինչպե՞ս եք։
...
Արտակենց տանից դուրս եկավ, մի պահ կանգնեց, չէր կարողանում որոշել, թե ուր գնա։ Նորից իջավ օպերայի հրապարակ։ Ինչ-որ բան գլխում անհանգիստ պտտվում էր։ Զգաց, որ նախ պետք է նստի, հավաքի մտքերը։ Հետո միայն հասկացավ, որ նոր, անծանոթ տպավորությունները, անհանգստության պատճառը նաև Արտակի խոսքերն էին. «Բժիշկն ասաց, որ պարտադիր վիրահատություն է պետք, բայց այս պահին ես ֆինանսապես պատրաստ չեմ դրան, բացի պետպատվերից, որոշ գումար էլի պետք է»։ Հայացքով սևեռվել էր մի կետի, չէր տեսնում, չէր լսում, չէր մտածում։
-Ապարանջանը,- ինքնաբերաբար բարձրաձայն արտասանեց, բայց իսկույն էլ ուշքի եկավ ու նայեց շուրջը։
Չէ, ոչ ոք իր կողմը չէր նայում։ Արագ թափով տեղից վեր կացավ։ Այո, ապարանջանը։ Ինքը հենց հիմա կտանի, կվաճառի ապարանջանն ու գումարը կտա Արտակին։ Հենց վաղն էլ կարող են սկսել վիրահատությունը, քանի վերքը շատ չի խորացել; Երթուղային տաքսուց իջավ ու վազելով հասավ տուն, շնչակտուր նետվեց իր սենյակը, պահած տեղից հանեց ապարանջանն ու դուրս եկավ։
Մտավ ոսկու շուկային կից փոքրիկ խանութներից մեկը, դիմեց առք ու վաճառք անող տղամարդուն։
-Ապարանջանս ուզում եմ վաճառել։
Տղամարդը ձեռքի մեջ շուռումուռ տվեց այն, խոշորացույցով նայեց, ինչ-որ բաներ ստուգեց։
-Որքա՞ն ես ուզում։
-Իսկ դուք որքա՞ն կտաք,- քիչ շփոթված հարցրեց;
-Քո՞նն է։
-Մորս է։
Տղամարդը թերահավատ ժպտաց։ Չէ, չհավատաց։
-Որքա՞ն կտաք,- հարցը կրկնեց Արուսիկը։
-Այսքան,- ու գումարի թիվը թղթի վրա գրեց տղամարդը;
-Ինչպե՜ս, այդքան քի՞չ, բայց սա...
-Այս է,- ասաց տղամարդը,- ես սա որպես զարդ չեմ գնում, այլ որպես հումք ոսկի, համաձայն չես, տար ուրիշին ցույց տուր։
Արուսիկը միայն մի պահ տատանվեց։
-Լավ, տվեք։
Գումարը վերցրեց ու արագ դուրս եկավ։
Տղամարդը չարախնդաց.
-Աստված գիտի՝ որտեղից է թռցրել։
...
Արդեն մոտենում էր Արտակենց շենքին, երբ թափով կանգ առավ։ Նայեց շուրջը, կարծես ինչ-որ մեկից օգնություն էր խնդրում, մի խոսք, մի խորհուրդ։ Գլխում ամեն ինչ խառնվել է, արդյո՞ք ճիշտ է անում։ Իրեն մեծ վտանգի է ենթարկել, գողություն արել, մեղք գործել, գողի անուն վաստակել ու հիմա գումարը ուզում է տալ մի մարդու, որին ընդամենը մեկ օր է, ինչ ճանաչում է։ Իսկ իր տան կոմունալ վարձերը մնացել են, մայրը աչքի առաջ օրեցօր հալվում է, նրան նորմալ սնունդ է պետք, իսկ դեղերն էլ վերջացել են, դեռ ոչինչ, որ Գոհարիկին էլ խոստացել է մանկական երկաթուղի տանել։ ՈՒ չգիտի նույնիսկ, թե ով է իրականում այդ Արտակը, շատ էլ, որ իրեն գեղեցկուհի անվանեց, ու սիրտն էլ սկսեց տկտկալ։ Այ, այդ տկտկոցն է զարմանալի, նախկինում երբեք նման բան չէր կատարվել, այնինչ ինչքա՜ն-ինչքան տղաներ էին իրեն սիրո խոստովանություն արել, նույնիսկ պատահել է, որ իրեն էլ դուր են եկել, բայց սրտի հետ այսպիսի բան չէր եղել։ Հիշեց Արտակի դեմքը, ծեր ու բարի տատիկին, որն էլ մեծացրել է տղային, հետո աչքի առաջ եկան Արտակենց տան կտավները, որոնց Արտակը սրբությամբ է վերաբերվում, ասում էր, հաց կհավաքի, բեռնակրի դաժան աշխատանք կանի, բայց նկարները չի վաճառի։ Բայց սպասիր, իսկ եթե հանկարծ Արտակն իմանա, թե սա ի՞նչ գումար է, որտեղից է, ի՞նչ է ասելու։
-Դուք գտա՞ք Արտակին,- առավոտվա տղան է։
-Հա, գտա, լավ չէր, բժիշկն ասում է, որ շտապ պետք է հեռացվի ոտքի երկաթը։
-Այո, իհարկե, բայց ինչու՞ չի գնում;
-Չգիտեմ, ֆինանսական հարցեր կան երևի։
-Իհարկե, Արտակը հավաքած գումարով Անժելային ինքնաթիռի տոմս առավ, էլ որտեղի՞ց ֆինանս լինի։
-Այսինքն,- զարմացած հետաքրքրվեց Արուսիկը։
-Դե, մի ամիս առաջ լուր եկավ, որ մեր ընկերներից Անժելայի ծնողները Կազանում ավտովթարի են ենթարկվել, ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց։ Էդ խեղճերն էլ նոր էին գնացել, իբր աշխատելու։ Անժելան գումար չուներ, որ գնար հասներ այդ վիճակում հայտնված ծնողներին։ Արտակն էլ իր հավաքած գումարը տարավ, Անժելային ինքնաթիռի տոմս առավ, ճանապարհեց ծնողների մոտ։ Քանի որ իր երկու ծնողներն էլ մահացել էին ավտովթարից, ինքը շատ ծանր տարավ այդ լուրը։
Արուսիկը արդեն չէր լսում տղային։
-Լավ, շնորհակալություն, դե, ես գնացի,- ասաց ու շտապ, համարյա վազելով հասավ Արտակենց տուն։ Անելիքն արդեն որոշված էր։
...
Մեկ ամիս էր անցել։ Արտակը վիրահատվել, հիվանդանոցից դուրս էր եկել, աշխատանք էր փնտրում։ Արուսիկը աշխատանքի էր ընդունվել սրճարանում, որպես մատուցողուհի։ Արտակը համարյա ամեն օր Արուսիկի մոտ էր խմում ցերեկվա սուրճը։ Ահա հիմա էլ Արտակը նստած է պատուհանի մոտ գտնվող սեղանի մոտ, ծխում է՝ մտքերի մեջ։ Արուսիկը, վերջին հաճախորդին ճանապարհելուց հետո, մոտեցավ Արտակի սեղանին։
-Ի՞նչ կա, աշխատանքը գնացիր-տեսա՞ր։
Նույն պահին սրճարան մտան երկու մարդ։ ՈՒղիղ մոտեցան Արուսիկին։
-Արուսյակ Զադոյա՞ն։
-Այո, լսում եմ ձեզ։
-Դուք պետք է մեզ հետ գաք Կենտրոնի ոստիկանության բաժին, հարցեր կան պարզելու,- տղամարդը ցույց տվեց ոստիկանի իր վկայականը։
-Ի՞նչ հարցեր կան, դուք կարող եք այստեղ պարզել,- տեղից բարձրացավ Արտակը։- Նա աշխատանքի մեջ է, չի կարող գալ։
-Կարող է շեֆին տեղյակ պահել, մեզ հետ գալ, հակառակ դեպքում բերման կենթարկենք։
-Արտակ, հանգստացիր, ես կգնամ, շուտ կվերադառնամ;- Աղջկա հանգիստ ինքնավստահությունը մի տեսակ հանգստացրեց Արտակին։
Արուսիկը երկու ոստիկանների ուղեկցությամբ նստեց ավտոմեքենա։
ՈՒշ երեկոյան Արտակը հոգնեց արդեն Արուսիկի հեռախոսին զանգելուց ու միևնույն պատասխանը լսելուց.
-Բաժանորդն անհասանելի է;
Արտակը հիշեց, որ իրենց երրորդ հարկի Հայկը ոստիկանության Կենտրոնի բաժնում է ծառայության։ Մտածեց, որ արդեն տուն եկած կլինի, բայց տանից ասացին, որ այսօր հերթապահ է, գիշերը մնալու է բաժնում։
Բաժնում Հայկը հաստատեց, որ այո, իրենց մոտ է գտնվում Արուսիկ Զադոյանը՝ գողության կասկածանքով։
-Ես կարո՞ղ եմ նրան տեսնել,- հարցրեց։
-Արտակ ջան, գիտես, որ չի կարելի, բայց որ դու ես, հինգ րոպեով տեսակցիր, բայց ոչ ավելի։
- Լավ, շնորհակալ եմ, իհարկե, քեզ հարվածի տակ չեմ դնի։
Աղջիկը կանգնել էր Արտակի առջև լուռ, գլուխը կախ։
-Արուսիկ, խոսիր, այս ի՞նչ գողության պատմություն է։ Ասա, որ սխալմունք է, դու տեղյակ չես, պատմիր, որ ես կարողանամ քեզ օգնել։
-Արտակ, հեռացիր, դու ինձ չես կարող օգնել, ես իրոք կատարել եմ այդ գողությունը,- ասաց աղջիկն ու դիմեց քիչ հեռու կանգնած Հայկին,- Ես վերջացրի, խնդրում եմ, ինձ տարեք։
Արդեն առանձնասենյակում Արտակը դիմեց Հայկին։
-Խնդրում եմ, եթե հնարավոր է, պարզիր, ի՞նչ գողություն է, ե՞րբ, որտեղից, ի՞նչ է գողացել։
Հայկը դուրս եկավ ու քիչ անց մտահոգ վերադարձավ։
-ՈՒրեմն՝ այսպես, օգոստոս ամսի քսանին Արուսյակը ոսկու շուկայից գողացել է հինգ հազար դոլլար արժողությամբ ոսկե ադամանդակուռ ապարանջան, օգոստոսի քսաներկուսին ապարանջանը ոսկու խանութում վաճառել է խանութի տիրոջը՝ ընդամենը երեք հարյուր դոլլարով, ինչը հաստատում են խանութում տեղադրված տեսախցիկի կադրերը։ Խանութի տերը ապարանջանը դնում է վաճառքի։ Օրեր անց, խանութ է մտնում ապարանջանի իսկական տերը՝ ոսկու շուկայում առևտուր անող կինը, ճանաչում է ապարանջանը, այդ մասին տեղյակ պահում ոստիկանությանը։ Ներկայացված մի քանի աղջիկների լուսանկարների մեջ առևտրական կինը հիշում է հենց Արուսիկի տեսախցիկից արված լուսանկարը, իսկ Երևանում մարդ գտնելը ոստիկանության համար որևէ դժվարություն չի ներկայացնում, ու նրան բաժին են բերել։ Դե, իսկ այստեղ աղջիկն ամեն ինչ խոստովանել է, որ ինքն է գողացել ապարանջանը։
Արտակը երկար ժամանակ լուռ էր, հետո Հայկի համար անսպասելի հանկարծ ասաց.
-Հայկ, նա այդ գումարը՝ երեք հարյուր դոլլարը, ինձ է տվել, որով էլ կատարել եմ ոտքիս վիրահատությանը։
-Ինչպե՞ս, այդ ո՞նց, դու ուրեմն գիտեի՞ր գողության մասին։
-Ո՛չ, չգիտեի,- Ու Արտակը պատմեց Արուսիկի հետ իր ծանոթության ողջ ընթացքը,- ահա, դե, կասկած կա՞, որ հենց այդ երեք հարյուր դոլլարն է նա ինձ տվել։ Հայկ, ես այս ամենը կպատմեմ քննիչին։
-Սպասիր,- սաստեց Հայկը,- բայց քեզ գուցե մեղադրեն նրա հետ համագործակցության մեջ։
-Թող մեղադրեն, ես վկաներ ունեմ, ես իրոք ոչինչ չեմ իմացել, անմեղ մարդուն ինչպե՞ս կարող են մեղադրել։ Ես դա կապացուցեմ։
-Արտակ, բարդ գործ է, բայց դու՛ գիտես, արա, ոնց ճիշտ ես գտնում, միայն թե փաստաբան պետք է վարձես։
-Կվարձեմ, արդեն աշխատանքի ընդունվեցի, պետք լինի, պապիս նկարները կվաճառեմ։
Նկարները վաճառելու Արտակի հայտարարությունը զարմացրեց Հայկին, ուրեմն տղան լուրջ է վերաբերվում գործին;
-Դե, լավ, ես քեզ մի կարգին փաստաբանի հասցե կտամ, գնա, տես, ինչ կարող եք հանել։
...
Դատարանի լիքը դահլիճում Արուսիկը իսկույն նկատեց երկրորդ շարքում կուչ եկած, մի բուռ դարձած մորը։ Սիրտը ցավից կծկվեց, նվաց, ճչաց։ Երկար ժամանակ էլ ոչ մեկի չէր կարողանում նկատել, հոսող արցունքները թույլ չէին տալիս տեսնել։ Մայրը, իր բարի, համեստ, իր տառապած մայրը, ու մաշված, կմախքացած մայրը։ Էս ի՜նչ օյին բերեց իր միակ հարազատի, իր հիվանդ մոր գլխին։ Ինքն իրեն երբեք, երբեք չի ների։ Ներիր, ներիր, մա ջան, ներիր, եթե կարող ես, եթե արժանի եմ, ներիր;
Ինչ-որ մարդիկ էին խոսում, առևտրական կինն էր խոսում, հետո ապարանջանը գնող տղամարդը ու էլի մարդիկ, նույնիսկ իր դասղեկն է այստեղ, հարևանուհին՝ շենքի համատիրության նախագահ տիկին Անուշը, նույնիսկ խոսեց ու իր մասին, տեր Աստված, ի՜նչ լավ բաներ ասաց։ Բայց վերջնական ուշքի եկավ, երբ լսեց Արտակի ձայնը, սկզբում չէր հասկանում նրա խոսքը, միայն վերջին նախադասությունները հասան գիտակցությանը։
-...Արուսիկը լավ մարդ է, նա արդեն գիտակցել էր իր սխալը, աշխատում էր, ցանկանում է շարունակել ուսումը, ընդունվել գեղարվեստի համալսարան, նկարիչ դառնալ։ Նա շատ լավ է նկարում, պարոն դատավոր, պարոնայք ատենակալներ, խնդրում եմ, մեղմ վերաբերվեք, երիտասարդ աղջիկ է, թող չկործանվի;
Հետո փաստաբանը երկար խոսեց, բայց շատ խիստ էր պետական մեղադրողի խոսքը։
-...Պատկերացնու՞մ եք, եթե ամեն մի հիվանդատեր գնա, գողություն անի, հանցագործություն կատարի, հետո արդարանա, թե հիվանդին օգնելու համար եմ արել, մեղմ մոտեցեք, ինձ պատասխանատվության մի ենթարկեք;
Այնպես որ, ես առաջարկում եմ Արուսիկ Զադոյանին դատապարտել 2 տարի 6 ամիս ազատազրկման...
Արուսիկն զգաց, որ դատարանում աղմուկ բարձրացավ։ Դատավորը պահանջում էր, որ դատարանում լռություն տիրի, հետո դատարանը գնաց խորհրդակցության, հայտարարվեց ընդմիջում։ Դահլիճում գտնվողները մոտենում էին, սիրտ տալիս, ոգևորող խոսքեր ասում, բայց ուշադրությունը մոր կողմն էր, որն այդպես էլ չկարողացավ մոտենալ աղջկան։ Դատավորն ու ատենակալները վերադարձան։ Դատարանում քար լռություն էր, բոլորը կանգնած էին։ Դատավորը խոսեց։
-...դատարանը հաշվի առնելով, որ Արուսյակ Զադոյանը առաջին անգամէ հանցանք կատարել, բացի այդ, նրա խնամքի տակ են գտնվում ծանր հիվանդ մայրն ու մահացած քրոջ անչափահաս երեխան... 800000 դրամ տուգանք...
Արուսիկը գլխապտույտ զգաց ու... գիտակցությունը կորցրեց, այլևս չլսեց շարունակությունը։ Երբ ուշքի եկավ, կողքին մայրն էր ու Արտակը։
- Ամեն ինչ լավ է,- ժպտաց Արտակը։

Դիտվել է՝ 169400

Մեկնաբանություններ