Հստակեցվում են նախագահների հնարավոր հանդիպման մանրամասները։ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ցանկություն են հայտնել հանդիպել մինչև տարեվերջ՝ Բաքվում հայտարարել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը՝ Ադրբեջանի իշխանությունների հետ հանդիպումից հետո։ Նրա խոսքով՝ հստակեցվում են նախագահների հնարավոր հանդիպման մանրամասները։ «Նախագահները պետք է ուղիներ փնտրեն հակամարտության համակողմանի կարգավորման համար, միևնույն ժամանակ քննարկեն շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումները։ Այսօր իրավիճակը արմատապես տարբերվում է այն իրավիճակից, որը կար երկու տարի առաջ։ Առաջին անգամ մենք ականատեսը եղանք շփման գծում ծանր հրետանու կիրառման, որի հետևանքով քաղաքացիական անձինք զոհվեցին։ Լարվածությունն օր օրի աճում է։ Կարծում եմ՝ շատ կարևոր է, որ նախագահները հանդիպման ժամանակ քննարկեն լարվածության աճը»,- ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվում հայտարարել է ամերիկացի համանախագահը։
Երևանում և Բաքվում հանդիպումներն ամփոփելով՝ համանախագահ ՈՒոռլիքը պատմել է, որ այդ բանակցությունների ընթացքում միջնորդները նախագահներին կոչ են արել իրենց ժողովուրդներին ոչ թե պատերազմի, այլ խաղաղության նախապատրաստել։ «Այս հակամարտության կարգավորումը սկիզբ կդնի նոր ժամանակաշրջանի և մեծ նշանակություն կունենա տարածաշրջանի զարգացման համար։ Կարծում եմ, որ մենք պարտավոր ենք հաջորդ սերունդների համար ապահովել կայուն ապագա։ Երկու ժողովուրդների միջև պետք է կապ հաստատվի, և նրանք պետք է սովորեն ապագայում կողք կողքի ապրելուն»,- վստահ է Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը՝ ընդգծելով, որ հասունացել է հակամարտության համակողմանի կարգավորման անհրաժեշտությունը՝ հանուն Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների անվտանգության։ «Ես հասկանում եմ Ադրբեջանի և Հայաստանի անհանգստությունը ղարաբաղյան հակամարտության կապակցությամբ, որովհետև ավելի քան քսան տարի է այդ հակամարտությունը չի կարգավորվում»,- ասել է նա։